Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղադրական դատավճռի հիմքում դրվել էր նաեւ ադրբեջանական միգրացիոն քարտը

Դեկտեմբեր 24,2025 12:30

Սկիզբը՝ «Առավոտի» նախորդ համարում

Հոկտեմբերի 16-ին ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը մերժել էր վարույթ ընդունել Սարգիս Գալստյանի, նրա պաշտպան Ա.Կոչուբաեւի բողոքները։

Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2024 թ. նոյեմբերի 22-ի դատավճռով՝ մեղադրյալ Սարգիս Գալստյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 424-րդ հոդվածի 1-ին մասով եւ նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 18 տարի ժամկետով։ Պատժի կրման սկիզբը հաշվվել էր 2024 թ. մարտի 30-ից:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2025 թ. փետրվարի 20-ին որոշում էր կայացրել բողոքները մերժելու եւ առաջին ատյանի դատարանի՝ 2024 թ. նոյեմբերի 22-ի դատավճիռն անփոփոխ թողնելու մասին։ Ս.Գալստյանը ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում է։

Պաշտպանի գնահատմամբ, դատավճռի հիմքում դրված վկաների ցուցմունքները, որոնք Սարգիս Գալստյանի մեղադրանքին որոշակիորեն վերաբերելի են, առնչվում են միայն 2023 թվականի բռնի տեղահանումից հետո իր՝ Արցախում մնալու, այն չլքելու եւ Արցախում մնացած արվեստի գործերի ճակատագրով մտահոգվելուն, սակայն չեն վերաբերում Սարգիս Գալստյանի կողմից օտարերկրյա հատուկ հետախուզության ծառայության աշխատակցին փոխանցած տեղեկությունների բնույթին եւ չեն բացահայտում դրանց բովանդակությունը։ Այլ խոսքով, հարցաքննված վկաների ցուցմունքները վերաբերելի չեն, դրանցով էական փաստական տվյալներ ձեռք չեն բերվել։

Հաջորդ էական տվյալը, որը դրվել է մեղադրական դատավճռի հիմքում, ադրբեջանական միգրացիոն քարտն է, ինչի վերաբերյալ Սամվել Շահրամանյանը որպես Արցախի նախագահ հաստատել է, որ. «Եթե հայը մնում էր այնտեղ, իսկ նշված տարածքներն արդեն համարվելով ադրբեջանական, այնտեղ բնակվելու համար անձինք պետք է ունենային միգրացիոն քարտեր, եւ այս առումով Սարգիս Գալստյանի միգրացիոն քարտի դիմումը եւ այն ստանալը կամ այդ ընթացակարգի մեջ լինելը իրականացվել է բնականոն եղանակով»։ Վկա Անդրեյ Գրիգորյանի ցուցմունքը վերաբերել է Արցախում տիրող հեռախոսազանգերին։ Ըստ դատավճռի, հայտնաբերվել են զանգեր Սարգիս Գալստյանից դեպի ադրբեջանական համարներ, այդ զանզերը տեւել են 3 վայրկյան, 7 վայրկյան, 2 վայրկյան, 1 վայրկյան։

Ըստ պաշտպան Ա.Կոչուբաեւի. «Անտրամաբանական է, որ 7 վայրկյանների ընթացքում Սարգիս Գալստյանը կարող էր փոխանցել թվարկած տեղեկությունները»։

Վկա Անդրեյ Գրիգորյանը ցուցմունք էր տվել, որ նա որպես ԱԱԾ սպա, բաժնի պետ, նշված տեղեկատվությանը տիրապետել է, որ Արցախում եղել են զանգեր ադրբեջանական հեռախոսահամարներից, հաստատել է, որ արցախցիները զանգ ստանալուն պես եկել են Ազգային անվտանգության ծառայություն՝ հայտնելու այդ տվյալները։ Ագ Գրիգորյանը չի հիշել, թե Սարգիս Գալստյանն անձամբ եկել է, թե ոչ, թեեւ չի բացառել, բայց այն հաստատել է Սարգիս Գալստյանը, որ եկել է ԱԱԾ պետի մոտ եւ ամբողջ տեղեկությունները փոխանցել նրան։

