Լրահոս
Օրվա լրահոսը

«Քննարկում եղել է, բայց որոշում չկա»․ Դավիթ Առուշանյանն՝ իր հնարավոր պաշտոնանկության մասին

Դեկտեմբեր 23,2025 15:56

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, որի մոտալուտ պաշտոնանկման մասին մեկ շաբաթ է՝ տեղեկություններ են շրջանառվում, վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ, ըստ էության, չի հերքում, այսօր լրագրողների հետ ճեպազրույց ունեցավ՝ անդրադառնալով այդ թեմային։

«Ես միշտ անկեղծ եմ եղել, հիմա էլ անկեղծ ասում եմ՝ քննարկում եղել է, գիտեք՝ բոլոր պատգամավորների թեկնածուները վարչության անդամների հետ հանդիպում են ունենում, բայց որոշում չկա։ Որևէ որոշում այս պահին կայացված չէ, այսինքն՝ ես պաշտոնավարում եմ, շարունակում եմ պաշտոնավարել։

Գուցե և մարդիկ կային, որոնք ցանկություն ունեին հրապարակումները շատ արագ տարածելու, կեղծ լուրերը շատ արագ տարածեցին, որ ես պաշտոնանկ եմ արվել, բայց անկեղծ ասում եմ՝ քննարկում եղել է, որոշում դեռ չկա։ Որոշում լինելու պարագայում հրապարակում կլինի, ու քանի դեռ որոշում չկա, ես մինչև վերջին պահը Շիրակի մարզպետն եմ ու շարունակում եմ աշխատել։

Ես չեմ աշխատում, որովհետև ես պաշտոն ունեմ ու պաշտոնս պահեմ, ես աշխատում եմ, որովհետև պաշտոնն է տվել ինձ հնարավորություն մարզի համար լավ բան անելու։ Մինչև վերջին պահն իմ աշխատանքի շարունակելու եմ ծառայել մարզին ու փորձելու եմ յուրաքանչյուր քաղաքացու կյանքի որակը փոխել։

Մենք չենք աշխատում, որ մեր պաշտոնը պահենք»,- ասաց Դավիթ Առուշանյանը։

Լրագրողների հիշեցմանը, թե տարբեր պատճառներ են շրջանառվում՝ կապված Յոթ Վերքում տեղի ունեցած պատարագը կազմակերպելու, իր խորհրդական Գոռ Սարոյանի կողմից պարեկ ծեծելու հետ, Դավիթ Առուշանյանը պարզաբանեց, որ խորհրդականի մասով կա հարուցված քրեական գործ, իրավապահները իրենց գործն են անում ու այդտեղ միջամտելու հարց չկա։
Նա ամենավիրավորականը համարեց Յոթ Վերք եկեղեցում պատարագի կազմակերպման շուրջ եղած քննարկումը։

«Ինձ համար նորությունը Յոթ Վերքն էր։ Ինչպես միշտ, էլի անկեղծորեն ասում եմ, որ Յոթ Վերքի պատարագի կազմակերպմանը մարզպետարանը որևէ առնչություն չունի, որովհետև պատարագը կազմակերպվում էր քահանաների կողմից։

Ամբողջ պատասխանատվությամբ ասում եմ՝ ղեկավարությունից որևէ մեկը չի զանգահարել ինձ ու ասել, թե Յոթ Վերքում պատարագ պիտի լինի, խնդրում եմ՝ աջակցես, կամ էլ հանձնարարական կա, որ աջակցես էդ պատարագին։ Վստահորեն ասում եմ՝ որևիցե մի զանգ չեմ ստացել ես պատարագի հետ կապված։

Այն աշխատանքը, որ տարվել է, տարվել է ամեն տարի մարզպետի կողմից, ամեն տարի պսակադրության արարողություն է եղել հուշարձանի մոտ, ամեն տարի կազմակերպված ձևով դպրոցները, պետական կառույցները մարզպետի հետ գնացել են պսակ դնելու, մանավանդ այս տարի վարչապետը ևս եկել էր։

Այսինքն՝ մեկը մյուսի հետ խառնել ու մեկնաբանել, որ պատարագի հետ է կապված, նորից եմ ասում՝ պատարագի հետ կապված որևէ հանձնարարական ես չեմ ունեցել, պատարագը երկրաշարժի զոհերի հիշատակին էր, շատ լավ անցել է, լեփ-լեցուն դահլիճում, ժողովուրդն ամբողջությամբ եղել է եկեղեցում, մեր քաղաքացիներն ամեն տարի գալիս են պատարագի։ Պատարագը շատ լավ անցել է ու էլի ասում՝ ես կազմակերպչական որևէ գործողության մեջ ներգրավված չեմ եղել, ոչ էլ հանձնարարական է եղել, որը չկատարվի։ Պատարագը եկեղեցականները, սրբազաններն ու քահանաներն են կազմակերպում ու անում ամեն կիրակի»,-պարզաբանեց մարզպետը։

Թե ինչ քննարկում է եղել իր հետ ՔՊ վարչությունում, նա նշեց՝ նիստը փակ է ու չի ուզում շատ մանրամասներ հայտնել, տարբեր հարցեր են քննարկվել։

