Լրահոս
Օրվա լրահոսը

Իջեւանի նախկին քաղաքապետի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է

Դեկտեմբեր 22,2025 20:50

Օրերս դատարանը մերժել է դատախազության միջնորդությունը՝ Իջեւանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի խափանման միջոց՝ տնային կալանքը երկարացնելու մասին։ Վարուժան Ներսիսյանի տնային կալանքը վերացվել է։

Հիշեցնենք, մեղադրանքը վերաբերվում է պաշտոնական դիրքի չարաշահմանը եւ փողերի լվացմանը։

Aravot.am-ի հետ զրույցում Վարուժան Ներսիսյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սերգեյ Մարաբյանը մանրամասնեց՝ դեպքերը մոտ 14 տարվա վաղեմության են եւ վերաբերվում են 2011 թվականին։ Նա խնդրահարույց է համարում առաջադրված մեղադրանքները, քանի որ հարցը վերաբերվում է հողերի օտարմանը, որոնց ժամանակ իբրեւ աճուրդի պայմաններ են խախտվել։ Այդ հողերը հետագայում վաճառվել, վերավաճառվել են եւ դատախազությունը սա դիտարկել է իբրեւ փողերի լվացում։

Փաստաբանը նկատում է՝ նման մոտեցումը համակարգային խնդիր է առաջացրել եւ վերջին շրջանում համայնքի նախկին ղեկավարների նկատմամբ հողերի օտարման, աճուրդի պայմանների իբրեւ խախտման դեպքերը ներկայացվում են փողերի լվացում եւ պաշտոնական դիրքի չարաշահում։

Իբրեւ նեղ մասնագետ, ինքը դեմ է նման որակումներին․ «Ես գտնում եմ, որ այդտեղ հիմնարար սխալ կա, երբ հողերի օտարման գործընթացում թույլ տրված ենթադրաբար չարաշահումները, իսկ Վարուժան Ներսիսյանի պարագայում այդպիսիք էլ առկա չեն, մենք դատարանում դա հիմնովին կապացուցենք, որակվում են իբրեւ փողերի լվացում։ Մեր մոտ առնվազն հիմնավոր կասկածներ կան, որ փողերի լվացման մեղադրանքն առաջադրվում է, որպեսզի վաղեմության ժամկետները շրջանցեն։ Եթե միայն պաշտոնական դիրքի չարաշահման մեղադրանք առաջադրվի, ապա վաղեմության ժամկետներն անցած կլինեն»

Վարուժան Ներսիսյանի մեղադրանքները՝ թե փողերի լվացման, թե պաշտոնական դիրքի չարաշահման մասով, ըստ փաստաբանի, հանցագործության հետ աղերս չունեն եւ ինքը դատարանում կփորձի ապացուցել դա՝ հասնելով արդարացման․ «Իմ համոզմունքը միանշանակ է՝ չկա ոչ փողերի լվացում, ոչ դիրքի չարաշահում։ Երկու դրվագների պարագայում էլ հանցակազմ գոյություն չունի։ Մանր-մունր խնդիրներ կան, որոնք քրեական հանցակազմի հատկանիշներ չեն էլ պարունակում»։

Փաստաբանը կոռեկտ չի համարում, մանավանդ ապացույցների բացակայության պարագայում, պնդումներ անել, որ նախկին համայնքապետերի մասով, երբ անպայմանորեն նաեւ փողերի լվացման դրվագով է մեղադրանքներ առաջադրվում, որպեսզի շրջանցվի վաղեմության ժամկետի հարցը, քաղաքական պատվեր կա․ «Եթե մեկ-երկու գործով նման բան կա, չեմ կարծում, թե համակարգային առումով նման խնդիր ունենք։ Իսկ իմ ասածը վերաբերվում է համակարգային խնդրին։ Համենայնդեպս, ես իրավասու չեմ նման դատողություն անել եւ ես իրավասու չեմ պնդում անել քաղաքական ենթատեքստի մասով։ Կա իրավական գործընթաց, որի հետ մենք ունենք հիմնարար անհամաձայնություն եւ կփորձենք դա դատարանում ապացուցել։

