Լրահոս
Օրվա լրահոսը

10 եպիսկոպոսները կատարում են Փաշինյանի պահանջը. Իշխան Սաղաթելյան

Դեկտեմբեր 18,2025 17:44

«Այստեղ ենք՝ ի աջակցություն Հայոց Հայրապետին, Սուրբ Էջմիածնին և Մայր Աթոռին։ Մեր ներկայությամբ զորակցություն ենք հայտնում մեր եկեղեցուն, որն այսօր հարվածի տակ է տիրադավների և այս խամաճիկ իշխանության դավաճանների կողմից»,- Մայր Աթոռի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մայր Աթոռի բակում երկու հակընդդեմ ցույց է անցկացվում՝ մեկը 10 եպիսկոպոսների հորդորով Կաթողիկոսին հանգստի կոչելու, մյուս հատվածն ի պաշտպանություն կաթողիկոսի է հավաքվել։

Ըստ Իշխան Սաղաթելյանի՝ Մայր Աթոռի տարածքում կենտրոնացած հազարավոր ոստիկաններ կան, հնարավոր սադրանքների սպասումներ, սակայն վստահեցրեց՝ իրենց ու իրենց աջակիցների կողմից որևէ սադրանք կամ քայլ չի լինելու․ «Մենք լավ գիտակցում ենք, որ իրենց նպատակներից մեկն էլ հենց սա է՝ սադրանքների միջոցով լեգիտիմացնել այս ուժերի կուտակումը Մայր Աթոռի տարածքում, բայց մենք այդ սցենարին չենք գնալու։

Տեսե՞լ եք իշխանության մեղադրանքները․ ամիսներ շարունակ մեզ մեղադրում էին եկեղեցու ներքին գործերին խառնվելու մեջ, իսկ հիմա ասում են՝ դուք եք խառնվում եկեղեցու ներքին գործերին։ Տասը եպիսկոպոսների հայտարարությունից հետո իշխանությունը պնդում է, թե այդ եպիսկոպոսները, այսպես կոչված, կատարում են Նիկոլ Փաշինյանի պահանջը և նրա հրահանգով են գտնվում այս տարածքում, իսկ այստեղ իբր եկեղեցու միջամտության խնդիր չկա»։

 

Լրագրողների դիտարկմանը՝ Վեհափառի՝ հրաժարականի վերաբերյալ իշխանական պահանջի համար հատուկ «Բարենորոգման» հարթակ էր ձևավորվել, որտեղ քաղաքացիները պետք է քվեարկեին, և ընդամենը 424 քաղաքացի է քվեարկել կողմ ու հարցին՝ հաշվի առնելով այս սահմանափակ աջակցությունը, հանրային վերաբերմունքը և նաև տասը եպիսկոպոսների թվաքանակը՝ որքանո՞վ է լեգիտիմ այս փոքրաթիվ աջակցությամբ պարտադրելու փորձ անել, որ Վեհափառը հրաժարական տա, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց․ «Որևէ լեգիտիմություն չկա։ Սա ՀՀ թշնամիների պահանջն է, որը փորձում է իրականացնել Նիկոլ Փաշինյանը։ Ամեն ինչ շատ պարզ է․ պետք է հասկանալ, թե ինչու է այսօր հալածվում Հայ առաքելական սուրբ եկեղեցին։ Այն հալածվում է, որովհետև մեր ժողովրդի ինքնության հիմնական հենասյունն է, որովհետև Արցախի հարցով խոսել է միջազգային տարբեր հարթակներում, բարձրաձայնել է հայկական մշակութային ժառանգության ոչնչացման մասին և չի ենթարկվում այսօրվա չարիքի իշխանությանը։ Այս հանգամանքներից ելնելով էլ սկսվել է արշավը Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ, որն իրականում հանրային աջակցություն չունի, և մեր հայրենակիցների այսօրվա մասնակցությունն էլ հենց դա է ապացուցում»։

Իշխան Սաղաթելյանը ահազանգեց՝ հայ ժողովրդի նկատմամբ իրականացվում է ապազգայնացման ծրագիր՝ պայքար հայկական ինքնության, հայկական մշակութային ժառանգության, մեր հավատքի և մեր եկեղեցու դեմ։ Այս մարդկանց միակ նպատակը մեր ազգային՝ 1700-ամյա ինստիտուտը վարկաբեկելն է, թուլացնելը, նրա դերակատարությունը նվազեցնելը․ «Մենք այդ սադրանքներին չենք տրվելու։ Ցույց ենք տալու, որ կանգնած ենք Հայոց Հայրապետի և եկեղեցու կողքին, ամուր ենք մեր դիրքերում և թույլ չենք տալու, որ այս սադրանքները կյանքի կոչվեն»։

Ուղիղ միացումը Մայր Աթոռի բակից ամբողջությամբ՝ տեսանյութում

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031