Լրահոս
Օրվա լրահոսը

Երկարատեւ հեռանկարի սխալ հաշվարկներ

Դեկտեմբեր 20,2025 10:00 Share

Քաղաքականության մեջ սխալ հաշվարկների հետեւանքները երբեմն միանգամից չեն երեւում: Բերեմ երկու օրինակ:

Փաշինյանը դիմում է ԵՄ-ին, որպեսզի այդ կազմակերպությունն իրեն օգնի վերարտադրվել՝ ներկայացնելով իրավիճակն այնպես, որ Ռուսաստանը ցանկանում է իրեն «թախտից գցել»: ԵՄ-ի չինովնիկները, շատ լավ իմանալով, որ դա այդպես չէ, ձեւ են անում, թե հավատում են դրան եւ օգնում են՝ իրենց միության եւ իրենց երկրների շահերից ելնելով: Բայց այս պարագայում կարեւոր չէ, թե ում է դիմել Փաշինյանը եւ ում դեմ: Նույն հաջողությամբ, իր աթոռը պահելու համար. նա կարող է դիմել Ռուսաստանին՝ ընդդեմ ԵՄ-ի, կամ Զանզիբարին՝ ընդդեմ Բուրկինա Ֆասոյի: Այստեղ կարեւոր է, որ մեծ տերությունների հակասությունները, նրանց մեջ այժմ եղած ահավոր ճեղքվածքը նա բերում է մեր տուն:

Պետության համար դա, անշուշտ, վատ է: Իսկ իշխանության համա՞ր: Կարճաժամկետ առումով, կարծում եմ, ձեռնտու է՝ հակառուսական եւ «խաղաղասեր» հռետորաբանությունը կարող է օգնել վերարտադրությանը: Բայց այդ էֆեկտը ժամանակավոր է: Ի՞նչ կլինի, երբ Ուկրաինայում պատերազմն ավարտվի, երբ ԵՄ-ի եւ Ռուսաստանի հարաբերությունները սկսեն կարգավորվել: Իսկ դա վաղ թե ուշ տեղի կունենա: «Կոշիկ լիզողներին» ոչ ոք չի սիրում:

Նույնը՝ եկեղեցու դեմ արշավը: Մի կողմից, իհարկե, անձնական «պիկանտ» մանրամասները եւ «թալանչի տերտերների» մասին խոսակցությունները շոյում են լյումպենի ականջը եւ գուցե բարձրացնում են Փաշինյանի հեղինակությունը: Մյուս կողմից՝ հակառակ բեւեռում նույնպես տեղի է ունենում կոնսոլիդացիա: Չգիտեմ՝  ինչպես է ուրիշների դեպքում, բայց եկեղեցու վրա հարձակումը ինձ համար քաղաքական խնդիր չի (չնայած պարզ են իշխանության նաեւ քաղաքական շարժառիթները): Բայց ինձ համար Մայր Աթոռը եւ Վեհափառին պաշտպանող դաշնակցականը, ՔՊ-ականը, ՀՀԿ-ականը, «Սասնա ծուռը»՝ բոլորն իմ եղբայրներն են ու հարազատները:

Այնպես որ՝ այստեղ նույնպես քաղաքական հաշվարկը մարտավարության տեսակետից թերեւս ճիշտ է, բայց երկարատեւ հեռանկարի առումով՝ սխալ:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կարճաժամկետ երկարաժամկետ… Վախից -> ահաբեկում:
    Կարճաժամկետի դուխով, վերարտադրվելու տենդում նիկոլը համընդհանուր վախ սփռելուց անցել է թիրախավորված ահաբեկիչության:

    նիկոլ ահաբեկովիչն այս փուլին ահաբեկում է եկեղեցականներին: Սա տեսնում ենք, գիտենք:
    նիկոլ ահաբեկովիչի հաջորդ թիրախը կլինեն լրագրողները` 2026-ի լուսաբանողները: Սա ենթադրելի է: Հերթին են այլ խմբեր` մասնագիտական, հասարակական…

    Սա իմացյալ անհայտներ են: Բայց կան չիմացված անհայտներ (Դ. Ռամսֆելդ)` մենք չգիտենք թե էլ ինչ նոխկալի բանի է ընդունակ մեր ազգակից նիկոլ ահաբեկովիչը: Ռիսկերը այստեղ են:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031