Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան հիբրիդային պատերազմ է վարում՝ փորձելով Հայաստանը դարձնել իր ազդեցության գոտի. Վարուժան Գեղամյան

Դեկտեմբեր 19,2025 14:16

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը

ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԻԼԻԲԻԼԻՆԵՐ

Մի քանի օր առաջ Թուրքիայի նախագահ Ռ. Թ. Էրդողանը ուղիղ տեքստով հայտարարել է.
«Թուրքիան մյուս տարվանից սկսած որոշ խորհրդանշական քայլեր կձեռնարկի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում»։

Խորհրդանշական քայլեր կարող են լինել, օրինակ, ցուցադրական հանդիպումները, թուրքերի կողմից ավիրված Անիի կամրջի վերականգնումը, մեկ-երկու մեր ականջին քաղցրահունչ ուղերձ, սահմանային անցակետի հազվադեպ բացում կամ էլ ինչ-որ հումանիտար օգնություն։ Այսինքն՝ ոչ թե իրական հարևանություն ու համագոյացություն, այլ հենց ցուցադրական, բայց բովանդակազուրկ քայլեր՝ ուղեկցվելով սիրուն ու գույնզգույն լուսանկարներով ու վիդեոներով։

Այդ խորհրդանշական քայլերը ունեն մեկ նպատակ. ստեղծել պատրանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմը խաղաղություն է ուզում և որ Հայաստանի դե-ֆակտո իշխանության քաղաքականությունը ճիշտ է, հետևաբար՝ նրանք պետք է վերընտրվեն։ Պատահական չէ, որ մեկնաբանելով Թուրքիայի վերջին շաբաթների «հայկական քաղաքականությունը»՝ թուրքական մեդիան ուղիղ գրում է, որ այս ամենը «աջակցության ընտրական ժեստ է» փաշինյանին (տե՛ս կից այդպիսի մի օրինակ)։ Հենց այս համատեքստում է պետք դիտարկել, օրինակ, «ադրբեջանական բենզինի» առաքումը, որը գովազդվում է որպես «խաղաղության» առհավատչյա։ Մինչդեռ դա Հայաստանին թուրքական էներգիայից կախման մեջ գցելու քաղաքականության սկիզբն է։

Հետևաբար առաջիկա վեց ամիսների ընթացքում մենք բոլորս տեսնելու ենք «հայ-թուրքական սիլիբիլիների» բազմաթիվ դրվագներ, սակայն դրանք ոչ միայն լինելու են բովանդակազուրկ, այլև փաստացի սպառնալիք են ու թուրքական միջամտություն մեր ինքնիշխանությանը։ Այդ գործում թուրքական կողմին օգնելու են ոչ միայն տեղական քարոզիչները, այլ բարի դեմքով բազմաթիվ եվրոպացիներ, որոնք «ավետելու են» Հայաստանի թուրքացումը։

Թուրքիան վարում է Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ՝ փորձելով մեր պետությունը դարձնել իր ազդեցության գոտի։ Ուստի պետք է զգոն լինենք, չտրվենք այդ քարոզին, բացահայտենք ու բացատրենք թուրքական իրական քաղաքականության իրական նպատակները։ Եկեղեցու պաշտպանությունից մինչև քաղաքական հարցեր պետք է բարձրաձայնել, կազմակերպել ու կազմակերպվել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031