Լրահոս
Օրվա լրահոսը

Վելայաթիի ուղերձները պարտադիր կերպով համաձայնեցվում են երկրի գերագույն առաջնորդի հետ. «Ազգ»

Դեկտեմբեր 19,2025 09:30

Որքանո՞վ են կարեւորվում օրերս TRIPP-ի մասին Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդականի հնչեցրած հայտարարությունները, եւ որքանո՞վ պետք է այդ դիրքորոշումը մտահոգի պաշտոնական Երեւանին:

Խոսքը, բնականաբար, վերաբերում է դեկտեմբերի 15-ին ԻԻՀ-ում ԻՀ դեսպան Գրիգոր Հակոբյանի եւ Իրանի գերագույն  առաջնորդի խորհրդական Ալիաքբար Վելայաթիի հանդիպմանը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրի շուրջ տեղի ունեցած զրույցին, որի ընթացքում Վելայաթին այդ ծրագիրը նույնականացրել է «Զանգեզուրի միջանցքի» հետ՝ նշելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը կտրականապես դեմ է դրան:

Ընդհանուր առմամբ, Ալիաքբար Վելայաթիի հայտարարություններն Իրանի կառավարության պաշտոնական դիրքորոշումները չեն հանդիսանում:

Իրանի պաշտոնական դիրքորոշումների մասին հայտարարությունները տարածվում են նախագահի, կառավարության անդամների (հատկապես՝ ԱԳ նախարարի) եւ կառավարության խոսնակի կողմից: Կառավարության հայտարարություններն ու որոշումները նույնպես կարող են պաշտոնական դիրքորոշումների հրապարակման համար հիմք հանդիսանալ: Սակայն Ալիաքբար Վելայաթին կառավարության անդամ չէ:

Կարեւոր է, սակայն, հաշվի առնել այն հանգամանքը, որ Վելայաթիի հայտարարությունները հաճախ արտացոլում են առաջնորդի կողմից արտաքին քաղաքականության ոլորտում ընդունելի համարվող տեսակետները կամ քաղաքականությունը (նաեւ՝ կարմիր գծերը):

Հետեւաբար, նրա խոսքը կարող է ընկալվել որպես արտաքին աշխարհին ուղղված ոչ պաշտոնական, բայց հասցեական ուղերձ:

Կարեւոր է նաեւ հաշվի առնել, որ Վելայաթիի ուղերձները պարտադիր կերպով համաձայնեցվում են երկրի գերագույն առաջնորդի հետ:

Իսկ եթե Վելայաթին իր հայտարարությունները ձեւակերպելիս հանդես է գալիս գերագույն առաջնորդի կամ պարզապես Իրանի անունից, ապա նրա ասածները կարող են նաեւ արտահայտել երկրի պաշտոնական դիրքորոշումը: Տվյալ դեպքում ուշադրություն դարձնենք զրույցի ժամանակ Վելայաթիի հնչեցրած խոսքի այս հատվածին՝ ըստ իրանական «ԻՌՆԱ» պետական լրատվական գործակալության.

«Վելայաթին անդրադարձել է նաեւ Կովկասում այսպես կոչված՝ «Թրամփի ծրագրին», այն գնահատելով որպես «Զանգեզուրի միջանցքի» նախագծից էականորեն չտարբերվող ծրագիր՝ ընդգծելով, որ «Իրանի Իսլամական Հանրապետությունը կտրականապես դեմ է դրան»:

Այս դեպքում Վելայաթին արտահայտում է ոչ թե իր, այլ ԻԻՀ-ի դիրքորոշումը:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031