Որպես արտոնագրված հաշտարար օրերս ունեցա մի գործ, որով հնարավոր եղավ հասնել ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԿՆՔՄԱՆ: Այս առումով հաշտարարությունն ունի մի շարք առավելություններ՝ ինչպես ժամանակի ու միջոցների խնայողություն, այնպես էլ գաղտնիության եւ կողմերի միջեւ կառուցողական հարաբերությունների պահպանում:
Հաշտարարության գործընթացը հնարավորություն է տվել կողմերին՝
- լսել եւ հասկանալ միմյանց դիրքորոշումները,
- խուսափել երկարատեւ եւ ծախսատար դատական գործընթացներից,
- հասնել փոխընդունելի լուծման՝ պահպանելով գաղտնիությունը եւ փոխադարձ հարգանքը։
Կնքված հաշտության համաձայնությունը ոչ միայն իրավական փաստաթուղթ է, այլեւ արդյունավետ համագործակցության եւ պատասխանատու երկխոսության արդյունք։ Այն վկայում է, որ հաշտարարության միջոցով հնարավոր է ընտանեկան վեճերը կարգավորել արագ, արդյունավետ եւ առավել մարդակենտրոն մոտեցմամբ։
Չնայած այն հանգամանքին, որ հաշտարարությունը համեմատաբար նոր իրողություն է Հայաստանում, այնուհանդերձ, այն շարունակում է հաստատվել որպես ժամանակակից եւ վստահելի մեխանիզմ ընտանեկան վեճերի լուծման համար՝ նպաստելով սոցիալական կայունությանը եւ առողջ հարաբերությունների պահպանմանը։ Սրան զուգահեռ, ընդլայնվում է նաեւ այն վեճերի շրջանակը, որը կարող է լուծվել հաշտարարությամբ:
Կարդացեք նաև
Նշեմ, որ 2025 թ. հուլիսի 1-ից ՀՀ-ում հաշտարարությունը պարտադիր է ընտանեկան որոշ վեճերի լուծման համար:
Պետք է նկատի առնել, որ հաշտարարները դատավորներ չեն, այլ հատուկ մասնագիտական հմտություններ ունեցող անաչառ միջնորդներ, որոնք չեն կայացնում որոշում կողմերի փոխարեն, այլ օգնում են կողմերին միասին գտնել փոխադարձաբար ընդունելի որոշում:
Եթե Դուք եւս ունեք չլուծված վեճեր (քաղաքացիական, ընտանեկան, աշխատանքային, կորպորատիվ եւ այլն), հիշեք, որ արտոնագրված հաշտարարը կարող է լինել Ձեր կամուրջը դեպի արդյունավետ ու կայուն լուծում։
Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Արտոնագրված հաշտարար, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ
Մասնագիտական խորհրդատվության, ինչպես նաեւ ձեր վեճն արտադատական կարգով՝ հաշտարարությամբ լուծելու հարցերով կարող եք դիմել մեզ՝ գրելով [email protected] էլփոստին կամ զանգահարելով 055 27 77 55 հեռախոսահամարին:
«Առավոտ» օրաթերթ
18.12.2025


















































