Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան Ադրբեջանում ԵՄ դեսպան Մարիանա Կույունջիչին ներկայացրել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը: Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ կողմերը Բաքվում բանակցություններ են վարել, մասնավորապես, մտքերի փոխանակում է տեղի ունեցել Ադրբեջանի և Եվրամիության միջև հարաբերությունների վերաբերյալ։
«Գոհունակություն է հայտնվել 2025 թվականի ընթացքում շփումների, փոխադարձ այցելությունների և հանդիպումների դրական դինամիկայի կապակցությամբ, ինչպես նաև նշվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ հանդիպումների կարևորությունը՝ երկկողմ օրակարգի տարբեր ասպեկտների քննարկման առումով»,- ասված է հաղորդագրության մեջ։
Մարիանա Կույունջիչը շնորհավորել է Ադրբեջանին Հայաստանի հետ խաղաղության հասնելու գործում ունեցած նվաճումների համար՝ այն անվանելով պատմական իրադարձություն։ Նա նշել է, որ խաղաղության գործընթացում առաջընթացը նշանակալի է ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ մայրցամաքի և ամբողջ աշխարհի համար։
Գաֆարովան ԵՄ դիվանագետին ներկայացրել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը, այդ թվում՝ խորհրդարանների միջև վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումները։ Այս համատեքստում նա շոշափել է մտահոգություններ առաջացնող պահերը «ԵՄ-Հայաստան գործընկերության ռազմավարական օրակարգ» փաստաթղթում՝ հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի տեսանկյունից։
Կարդացեք նաև
Անդրադառնալով «Եվրախորհրդարանի հակաադրբեջանական բանաձևերին՝ Սահիբա Գաֆարովան նշել է, թե տարածաշրջանային ներկայիս իրողությունները և Բաքվի ու Երևանի միջև խաղաղության գործընթացում ձեռք բերված հաջողությունները կրկին ցույց են տալիս այդ փաստաթղթերի կողմնակալությունը» ։


















































