Այսօրվա ասուլիսում «Առավոտ»-ը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին՝ ինչո՞ւ է Ադրբեջանի ցեղասպան գործողությունների մասին բարձրաձայնելու փոխարեն՝ արցախցիների վերադարձի հարցը փակում եւ այն իջեցնում ադրբեջանական կեղծ թեզերի մակարդակի հարցերի։
Հայտնի փաստ է, որ Ադրբեջանը ցեղասպանական գործողություններ է իրականացրել Արցախում։
Տարբեր մասնագետներ, նաեւ «Միասնության թեւեր» շարժման առաջնորդ Արման Թաթոյանը բարձրաձայնում են այն հարցը, թե ինչո՞ւ ՀՀ իշխանությունները չեն դիմում Միջազգային քրեական դատարան Ադրբեջանին պատժելու պահանջով։
Հարցին, ու եթե այդ ուղղությամբ քայլեր չի անում, արդյոք նպաստում է Բաքվի վարչակազմի հանցագործությունների կոծկմանը, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Մեր ընթացիկ քաղաքականությունների հիմքում մեր պատմության վերլուծությունն է։ Եվ այն, ինչ դուք ասում եք, որ մասնագետները խոսում են, այդ ճանապարհը մի ճանապարհ է, որը մեզ դնելու է մի վիճակում, որ մենք Խրիմյան Հայրիկի նման թղթե շերեփն առած՝ ընկնենք դռնեդուռ եւ մեծ ու փոքր տերությունների առաջ լացուկոծով զբաղվենք, որը կբերի ինչի՞, որ բոլորը մեզ կօգտագործեն սեփական նպատակների համար։ Այսինքն՝ այն ճանապարհը, որը դուք ասում եք, դա հայ ժողովրդի եւ Հայաստանի մանրադրամացման ճանապարհն է միջազգային քաղաքականության ու դիվանագիտության մեջ։ Մենք պետք է մեր սխալներից դասեր քաղենք, որովհետեւ դա մի ճանապարհ է, որը հայ ժողովրդին հարատեւությամբ դատապարտում է նահատակի եւ գոյատեւողի ճակատագրի»,- ասաց Փաշինյանը։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Նա հավելեց. «Հիմա մենք կարող ենք ասել՝ Ղարաբաղի ժողովրդի վերադարձի օրակարգ ենք որդեգրում, ո՞վ է դրանից շահելու, Ղարաբաղի ժողովուրդը դրանից շահելո՞ւ է։ Դուք գիտե՞ք ինչ եք ասում, ասում եք՝ եկեք Ղարաբաղի ժողովրդին հավիտյան դատապարտենք պանդուխտի կարգավիճակի, որ իրենք չիմանան՝ որտեղ են ապրելու, կա՞ հասցե, թե՞ չկա։ Ես ասում եմ՝ այո, կա հասցե եւ այդ հասցեն Հայաստանի Հանրապետությունն է՝ իր միջազգայնորեն ճանաչված տարածքով»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