Վարուժան Ներսիսյանի մասով, համենայնդեպս, դատարանում, ես խափանման միջոցի հարցի քննարկման ժամանակ մանրամասն ներկայացրեցի պատկերը, որ ըստ էության չունենք հանցագործություն, բայց ունենք խափանման միջոց։ Չեմ կարող ասել, երբ դատարանը փոխեց խափանման միջոցը ընդունե՞ց մեր պնդումը, որ ըստ էության չկա հանցակազմ։ Համենայնդեպս, արդյունքը գոհացնում է, դատարանը փոխեց խափանման միջոցը»։

Վարուժան Ներսիսյանին ներկայացված մեղադրանքում, ըստ փաստաբանի, կան ներկայացված կոպիտ անճշտություններ։ Օրինակ, 2011 թվականին աճուրդները կայացել են ,հողերն օտարվել են, 2022 թվականին այդ հողերից մեկը նվիրատվություն է արվում՝ հողի սեփականատիրոջ առողջական խնդիրների պատճառով։

Դատախազությունը սա ներկայացրել է իբրեւ փողերի լվացում, ինչը փաստաբանը խնդրահարույց է համարում․ «Այս պարագայում անձը նվիրատվություն է արել, մեկ այլ պարագայում, ենթադրենք, մահանում է՝ ժառանգություն է թողնում եւ այլն ու դեռ պետք է պարզաբանել՝ դա կարո՞ղ է փողերի լվացում լինել։ Առհասարակ, անշարժ գույքի լվացումն ինչպե՞ս կարող է դրսեւորվել։

Դա գույք է, որի շարժերն արվում են պետական գրանցման ճանապարհով եւ լվացման գործընթացը շատ ավելի բարդ է, քան ոչ պետական գույքերի լվացման գործընթացը։ Համակարգային առումով մենք խնդիր ունենք՝ շենքերը, շինությունները անընդհատ փողերի լվացում է որակվում, իբրեւ ծագման աղբյուրն է թաքցվում եւ այլն, այն դեպքում, երբ պետությունը հստակ տեսնում է շարժը՝ տվյալ գույքը որտեղի՞ց, ի՞նչ ընթացակարգով է ձեռք բերվել։

Պրակտիկայում կան դեպքեր, երբ ի սկզբանե գումարը եղել է հանցավոր ծագում ունեցող, որով հետագայում տվյալ գույքն է ձեռք բերվել, վերջում գույքը ձեւակերպվել է այն անձի անունով, ով գումարը տվել է։ Բայց տվյալ գործերով չկա նման տեղեկություն, որ աճուրդին ով որ մասնակցել է, մասնակցել է նրա փողերով, ում մեղադրանք է առաջադրվել, իսկ ձեռք բերված գույքը եղել են հանցավոր ծագում ունեցող փողերով։ Այսինքն, այդքան հեշտ չի հողերի լվացման մեղադրանքը։ Համենայնդեպս, հստակ երեւում է, որ հողերն աճուրդով օտարվել են, հայտարարություններ են տարածվել, աճուրդին ովքեր են մասնակցել, գույքն ում է օտարվել, դրանից հետո՝ մի դեպքում հինգ տարի, մյուս դեպքում 11 տարի գտնվել է ինչ որ անձանց սեփականության իրավունքի ներքո, այդ անձինք որոշակի գործողություններ են իրականացրել, որից հետո կրկին օտարել են այդ գույքը։ Այսինքն, գործընթացը հստակ քաղաքացիաիրավական է»։

Խնդիրների մեծ մասը, ըստ Սերգեյ Մարաբյանի նաեւ նրանից է, որ հայտնվում են թե տեղացի, թե եվրոպացի փորձագետներ, ովքեր փողերի լվացման հետ կապված վերապատրաստումներ են անցկացնում իրավասու մարմինների ներկայացուցիչների հետ։ Այդ նյութերը հաճախ հասանելի են դառնում եւ, փաստաբանի գնահատմամբ, ակնհայտ է, որ մեր իրավական համակարգին ոչ հարիր վերապատրաստումներ են անում, մարդիկ էլ, անտեսելով մեր քրեաիրավական համակարգը, գնում են նման դիրքորոշումների․ «Նույն եվրոպական երկրներում, փողերի լվացումն այլ նյութաիրավական բազայով է կիրառվում, որը մեզ մոտ չի կարող կիրառվել, բայց եվրոպացի փորձագետը գալիս սովորեցնում է, մերոնք սկսում են կիրառել եւ ունենում ենք խնդիրներ»։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031