«Ես ունեմ հիմնավոր կասկածներ, որ Հայաստանի կառավարությունը ոչ միայն չի անում իր պարտականությունները այս ընտանիքների հետ կապված, այլեւ խոչընդոտում է նրանց գործունեությունը»,- լրագրողների հետ զրույցում նշեց «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, որը մասնակցում էր կառավարության շենքի առաջ անհետ կորած զինծառայողների ծնողների բողոքի ցույցին:
«Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հայտնվելը Բաքվի բանտում ընդհանրապես մշուշի ներքո է, բայց այս պահին կխոսեմ բենզալցակայանի պայթյունից հետո 22 անհետ կորած մարդկանց մասին…Չի լինում, որ մարդ անհետ չքանա…Գոյություն ունի ՄԱԿ-ի բռնի անհետացած անձանց իրավունքների պաշտպանության կոմիտե, եւ հստակ գիտեմ, որ ՀՀ կառավարությունն այդ կոմիտեին չի դիմել: Չի լինում այդպիսի բան, որ 22 հոգի «հօդս ցնդեն»… Դա նշանակում է, որ ՀՀ կառավարությունն անգամ չի դիմում միջազգային այն մարմիններին, որոնք կարող են այդ հարցում գոնե ինչ-որ բան անել: Մյուսն այն է, որ անհետ կորածների ծնողներն ունեն իրավունք՝ իրազեկված լինել այն ամենի մասին, ինչ արվում է…»,-ասաց տիկին Ալավերդյանը:
Կառավարության ներկայացուցիչը մոտենալով ցույցի մասնակից ծնողներին՝ ի թիվս այլնի ասաց, որ կատարվում են քննչական գործողություններ, որոնց մասին ոչ թե ինքը պետք է խոսի, այլ քննչական կոմիտեն: Հավելեց, որ ներկա պահին որոնողական աշխատանքներ չեն կատարվում:
Կարդացեք նաև
Անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ցույցն ամբողջությամբ
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































