«Մեր թիմը հրաժարվել է համակերպվել Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի կալանավորման, Հայաստանում խոսքի լռեցման փորձի հետ»,- «Իմնեմնիմի» փոդքաստի վարողներ Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի կալանավորման մեկամսյակի առիթով հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Antifake.am կայքի խմբագիր Աստղիկ Մաթեւոսյանը՝ հավելելով, որ իրենք թակում են Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական եւ միջազգային բոլոր կառույցների դռները, տորպեդահարում են նամակներով․ 40-ից ավելի նամակներ են ուղարկել միջազգային կազմակերպություններին․ «Մեր դռներ թակելը տեղ է հասել․ Եվրոպայի խորհրդի լրագրողների անվտանգության հարթակը հնչեցրել է առաջին մակարդակի կոչ-ահազանգ, որը շատ լուրջ նշանակություն ունի։ Առաջին մակարդակի ահազանգ հնչեցվում է այն դեպքում, երբ վտանգ է սպառնում լրագրողի առողջությանը, կյանքին կամ մեդիայի գոյությանն առհասարակ»։
Հարթակը ՀՀ իշխանություններից քայլեր է ակնկալում․ մեկնաբանել խուլիգանության մեղադրանքներ կիրառելու եւ գործի ընթացքում ենթադրվող «սպառնալիքների» իրավական հիմքերը, վերանայել Վազգեն Սաղաթելյանի եւ Նարեկ Սամսոնյանի կալանքի իրավաչափությունն ու անհրաժեշտությունը՝ նպատակ ունենալով ապահովել նրանց ազատումը՝ մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի պահանջներին համապատասխան, բացատրել Antifake.am-ի լրագրողական սարքավորումների առգրավման հիմքերը եւ ապահովել դրանց վերադարձը, տրամադրել տեղեկություններ քրեական վարույթի ընթացքի եւ կալանքի պայմանների վերաբերյալ։
Աստղիկ Մաթեւոսյանը մանրամասնեց՝ 2015-2025 թվականների ընթացքում այս հարթակի կողմից 23 ահազանգ է հնչեցվել, որից 19-ը եղել է այս իշխանությունների օրոք, 23 ահազանգ-կոչերից միայն 5-ն են եղել առաջին մակարդակի․ «5-ից միայն մեկը՝ Նարեկի ու Վազգենի կալանավորմանն է վերաբերել։ Մնացած բոլոր դեպքերը եղել են լրատվամիջոցների փակման, ֆիզիկական բռնության դեպք եւ այլն»։
«Նման ահազանգը խոսում է այն մասին, որ Հայաստանում խոսքի դեմ ուղղված գործընթացներ են տեղի ունենում, որոնք պարզաբանման կարիք ունեն ՀՀ իշխանությունների կողմից», – ասաց Աստղիկ Մաթևոսյանը՝ հավելելով, որ այս գործը միայն Նարեկի ու Վազգենի մասին չէ, սա ուղերձ է բոլոր լրագրողներին։
Կարդացեք նաև
Նարեկ Սամսոնյանի կինը՝ Լուսինե Առաքելյանն էլ հավելեց՝ ամենավատն այն է, որ Նարեկին ու Վազգենին փորձում են ներկայացնել իբրեւ խուլիգաններ։ Նա պատկերավոր համեմատություն արեց․ «Այս իշխանություններին հատուկ է՝ իրենք կեղտոտ հագուստով դուրս են գալիս փողոց՝ դիմացինին ասում՝ հագուստդ կեղտոտ է»։ Տղաների հետ կատարվածն այս իշխանությանը հատուկ է, որն իրեն չի զարմացնում, անձնապես չի նեղացնում, պարզապես ուզում է հասկանալ՝ որքա՞ն է այս իշխանությունն այսպես ձգելու, որքա՞ն են իշխանության արեւմտյան գործընկերները նրանց ձեռքը սեղմելու, գումարով ապահովելու նրանց՝ հանուն ՌԴ-ի դեմ գործելու, եւ որքան են իշխանության հետ ոչ հաշտ անձանց «ռուսի շպիոն» անվանելու։
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































