Լրահոս
Օրվա լրահոսը

Անհնար է արցախցիների վերադարձի հարցը եւ «հորինված ինչ-որ Արեւմտյան Ադրբեջանի հարցը» միեւնույն հարթության մեջ դիտարկելը․ Սամվել Շահրամանյան

Դեկտեմբեր 18,2025 12:38

«Հենց այդ հարցերը մենք բարձրացնում ենք՝ մեզ մեղադրում են ռեւանշիզմի, պատերազմի հրահրման մեջ․ ես ուզում եմ, որ բոլորի համար պարզ լինի՝ ինչպես արցախցիներն են ցանկանում խաղաղություն․․․ երեւի դրա գինը ոչ ոք այդքան լավ չգիտի, ինչքան արցախցիները»,- զինվորական քննչական կոմիտեում հարցաքննությունից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի հանրապետության նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը՝ հավելելով, որ արցախցիների վերադարձի հարցը միջազգային իրավունքի հարց է։

Նա հիշեցրեց՝ ինքը կողմ է արտահայտվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին, հավելեց՝ դրան դեմ լինել անհնար է, մանավանդ մարդը, որը տեսել է պատերազմի հետեւանքները, չի կարող խաղաղությանը դեմ լինել։ Միաժամանակ ինքն անհնար է համարում արցախցիների վերադարձի հարցը եւ «հորինված ինչ-որ Արեւմտյան Ադրբեջանի հարցը» միեւնույն հարթության մեջ դիտարկելը, ինչն անում է ՀՀ իշխանությունը։

Սամվել Շահրամանյանը հայտարարեց՝ իրականությանը չեն համապատասխանում հայտարարությունները, թե ՀՀ-ն երբեք չի ճանաչել Արցախի անկախությունը․ «ՀՀ երբեւէ եղած իշխանությունները, այդ թվում գործող իշխանությունը, տարբեր հարթակներում փաստացի ճանաչել են Արցախը, որպես անկախ պետություն։ Ունեցել ենք միջպետական պայմանագրեր, տարբեր հարթակներում համագործակցություն է տեղի ունեցել։ Ներկա իշխանության ներկայացուցիչները մասնակցել են Արցախի նախագահի 2020 թվականի երդմնակալությանը․․․ եւ հիմա, երբ ասում են՝ չենք ճանաչել Արցախը, դա չի համապատասխանում իրականությանը»։

Թե ի՞նչն է պատճառը, որ ՀՀ գործող իշխանությունն այժմ հրաժարվում է իր դիրքորոշումներից, Սամվել Շահրամանյանը հորդորեց հարցնել նրանց։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031