«Ուղղակի քննարկում է եղել, որոշումը կլինի հիմա, թե մի տարի հետո կամ հինգ տարի հետո, գիտեք՝ ես պաշտոնը կամ աթոռը կորցնելու մտավախություն չունեմ։ Աթոռի պատմությունը բոլորդ շատ լավ գիտեք, պաշտոնն էլ ի սկզբանե՝ իմ ծնված օրվանից եղել է, դա իմ անունն ու ազգանունն է։

Ես պաշտոնին, երևի նկատել եք, բոլոր ժամանակներում վերաբերում եմ որպես գործիք, որը հնարավորություն է տալիս քո մարզի, քո քաղաքի, քո երկրի համար լավ բան անելու։ Ինչքան երկար կարողացա լավ բան անել, այնքան ինձանից գոհ կլինեմ։

Իսկ ամենամեծ գնահատականը, որ ունեմ, մեր ժողովրդի գնահատականն է, որին շատ շնորհակալ եմ, այդ լուրերը տարածվելուց հետո շատ ու շատ զանգեր ու SMS-ներ եմ ստացել, մտահոգություններ մեր քաղաքացիների կողմից՝ թե՛ Գյումրու և թե՛ Շիրակի մարզի։

Էլի եմ կրկնում՝ եղել է քննարկում, որոշում չկա, որոշում լինելու պարագայում կհրապարակվի, յուրաքանչյուր որոշումը, ինչ էլ կայացնի մեր վարչությունն ու վարչապետը, ես բնականաբար հաշտ եմ այդ որոշման հետ, որովհետև տանից չեմ բերել, տուն էլ չեմ տանելու»։

Հարցին՝ ճի՞շտ են այն լուրերը, թե դուք ՔՊ վարչության նիստում հարգալից եք արտահայտվել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մասին, դա էլ դարձել է բարկության պատճառ, բացի այդ՝ Նազելի Բաղդասարյանի միջոցով վարչապետը ձեզ հանձնարարական է տվել ազատվել պարեկ ծեծող խորհրդականից, որը չեք կատարել, Դավիթ Առուշանյանն այսպես արձագանքեց․

«Էլի լուրեր կան, բայց չի եղել որևէ հանձնարարական, և ոչ միայն հանձնարարական, այլ իմ նախաձեռնությամբ գործողություններ, որ ես չեմ կատարել։

Առաջինը՝ մենք որևէ դժգոհություն չենք քննարկել, մնացածը գուցե իրականության հետ կապ ունեցող բաներ են, բայց ոչ մանրամասն դետալներով։ Իսկ ասեկոսեները քաղաքում շատ տարբեր են, բոլորն էլ լսել են, բայց ամենացավոտը իմ համար Յոթ Վերքն էր, այդ օրը սգո օր էր, ու դա ընդհանրապես իրականությանը չէր համապատասխանում։ Մնացած քննարկումները գուցե և մասամբ կապ ունեն իրականության հետ, ինչ-որ նշույլ ունեն, բայց որպես այդպիսին՝ դետալները շատ են ուռճացված»։

Դավիթ Առուշանյանն անդրադարձավ նաև Շիրակի մարզպետի պաշտոնում շրջանառվող անուններին։

«Ժողովուրդ ջան, տարբեր անուններ շրջանառվում են, բայց կոռեկտ չէ թե՛ շրջանառողների կողմից և թե՛ անձանց կողմից, ում անունները, որ շրջանառվում են, քանի ես էստեղ նստած եմ, ես Շիրակի մարզպետն եմ», -ասաց Դավիթ Առուշանյանը։

Նա նորից կրկնեց, որ հաշտ է վարչապետի ցանկացած որոշման հետ և այն տեղեկությունը, թե իրեն զայրացրել են իր պաշտոնանկության մասն շրջանառվող լուրերը, չեն համապատասխանում իրականությանը։

«Որոշում չկա, որ ես որոշումից ջղայնանամ, ես մեր վարչության ու վարչապետի որոշման հետ հաշտ եմ, գուցե կան մարդիկ կամ չկան մարդիկ, որոնց խանդավառությունը բերում է զայրույթ, բայց դա լրիվ այլ պատմություն է։

Ես չեմ ջղայնանում, ես արձանագրում եմ որոշ փաստեր ու շարունակում եմ իմ ճանապարհն ու աշխատանքը։

Կուսակցությունից դուրս գալու մասին որևէ խոսք լինել չի կարող լինել, այնտեղ բոլորը մեր ընկերներն են, վարչության որոշումները ես ընդունում եմ, որովհետև մեր նպատակը պաշտոն ունենալ չէ, մեր նպատակը Հայաստանի Հանրապետությունը տանել դեպի հավերժության, ինքնիշխանության, դեպի հարատևության՝ իր բաց սահմաններով ու խաղաղությամբ։

Իսկ այդ գաղափարախոսության հետ հարյուր տոկոս, եթե հնարավոր է մաթեմատիկորեն դրանից ավել կիսում եմ բոլոր կարծիքները ու ջատագովն եմ, որ մենք ունենանք հարատև Հայաստանի Հանրապետություն»։

Նա նաև նշեց, որ ՔՊ վարչությունը հաստատել էիր թեկնածությունը ՔՊ ցուցակում՝ որպես Ազգային ժողովի պատգամավոր թեկնածու, 2026 թվականի ընտրությունները կանցնեն, ու վարչությունը կորոշի, թե ինքը որտեղ կաշխատի՝ օրենսդիր, թե գործադիր մարմնում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031