Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդեմ Երևանի պետական համալսարանի

Դեկտեմբեր 18,2025 13:30

Օգոստոսի 25-ին Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան (նախագահող դատավոր՝ Հ. Ջալալյան) է դիմել Խաչիկ Աբաջյանն ընդդեմ «Երեւանի պետական համալսարան» հիմնադրամի` «Երեւանի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի 10.07.2025 թ. թիվ 128/53-Ա հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքին վերականգնելու, հարկադիր պարապուրդի գումար բռնագանձելու պահանջների մասին հայցապահանջով։

Հոկտեմբերի 24-ին դատարանը որոշել է՝ հայցվորի ներկայացուցիչ Ս.Մադաթյանի միջնորդությունը՝ հայցի առարկայի փոփոխություն թույլատրելու վերաբերյալ, բավարարել։

Թույլատրվել է թիվ ԵԴ2/8579/02/25 քաղաքացիական գործով հայցի առարկայի փոփոխությունը՝ միջորդության մեջ նշված փոփոխությամբ: Այն է՝ «Հայցվոր Խաչիկ Աբաջյանին վերականգնել նախկին աշխատանքում, իսկ դրա անհնարինության դեպքում պատասխանող «Երեւանի պետական համալսարան» հիմնադրամից հօգուտ հայցվոր Խաչիկ Աբաջյանի բռնագանձել միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով հատուցում»:

Նոյեմբերի 11-ին նշանակվել էր նախնական դատական նիստ։

Այդ նիստի ժամանակ քննարկվել է «ապացուցման պարտականությունը բաշխվելու մասին» հարցը, որոշվել. «Սահմանել գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, գործին մասնակցող յուրաքանչյուր անձի վրա դրված ապացուցման պարտականությունը, գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ եւ դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը.

2.1. 1) Խաչիկ Աբաջյանի եւ «Երեւանի պետական համալսարան» հիմնադրամի միջեւ անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքված լինելու փաստը (ապացուցման բեռը կրում է հայցվոր կողմը),

2) Խաչիկ Աբաջյանի եւ «Երեւանի պետական համալսարան» հիմնադրամի միջեւ աշխատանքային հարաբերությունների դադարման փաստը (ապացուցման բեռը կրում է հայցվոր կողմը),

3) Վիճարկվող հրամանի հիմքում ընկած, ինչպես նաեւ հրամանի ընդունման օրենքով, այլ նորմատիվ կամ գործատուի ներքին իրավական ակտերով սահմանված կարգը պահպանված լինելու փաստերը՝

3.1) Հրամանում համապատասխանաբար աշխատանքային պայմանագիրը լուծելու փաստական եւ իրավական հիմքերի նշված լինելու փաստը (ապացուցման բեռը կրում է պատասխանող կողմը),

3.2) Աշխատանքային պայմանագիրը լուծելու օրենքով, այլ նորմատիվ կամ գործատուի ներքին իրավական ակտով սահմանված կարգը պահպանված լինելու փաստը (ապացուցման բեռը կրում է պատասխանող կողմը),

4) Խաչիկ Աբաջյանի հետ աշխատանքային պայմանագրի լուծումը աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման եւ/կամ արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված լինելու եւ այդ հանգամանքները հայցվոր Խաչիկ Աբաջյանի հաստիքի կրճատմանը հանգեցնելու փաստերի առկայությունը (ապացուցման բեռը կրում է պատասխանող կողմը)։

Այն, որ գործատու «Երեւանի պետական համալսարան» հիմնադրամը իր մոտ առկա հնարավորությունների սահմաններում աշխատողին առաջարկել է նրա մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք, իսկ աշխատողը հրաժարվել է առաջարկված աշխատանքից կամ գործատու «Երեւանի պետական համալսարան» հիմնադրամի մոտ բացակայել են հայցվոր Խաչիկ Աբաջյանին` նրա մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք առաջարկելու հնարավորությունները, ապացուցման բեռը դրվել է պատասխանող կողմի վրա։

Հայցվոր Խաչիկ Աբաջյանին նախկին աշխատանքում վերականգնելու անհնարինության փաստը՝ ապացուցման բեռը կրում է պատասխանող կողմը»։

Սահմանվել է գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ եւ դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ (բացառությամբ վիճարկվող անհատական իրավական ակտի իրավաչափությունը հիմնավորող ապացույցների) ներկայացնելու ժամկետ մինչեւ 10.12.2025 թվականը ներառյալ:

Որոշումը եռօրյա ժամկետում պատշաճ ձեւով կուղարկվի գործին մասնակցող անձանց։

Հաջորդ նախնական դատական նիստը նշանակվել է դեկտեմբերի 17-ին։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.12.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031