ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու համար Հայաստանը պաշտոնապես դիմել է ՌԴ-ին։ ՀՀ գլխավոր դատախազությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական հետապնդման ենթարկելու նպատակով ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու մասին դեկտեմբերի 17-ին միջնորդություն է ուղարկել Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազություն:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Գևորգ Կոստանյանին ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու նախորդ միջնորդությունը ՌԴ-ն մերժել էր։ Ի դեպ, Գևորգ Կոստանյանին ՀՀ արտահանձնելու միջնորդությունը ոչ միայն ՌԴ-ն է մերժել, այլև, Ինտերպոլը՝ դեռևս 2020թ ապրիլի 10-ին մերժել էր ՀՀ իրավապահներին՝ հետախուզելու ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, մինչդեռ՝ գլխավոր դատախազությունը, ՀՔԾ-ն պնդում էին, որ հետախուզում է հայտարարվել, այնինչ՝ նրանք մերժվել էին այն հիմնավորմամբ, որ քաղաքական գործ է։
2025թ․ նոյեմբերի 25-ին Աննա Վարդապետյանն ԱԺ-ում հայտարարեց, որ պատրաստվում են դիմել ՌԴ-ին՝ Գևորգ Կոստանյանին և Վահագն Հարությունյանին ՀՀ-ին հանձնելու վերաբերյալ։ Վահագն Հարությունյանի վերաբերյալ միջնորդություն առ այժմ չի ներկայացվել, իսկ Գևորգ Կոստանյանին ՀՀ-ին հանձնելու մասին միջնորդությունը ներկայացվել է նախօրեին։
Հիշեցնենք, որ Գևորգ Կոստանյանին «Մարտի 1»-ի գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին ՀՔԾ-ն հայտարարել է 2019թ․ նոյեմբերի 25-ին, սակայն միայն 10 օր անց՝ դեկտեմբերի 5-ին, հայտարարվեց նրան մեղսագրվող հոդվածները։ Ըստ այդմ՝ նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 5 հոդվածով՝ 314-րդ հոդվածի 1-ին մասով, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-314-րդ հոդվածի 1-ին մասով, 38-334-րդ հոդվածի 1-ին մասով և 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այսինքն՝ պաշտոնեական կեղծիք կատարելու, ծանր հետևանք առաջացնող պաշտոնեական լիազորությունների չարաշահման օժանդակման, պաշտոնեական կեղծիքի օժանդակման, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության պարտակելը օժանդակելու և ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ գործերով ապացույցների կեղծմանը օժանդակելու համար ։
Գ.Կոստանյանի նկատմամբ հետախուզում հայտարարվելու մասին ՀՔԾ-ն հայտնեց 2019թ. նոյեմբերի 28-ին, քննիչը նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն էր ներկայացրել դատարան, ինչը բավարարվել է 2019թ. դեկտեմբերի 4-ին


















































