«Առավոտ»-ի հարցերին պատասխանել է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Արտակ Մկրտչյանը։
–Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մարզերում այս օրերին հանդիպումներ է անցկացնում բռնի տեղահանված արցախցների հետ։ Մենք գիտենք, որ դուք եւ խորհրդի մյուս անդամները տեւական ժամանակ ՀՀ կառավարությանն առաջարկել եք լուծումներ տալ արցախցիների բարձրաձայնած խնդիրներին, անգամ հանրահավաքներ եք արել, բայց ոչ միշտ եք արձագանք ստացել կառավարությունից։ Հիմա այս հանդիպումների նպատակը ո՞րն է ըստ ձեզ։
-Այն ժամանակ, երբ մենք խնդիրների մասին բարձրաձայնում էինք, իրենք թեման փակում էին, ոչինչ չէին անում, անգամ մեզ չէին լսում։ Եվ հիմա ինչպե՞ս ստացվեց, որ ինչ-որ բան փոխվեց, կարելի է պարզ ենթադրել, որ սա կապված է առաջիկա ընտրությունների հետ։ Հիմա էլ ինչ-որ թեզ են ակտիվ շրջանառում, որ 250 մլն եվրո վարկ պետք է վերցնեն արցախցիների բնակապահովման ծրագրի համար։ Այս երկու տարի է` չեն մտածել, որ խնդիր կա, որ մարդկանց պետք է օգնել, ինչո՞ւ են բռնի տեղահանությունից երկու տարի հետո վարկ վերցնում։ Եթե պատճառն ընտրությունները չեն, ապա ի՞նչն է, ինչո՞ւ եք երկու տարի հետո վարկ վերցնում արցախցիների համար։
–Այսինքն՝ դուք չեք բացառում, որ նախընտրական փուլում կառավարությունը տարբեր նախաձեռնություններո՞վ հանդես կգա՝ փորձելով արցախցիներին իրենց կողմը ներգրավել։
Կարդացեք նաև
-Այո, միանշանակ այդպես է։ Մամուլում արդեն տեղեկություն եղավ, որ 2026թ.-ի հուլիսի 1-ից արցախցիներին կտրամադրվի վարձավճարի մասնակի փոխհատուցում։ Արցախցին այսօր է ապրում զրկանքների մեջ, ձմեռ է, մարդիկ կոմունալ վճարները, տան վարձավճարները չեն կարողանում վճարել։ Եվ ասում են՝ հուլիսի 1-ից նոր կտրամադրվի վարձավճարի մասնակի փոխհատուցում։ Ինչո՞ւ հուլիսի 1-ից, եթե դա կապված չէ ընտրությունների հետ, եթե չեն փորձում էլի արցախցուն խաբել կամ օգտագործել՝ իրենց իշխանությունը պահելու նպատակով։
–Ստեղծված իրավիճակում արցախցիներն ինչպե՞ս պետք է կողմնորոշվեն, եւ խորհուրդն ի՞նչ աշխատանք է իրականացնում, ի՞նչ եք կոչ անում մարդկանց։
-Ինչքան ընտրությունները մոտենան, այնքան շատ են շահարկելու արցախցիների հարցը։ Արցախցիները պետք է լուրջ մտածեն եւ ոչ միայն արցախցիները։ Եթե մենք ուզում ենք ինչ-որ բան փոխել, եթե ուզում ենք Հայաստանը մնա, պետք է լինենք միասնական։ Ընտրությունների ժամանակ բոլորն են խոստումներ տալիս, բայց պետք է հետեւել կոնկրետ այն ուժերին ու մարդկանց, որոնք ոչ միայն խոստումներ են տալիս, այլեւ գործողություններ են կատարում՝ թե՛ նախկինում, թե՛ այսօրվանից սկսած մինչեւ ընտրությունները։ Հիմա բոլորը դուրս կգան, կհայտարարեն, որ լավ է լինելու, բայց պետք է հետեւել ու լսել կոնկրետ այն մարդկանց, որոնք գործողություններ են իրականացնում, փորձում են Հայաստանը զարգացնել ու հզորացնել, որովհետեւ առանց հզոր ու զարգացած Հայաստանի նախ մենք չենք կարող հետ բերել հայկական Արցախը եւ նաեւ չենք կարող Հայաստանի Հանրապետությունը պահել։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































