ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանի գլխավորությամբ կայացել է հերթական աշխատանքային քննարկումը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ։
Հանդիպմանը քննարկվել են ՄԻՊ աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի ստորաբաժանման կողմից 2025 թվականի սեպտեմբերին և հոկտեմբերին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում իրականացված մշտադիտարկումների ընթացքում արձանագրված խնդիրները։
Քրեակատարողական ծառայությունը ներկայացրել է ներքին քննարկումների արդյունքում արդեն իսկ լուծումներ ստացած հարցերը, ինչպես նաև պարզաբանել մի շարք խնդիրների առաջացման հանգամանքները և լուծման հնարավորությունները։ Միևնույն ժամանակ համատեղ քննարկվել են հիմնարկում իրականացվող որոշ գործընթացների լավարկման առավել արդյունավետ և գործնական ուղիները։
Ծովինար Թադևոսյանը մեկ անգամ ևս ընդգծել է անմիջական և շարունակական քննարկումների կարևորությունը խնդիրների համակողմանի դիտարկման և միասնական լուծումների ձևավորման տեսանկյունից։
Կարդացեք նաև
Իր հերթին ՄԻՊ աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը պատրաստակամություն է հայտնել շարունակել արդեն ավանդույթ դարձած անմիջական քննարկումների ձևաչափը խնդիրներին առավել հրատապ և օպտիմալ լուծումներ տալու նպատակով։
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

















