Ըստ վկայի՝ «Ադրբեջանական հեռախոսահամարից զանգ ստացվել է նաեւ Արցախի քննչական կոմիտեի ղեկավարի տեղակալ Արայիկ Ներսիսյանի կողմից, ումից պահանջել են վաճառել իր բնակարանը կամ վերանորոգել, քանի որ իրենք գալիս են։ Այսինքն, հաստատված է այն փաստը, որ Արցախում ադրբեջանական կողմից զանգեր են եղել, իսկ լրագրողական խումբն էլ հետաքննություն է իրականացրել, հրապարակելով հոդված այն մասին, որ կատարվածը պարզապես հոգեբանական տեռոր է»։

Յոթ հատորանոց գործում վարույթն իրականացնող մարմնի կողմից բերվել է հայ-թուրքական բառարան։

Թուրքագետ, արեւելագետ Գալստյանը հայտնել էր, որ բառարան է պահում, որպեսզի շփվի ադրբեջանցիների հետ։

Պաշտպանական կողմը հերքել էր այդ հրապարակումը։

Վկա Աստղիկ Գալստյանը ցուցմունք է տվել, որ հրապարակման վերաբերյալ խոսել է հայրիկի հետ, ով ասել է, որ իրենք ոչնչի հետ գործ չունեն եւ երբ կվերադառնա, ինքն անձամբ կզբաղվի այդ հարցով։ Դատարանն արձանագրել է, որ «Սարգիս Գալստյանի՝ Արցախում գտնվելու ժամանակահատվածում նման հրապարակման հերքումը շահեկան չէր կարող լինել իր իսկ կարգավիճակի տեսանկյունից»։

Պաշտպանական կողմի գնահատմամբ՝ մամուլում հրապարակված տեղեկությունը չի ստուգվել, հրապարակման շուրջ լրագրողը չի հարցաքննվել, չեն պարզվել լրատվության հիմքում դրված փաստական տվյալներն անգամ նվազագույնի տիրույթում։ Ըստ նշյալ հոդվածի. «Սարգիս Գալստյանը Արցախում մնացել է որպես պարետ, պաշտոն է ստացել, իր բարեկամներին հայտնել է, որ այնտեղ է մնալու, շարունակելու է ի վնաս Հայաստանի Հանրապետության՝ հօգուտ Ադրբեջանի կատարել թշնամական գործողություններ»։ Իսկ ըստ պաշտպանական կողմի. «Անգամ նվազագույն օպերատիվ-հետախուզական տվյալ չկա առ այն, որ նշված լուրը համապատասխանել է իրականությանը։ Անգամ Արցախի Անվտանգության ծառայությունում առկա չեն տվյալներ, որ Սարգիս Գալստյանը, ի վնաս իրենց, կատարել է որոշակի գործողություններ։ Իսկ սույն քրեական վարույթն այն աստիճան է անելանելի, որ անգամ օպերատիվ հետախուզական տվյալներ չկան, թե ինչ տվյալ է փոխանցվել Սարգիս Գալստյանի կողմից»։

Ախ, այդ Արցախի քարտեզը

Դատավճռի հիմքում, որպես ապացույց դրվել է նաեւ Սարգիս Գալստյանի համակարգչում հայտնաբերված Արցախի քարտեզը, արցախյան լուսանկարները, Կրկժանից արված նկարները։

Դատարանում պաշտպանական կողմը հայտնել է, որ այդ քարտեզները եղել են 1918 թվականի, Ցարական Ռուսաստանի ժամանակաշրջանի, եղել է Շուշիի քարտեզը, եւ «արդյո՞ք ադրբեջանական կողմին կարող էր հետաքրքիր լինել դրանք կամ եթե Շուշին Ադրբեջանին մոտ է, ողջամիտ է արդյո՞ք, որ գտնվելով Շուշիում՝ Ադրբեջանին կհետաքրքրի Սարգիս Գալստյանի մոտ առկա Ցարական Ռուսաստանի քարտեզը կամ առհասարակ Շուշիի քարտեզը, երբ թշնամին արդեն այնտեղ է»։

