Զրուցել ենք «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի հետ:
– Արդեն մի քանի օր է՝ մեր հանրությունը, որը, ի դեպ, ընթերցասիրությամբ աչքի չի ընկնում, սուր քննադատությունների է ենթարկում քանդակագործ Լեւոն Թոքմաջյանին՝ Պարույր Սեւակի արձանը ոչ այնքան գեղեցիկ կերտելու համար: Անգամ բանաստեղծի ընտանիքի անդամներն են հայտարարում, որ արձանը տգեղ է: Ի վերջո, Զանգակատուն գյուղում հարցը քվեարկության է դրվել, եւ արդյունքում արձանն ապամոնտաժելու որոշում է կայացվել: Ի՞նչ կարծիք ունեք հայտնի արձանի մասին:
– Խնդիրն այն չէ, թե ով է հավանում արձանը կամ ով չի հավանում: Ես կարող եմ չհավանել, մեկ ուրիշը կարող է հավանել: Տարիներ առաջ Օպերայի բակում տեղադրվեց Ա. Բաբաջանյանի արձանը: Առաջին տարբերակում Բաբաջանյանի մատները երկար էին, անհամաչափ: Բողոքներ եղան, եւ հեղինակը ստիպված եղավ վերանայումներ անել: Փարիզում 1800-ականներին Օգյուստ Ռոդենը քանդակեց Բալզակի արձանը: Փարիզը խիստ քննադատեց նրան, որ այլանդակել է Բալզակին, եւ այսպես շարունակ: Այդ արձանը, որն այդպես էլ չընդունվեց, հետագայում տեղափոխվեց Ռոդենի թանգարան: Այսօր միլիոնավոր մարդիկ գնում են Ռոդենի թանգարան՝ այդ արձանը տեսնելու, եւ ոչ մեկը չի գնում Փարիզի կենտրոնում տեղադրված արձանի հետեւից: Ասածս այն է, որ ճաշակը կարող է տարբեր լինել, ժամանակները փոխվում են, եւ չես կարող ասել, թե տարիներ անց ինչ կլինի: Ես կուզեմ այլ բանի մասին խոսել. ո՞վ է այն մարդը, որ որոշում է կայացրել, որ Զանգակատուն գյուղում պետք է արձան տեղադրել: Պետք է այստեղից սկսել: Հայաստանն արձանակոխ են արել: Երկրորդ մասիվի պուրակում քաոս է: Ով որտեղ ինչ անճաշակ ու տգեղ արձան է տեսել, հավաքել, բերել է այդտեղ: Ամեն քայլափոխի արձան է: Ի՞նչ է նշանակում արձան: Արձանը գերեզմանի նման բան է: Գերեզմանաքար է` մարդու, երեւույթի հիշատակի համար: Տեղադրում են, որ հիշեն տվյալ մարդուն: Մի փոքրիկ Հայաստան, այսքան գերեզմա՞ն: Սեւակի արձա՞նն էին ուզում դնել, թող այնպես անեին, որ նախ այդ գյուղում բոլորը Սեւակ կարդային: Դա՞ կլիներ ավելի մեծ հուշ եւ շնորհակալություն Սեւակին, թե՞ այդ քարի կտորը: Ասածս այն է, որ հարցը միայն ճաշակի մեջ չէ: Ինչո՞ւ են մեր երկիրը վերածում գերեզմանոցի, առանց այդ էլ ապրելու տեղ չկա: Որ կողմ նայում ես, գերեզմանատներ են: Հայաստանում որ կողմ նայում ես, գերեզման է, լավ ապրելու համար չե՞ք մտածում: Կողբ հիմնադրամի հետ որոշել էինք տեղի արվեստի դպրոցն անվանակոչել Տիգրան Մանսուրյանի անունով: Լիքը մարդիկ ասում էին` ո՞նց, նա ողջ է: Ասում էի` ժողովուրդ, ձեր մտքով չի՞ անցնում, որ մարդուն պետք է շնորհակալություն ասել իր կենդանության օրոք: Մեռնելուց հետո ինչ կանեք, դա այնքան էլ էական չէ: Ինչո՞ւ են ուզում, որ «գնա մեռի, արի սիրեմ»-ը գերակշռի ամենուր, այն էլ` քարով:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































