ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանի ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանը չի հերքում տեղեկությունը, թե Հակոբյանին ծեծած տղամարդիկ ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի՝ «Թոխմախի Մհերի» դստեր մեքենայով տեղափոխվել են Սեդրակյանի գազալցակայան:
«Ես սահմանափակված եմ նախաքննության գաղտնիությամբ, հետեւաբար՝ այդ տեղեկությունները ոչ հաստատում եմ, ոչ հերքում: Այսինքն՝ չհաստատելը չի նշանակում, որ հերքում եմ, իսկ չհերքելը չի նշանակում, որ հաստատում եմ»,- ասաց Ռուբեն Մելիքյանը:
Մելիքյանը հիշեցրեց իր ավելի վաղ ասածները, որ քննչական լայնածավալ աշխատանք է կատարվել. «Մենք տեղեկացած ենք, որ մարդիկ են ձերբակալվել եւ տեղեկացել ենք, որ դատարանը մերժել է նրանց նկատմամբ կալանքի միջնորդությունը: Մեզ համար դատարանի որոշումներն առնվազն անհասկանալի են: Այդ մարդկանց առաջադրվել է խուլիգանության հոդվածի երկրորդ մասով մեղադրանք եւ անհասկանալի է, թե ինչպես է ստացվում, որ օրը ցերեկով մարդուն ծեծում են, խուլիգանության մեղադրանքով կալանքը մերժվում է, բայց մարդիկ կան, որ եթերում «հետույք» բառն են ասում, նույն խուլիգանության հոդվածով կալանքը կիրառվում է: Մեզ համար անհասկանալի է նաեւ, թե վարույթ իրականացնող մարմինը ծեծի շարժառիթի մասին ինչպես որեւէ տեղեկություն չունի, մեզ ասել են, որ այս պահին չի հաջողվել պարզել»:
Մելիքյանի խոսքով՝ Միհրան Հակոբյանի ու իրեն ծեծողների միջեւ առերեսում չի եղել, ինչը իրենք բացասական չեն գնահատում. «Մենք այդպիսի պահանջ չենք ներկայացրել, վարույթ իրականացնող մարմնի հայեցողությանն ենք թողել՝ հաշվի առնելով, որ մինչեւ այս պահը տեսել ենք պատշաճ ջանասիրություն վարույթ իրականացնող մարմնի կողմից»:
Կարդացեք նաև
Ռուբեն Մելիքյանից հետաքրքրվեցինք՝ կասկածելի չե՞ն համարում, վարույթ իրականացնող մարմնի պատշաճ ջանասիրությունը ընդդիմադիր գործչի գործով, ի պատասխան ասաց. «Կատակով ասեմ՝ մենք ուզում ենք հասկանալ՝ որտեղ են ուզում մեզ գցել»:
Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների՝ Հակոբյանի ծեծողներից մեկը ծեծից հետո կապ է հաստատել Ազգային ժողովի ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի վարորդի հետ։ Նա էլ զանգահարել է Սեդրակյանի մեկ այլ վարորդի, որն էլ Հակոբյանին ծեծի ենթարկած տղամարդկանց Սեդրակյանի դստերը պատկանող ավտոմեքենայով տեղափոխել է Թոխմախում գտնվող Մհեր Սեդրակյանին պատկանող գազալցակայան։
Ռուբեն Մելիքյանը որեւէ կերպ չմեկնաբանեց այս տեղեկությունը, նաեւ այն, որ Միհրան Հակոբյանի ծեծը պայմանավորված է ԱԱԾ պետի ու գլխավոր դատախազի ինտիմ կապին վերաբերող Հակոբյանի գրառմամբ, որը միանգամից ջնջվել է: Նա նաեւ չմեկնաբանեց մամուլում հայտնված մեկ այլ տեղեկություն, որ Մհեր Սեդրակյանը սերտ հարաբերություններ ունի ԱԱԾ պետի հետ, եւ Միհրան Հակոբյանի ծեծը ԱԱԾ պետի պատվերով իրականացվել է հենց Մհեր Սեդրակյանի շրջանակը:
«Միհրան Հակոբյանի նկատմամբ այս բռնարարքը բացառապես քաղաքական շարժառիթ ունի, դրանում մենք վստահ ենք: Մնացածի մասով ոչինչ չեմ կարող ասել, այդ թվում՝ Մհեր Սեդրակյանի մասով»:
Ռուբեն Մելիքյանից նաեւ հետաքրքրվեցինք, ինչու այդ աղմակահարույց գրառումը Միհրան Հակոբյանը արագ ջնջեց համացանցից, սո՞ւտ էր, թե՞ իրեն սպառնացել էին, ի պատասխան նա հռետորական հարցեր տվեց. «Այդ գրառումը ո՞վ է տեսել Միհրան Հակոբյանի էջում ու երբ: Հռետորական հարց է սա: Այլ բան չունեմ ասելու: Այլ մեկնաբանություն չունեմ: Եթե նույնիսկ գրառում եղել է, քանի՞ րոպե է մնացել համացանցում, առհասարակ արդյոք շատ չե՞ք կենտրոնանում այդ գրառման հետ կապված հարցերի վրա: Հարցադրումներ եմ ընդամենն անում, արդյոք չպետք է հարցին ավելի լայն նայել ու մտածել, որ նույնիսկ, եթե գրառում է արվել ու պաշտոնյաների անձնական կյանքի վերաբերյալ հարցեր են քննարկվել, արդյոք այդ պաշտոնյաներին ձեռնտո՞ւ էր, որ այդ հարցը այսքան շահարկվեր: Եթե առաջ ենթադրյալ գրառումը 10 հոգի է տեսել, հիմա ամբողջ հանրապետությունը դրա մասին է խոսում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