Վկաներից ԱԱԾ սպա Անդրեյ Գրիգորյանը եւ նախագահ Սամվել Շահրամանյանը հայտնել էին, որ. «Եթե թշնամին գտնվում է Շուշի քաղաքում, Կրկժան գյուղի լուսանկարն այլեւս պետքական չէ, քանի որ Կրկժանը գտնվում է Շուշիի «ափի մեջ»։ Եթե Կրկժան գյուղի քարտեզները հանձնվեր թշնամուն այն ժամանակ, երբ Շուշին թշնամու տիրապետության տակ չլիներ, ընկալելի կլիներ՝ ստրատեգիական համադրություններ կատարելու փաստով պայմանավորված։ Սակայն իրականությունից չկտրվելով պետք նշել, որ մինչեւ Ղարաբաղյան շարժումը Շուշին եղել է Ադրբեջանինը, եւ չկա անհրաժեշտություն՝ Ս. Գալստյանին հանձնարարություն տալու՝ Շուշիի քարտեզները գտնելու եւ փոխանցելու»։

Ինչ վերաբերում է թանգարանից իրեր վերցնելուն՝ բարերար Կարո Սարգսյանի ցուցմունքերին, Սարգիս Գալստյանը հայտնել էր, Կարոն իր կնոջ մորեղբայրն է, իրենց հարաբերությունները եղել են բարեկամական, եղբայրական, նշյալ աշխատանքների պատասխանատու անձն է: Գալստյանը հայտնել էր. «Արցախում մնալով այլեւս չի զբաղվել իրեր վերադարձնելու հարցով, քանի որ հասկացել էր, որ ռուսական կողմն այլեւս ոչնչով չի կարող օգնել եւ բացի դրանից, Կարո Սարգսյանն էլ էր իրեն արգելել զբաղվելու իր թանգարանում ցուցադրված մշակութային արժեքների վերադարձման գործընթացով: 2020 թվականի նոյեմբեր ամսին, պատերազմի ավարտից հետո, մի քանի անգամ գնացել է Շուշիի մոտակայքում տեղակայված ՌԴ սահմանապահ զորքերի ծառայող Նիկոլայի մոտ, նրա միջոցով փորձել է Շուշիի արվեստի կենտրոնից դուրս բերել մշակութային արժեքներ, սակայն չի ստացվել, քանի որ Նիկոլայն իրեն ասել է, որ խոսել է եւ ադրբեջանցիներն ասել են, որ այդտեղից չի կարող որեւէ իր կամ առարկա դուրս գալ, որից հետո այլեւս այդ հարցերով չի զբաղվել։ Անձնական իրերի կամ առարկաների հետ կապված փորձեր չի կատարել»։

Այս խնդրի հետ կապված էլ, պաշտպանական կողմը գտել էր, որ ձեռք չի բերվել ապացույցների անհրաժեշտ եւ բավարար համակցություն, որպեսզի ՀՀ քրեական օրենսգրքի 424-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի հատկանիշները կազմող յուրաքանչյուր փաստական հանգամանք հաստատված համարվի այն խորությամբ եւ աստիճանի, որ կասկած չմնա դրանց ապացուցվածության վերաբերյալ, ինչպես նաեւ հերքի Սարգիս Գալստյանի կողմից ի պաշտպանություն բերվող փաստարկները, իսկ դատավճռի հիմքում դրված ապացույցներով այդ հանգամանքների ապացուցվածությունը խիստ կասկած է հարուցում:

Այսինքն՝ առկա է չփարատված կասկած Սարգիս Գալստյանի կողմից իրեն մեղսագրված արարքը կատարելու հանգամանքների, մասնավորապես, նրա կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, տարածքային անձեռնմխելիությանը եւ արտաքին անվտանգությանն ի վնաս օգտագործելու համար լրտեսություն կատարելու մեղքի վերաբերյալ։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.12.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031