Լրահոս
Օրվա լրահոսը

«Ողջ պետական ռեսուրսը ծառայեցվեց մի մարդու ցնորքի, ինքնահաստատման համար». Րաֆֆի Հովհաննիսյան

Դեկտեմբեր 18,2025 17:02

«Երկրաշարժից այս կողմ՝ հատկապես այս տարվա սեպտեմբերի 7-ից հետո, ողջ պետական ռեսուրսը ծառայեցվեց մի մարդու ցնորքի, պատրանքի և ինքնահաստատման համար»,- Էջմիածնում լրագրողների հետ զրույցում ասաց Ժառանգություն կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը։

Ըստ նրա՝ պատկերը, որ Էջմիածնում տեսնում ենք, երբ ժողովրդի մի մասը պահանջում է Կաթողիկոսի հեռացումը, մյուսը՝ պաշտպանում, ցույց է տալիս, թե ինչու ենք մենք որպես պետություն առայժմ տապալվել, ձախողվել․ «Այս իշխանությունն է մեզ բերել այն վիճակին, որ այսօր նույն ժողովրդի մասնիկները կանգնած են դեմ դիմաց․ մեկը բերված է, մյուսը՝ եկել է սկզբունք պաշտպանելու համար։ Այն մարդը, որ այսօր հրաժարական է պահանջում, իրավունք ունի դա անելու, բայց նախ ինքն է պարտավոր հրաժարական տալ իր անցած ուղու, իր հետագծի համար։ Դա վերաբերում է թե՛ երկրի գլխավոր ղեկավարին, թե՛ նրան ծառայող որոշ անձանց, այդ թվում՝ ցավոք սրտի, որոշ սրբազանների։ Նախ` թող իրենք հրաժարական տան, հետո նոր պահանջեն դա ուրիշներից։ Եթե հայրենիքի, եկեղեցու և ժողովրդի շահն է պահանջում, բոլորը միասին պետք է հեռանան, որպեսզի մեր երկիրը վերանորոգվի, բայց ոչ միակողմանի, ոչ իրար դեմ կանգնեցնելով ժողովրդին և ոչ էլ առանց իրավասության՝ մոռանալով սեփական վարքը, սեփական բարեվարքությունը, քար նետելով դիմացի կողմի վրա։

Այո՛, եղել են սխալներ․ կաթողիկոսը, սրբազանները սխալվել են տարբեր ժամանակներում և տարբեր չափումներով, բայց խոսքը անձնականի մասին չէ։ Նախ յուրաքանչյուրը թող իր անձնականը կարգավորի, ապաշխարի, եթե պետք է։

Միևնույն ժամանակ պետք է արձանագրել, որ բոլոր իշխանությունների օրոք փորձ է արվել ազդել եկեղեցու վրա, և եկեղեցին էլ իր հերթին դիրքորոշում է հայտնել գործող իշխանության նկատմամբ։ Սա սխալ է եղել, և հենց դա էլ մեզ բերել է այսօրվա վիճակին։ Այսօր մենք ունենք հնարավորություն՝ այս գրեթե դժոխային իրավիճակում վերջապես տեսնելու եկեղեցու և պետության իրական տարանջատումը, եթե կարողանանք գործել ճշգրիտ, առանց հատվածապաշտության։ Բայց քանի դեռ այս մարդը իշխանության է իր նպատակներով, մենք շարունակելու ենք ունենալ նման տեսարաններ։ Փոխանակ պետական ապարատը, ոստիկանությունը և համապատասխան մարմինները պաշտպանեն սահմանը, քաղաքացու իրավունքները և անվտանգությունը, այսօր նրանք կենտրոնացած են Մայր Աթոռի շուրջ»։

Հավաքն ամբողջությամբ տեսանյութում

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031