-Ինձ շատ են ասել, որ վատ խմբավար է, վատ տնօրեն է: Բայց ասեմ՝ ինքը լավ փաստաբան է: Ես կասեի՝ լավագույն փաստաբան է ճանաչվել այդ տղան, մանավանդ, որ օպերան ժառանգություն են ստացել, տոհմական իրենց ազգուտակն է այնտեղ գերիշխում: Երեւի պաշտոնանկությունից հետո Փաստաբանների պալատում աշխատի,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Տեր Վրթանես քահանա Բաղալյանը՝ անդրադառնալով Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանի հարցազրույցին, որում նա արդարացնում էր իր եղբոր՝ Վրեժ Դուրգարյանի գրոհը Մայր Աթոռում:
Հիշեցնենք, որ Վրեժ Դուրգարյանը դեկտեմբերի 18-ին, ըստ համացանցում տարածված տեսագրության, բարձրացել էր Մայր Աթոռում Ամենայն Հայոց 106-րդ կաթողիկոս Ալեքսանդր Առաջինի շիրմաքարի վրա ու ցուցարարներին ձեռքով ուղղորդում էր Մայր տաճար ներխուժել: Հիշեցնենք նաեւ, որ Վրեժ Դուրգարյանը ոչ միայն Կարեն Դուրգարյանի հորեղբոր որդին է, այլեւ օպերայի եւ բալետի թատրոնում նրա օգնականը:
-Ամոթ էլ չի անում, պաշտպանում է: Երեք անգամ խնդրեցի ներքեւից՝ հարգելիս, ցած իջեք, այդտեղ չի կարելի բարձրանալ: Երեք անգամ ասելուց հետո չհասկացավ, ուղղակի խոսք լսելու ընդունակ վիճակում չէր: Անջատված վիճակում էր, ուղեղը կանգնած, ստիպված բարձրացել եմ վերեւ, ուսից քաշել, ներքեւ եմ գցել: Նա հարբած ամբոխին էր ուղղորդում, որ մայր տաճարի մուտքի դռանը հարվածելով՝ բացեն ու ներս մտնեն, արարողությունը խանգարեն: Իսկ այդ խմբավարը՝ Կարեն Դուրգարյանը, ասում է՝ օդափոխվում էր: Կարեն Դուրգարյանին չեմ ճանաչել նախկինում, բայց իր հարցազրույցից հետո հասկացա, որ ինքը շատ կեղծավոր, անամոթ, ստախոս անձնավորություն է: Հազար ամոթ իրեն ու իր եղբորը: Ինքը կիրթ խոսող, անամոթ է, որն անընդհատ նախկիններից էր խոսում, բայց իր նմանը երբեւէ հների մեջ մեզ չի հանդիպել:
Կարդացեք նաև
Համեմատական եզր տանեմ իր ասած Շմայսի հետ: Շմայսն իր համեմատ սուրբ է, թող գնա Շմայսի ոտքերը լվանա, ջուրը խմի, հազար ամոթ իրեն: Այդ մարդիկ շատ ավելի հայրենասեր ու բարոյական էին, իսկ ինքը բարոյական առումով երբեք չի կարող Առաքել Մովսիսյանի հետ համեմատվել՝ այդ մարդու թերություններով հանդերձ»,- հավելեց Տեր Վրթանեսը:
Նրա խոսքով՝ որեւէ մեկը նման խուլիգանական պահվածք դրսեւորեր կառավարության շենքի նկատմամբ, հիմա բանտում կլիներ. «Բայց քանի որ արդարադատությունը չի գործում ու Վրեժ Դուրգարյանն էլ մեր Կարեն Դուրգարյանի նման հրաշալի փաստաբան ունի, իրեն ոչինչ չի սպառնում: Հանուն արդարության ասեմ, որ միայն Վրեժը չէր այդ կարգի լկտի, համարժեք լկտի պահվածք ունեին Կարեն Պետրոսյանն ու Թալինի քաղաքապետ Տավրոս Սափեյանը: Իրենց լկտիությամբ ու հարբած ամբոխին ուղղորդելու գործում ոչ պակաս լկտի էին, այնպես որ Դուրգարյանը վատթարագույն խուլիգանը չէր, նրան համարժեք երկու խուլիգան էլ կային»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ



















































