Իջեւանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի ենթադրյալ ապօրինի գույքի գործով դատախազությունը ապօրինի է որակել 2007, 2011, 2015 թվականներին Վարուժան Ներսիսյանի նախընտրական հաշվին մուտք արված գումարները։ Այսօրվա դատական նիստում դատախազ Արեւիկ Ավոյանը պարզաբանեց՝ գործարքի նկարագրությունն ինչպես բանկը տրամադրել է, այնպես էլ արտացոլել են դատախազության տեղեկանքում․ «Որեւիցէ տվյալ քանի որ հայտնի չէ, որեւիցե անձի անմեղության կանխավարկածը չեմ քննարկում, բայց, օրինակ, կարող է լինել մուտք հաշվին, կաշառքի գումար լինի, բայց նպատակը լինի՝ ներկրման վերադարձը, չգիտեմ՝ x գումար․․․»։
«Անկանխիկ գործառությունների մասին օրենքով, երբ մուտք ես անում բանկային հաշվին, դա էլ է անկանխիկ գործառույթ։ Իսկ երեկ, պարոն Փաշինյանը կառավարության նիստին հայտարարեց՝ ինչն են քեշով անում եւ ինչը չեն կարող անել անկանխիկ գործարքների ժամանակ։ Անկանխիկ գործարքների ժամանակ, ասեց՝ հնարավոր չի կաշառքը տանել եւ տալ։ Հիմա, եթե գումարները բանկային շրջանառությունով է եղել, ո՞նց է դատախազությունն ասում՝ իմ համար դա հիմնավոր չի, կասկածելի է, ես դա ապօրինի եմ դիտում»,- տարակուսեց փաստաբան Արթուր Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այս դեպքում ոչ տվյալ հաշվին մուտքերը պետք է ապօրինի դիտարկվեն, ոչ էլ ծախսերը պետք է նվազեցվեն եկամուտներից։
Կարդացեք նաև
2011 թվականին բացի իր կատարած 500 հազար դրամ մուտքից, նաեւ 11 հոգի 20 հազարական դրամ է փոխանցել Վարուժան Ներսիսյանի նախընտրական հաշվեհամարին։ Հարցին՝ ինչո՞ւ եք դա ապօրինի դիտարկել, դատախազը պատասխանեց, որ գործարքի վերաբերյալ իրավասու մարմնին որեւիցե տվյալ հայտնի չէ, իսկ նշյալ ժամանակահատվածում Վարուժան Ներսիսյանը պետական պաշտոն էր զբաղեցնում։
Դատավոր Կարապետ Բադալյանի հստակեցմանը՝ օրենքով հավաքագրված նախընտրական գումարներ են, մարդիկ իրենց կամքով վճարել են, դատախազը հակադարձեց՝ վճարել են Վարուժան Ներսիսյանի անձնական հաշվին։ Վարուժան Ներսիսյանը հստակեցրեց՝ այն ժամանակվա օրենսդրության համաձայն, նախընտրական հատուկ հաշիվներ էին բացվում՝ անկուսակցական ինքնաառաջադրված թեկնածուների անուններով, դրանք ԿԸՀ-ի կողմից հաստատվում եւ վերահսկում էին։
Դատախազությունը լրացուցիչ կուսումնասիրի այս առիթով կողմի ներկայացրած փաստաթղթերը եւ դիրքորոշում կհայտնին։
Հաջորդ վիճահարույց հարցը գործով մեղադրյալ Նաիրի Ներսիսյանին՝ Վարուժան Ներսիսյանի որդուն էր առնչվում։ Վերջինս պահանջեց, որ դատախազությունը վերանայի նվազագույն սպառողական զամբյուղի մասով իրենց ընտանիքի համար արված հաշվարկը, քանի որ 2008 թվականի հունիսի 24-ին ինքը զորակոչվել է ծառայության՝ ՀՀ ԶՈՒ-ում եւ 2010 թվականի հունիսի 26-ին է զորացրվել։ Նա պահանջեց, որ այդ ժամանակահատվածի համար, ընտանիքի նվազագույն սպառողական զամբյուղից հանեն 723 հազար 92,1 դրամ, քանի որ այդ շրջանում իր համար անհրաժեշտ ծախսերը կատարել է պետությունը։ Դատախազը տարակուսեց․ «Բոլորս էլ գիտենք եւ իրականությունից չենք կարող կտրվել, եթե անձը բանակում է եղել՝ դա չի նշանակում, որ ընտանիքն անձից կտրված է եղել․ որոշակի ծանրոցներ են ուղարկվել, որոշակի ծախս ընտանիքը եւս կատարել է»։
Դատավորի դիտարկմանը՝ ո՞րն է դրա իրավական հիմքը, դատախազը պատասխանեց․ «Օբյեկտիվ իրականությունը եւ, ըստ էության առկա իրողությունները»։ «Հանրահայտ հանգամանքները ես չգիտեմ ինչ է»,- առարկեց դատավորը։ Վարուժան Ներսիսյանը ցանկացավ արդարադատության նախարարի՝ ԱԺ ամբիոնից արված մի հայտարարության մասին խոսել, դատավորը բարկացավ․ «Չեղավ։ Փաշինյանը ի՜նչ ասեց, արդարադատության նախարարն ի՜նչ ասեց՝ դա իրենց համար է, մենք գործ ենք քննում»։
Դատավորի հարցը՝ ի՞նչ տեսակի զորքերում եք ծառայել, Նաիրի Ներսիսյանը լավ չընկալեց եւ հստակ չպատասխանեց, ինչն էլ դատավորին կասկածի տեղիք տվեց․ «Կարո՞ղ է չեք ծառայել, տանն եք եղել, դատախազությունը ճիշտ է հաշվել»։
Նաիրի Ներսիսյանն ասաց՝ ունի ծառայակից ընկերներ, ովքեր կարող են վկայել, որ ծառայություն է իրականացրել։ Նա հավելեց՝ պարտադիր զինծառայության գնացել է իր դիմումի հիման վրա, մինչդեռ օրենսդրությունն իրեն թույլ էր տալիս ուսումնառությունն ավարտելուց հետո մեկնել ծառայության։
Այս գործով բռնագանձման ներկայացված «ՆՆՎ» ընկերության մասով Վարուժան Ներսիսյանը նաեւ հայտարարություն արեց․ «ՆՆՎ» ընկերության ինքնարժեքը 10 հազար դրամ է եղել, 10 հազար դրամ էլ մենք ծախսել ենք այս տեղեկանքների համար․ եթե գտնեք, որ այն բռնագանձման ենթակա է, 20 հազար դրամով մենք պատրաստ ենք, եթե պետությանն անհրաժեշտ է, այդ ընկերությունը վաճառել պետությանը»։
«Մենք այստեղ առք ու վաճառքով չենք զբաղվում»,- արձագանքեց դատախազը։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ






















































