Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր ռազմավարությունը պետք է դառնա երեխաների իրավունքների պաշտպանության քաղաքականության առանցքային հենարանը. ՀՔԱՎ

Դեկտեմբեր 24,2025 16:09

Երեխաների իրավունքների պաշտպանության նոր ռազմավարության ընդունման անհրաժեշտությունը

ՔԱՂԱՔԱՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ

Հայաստանի Հանրապետությունում 2021թ-ից ի վեր բացակայում է երեխայի իրավունքների պաշտպանության գործող ռազմավարական փաստաթուղթը։ 2024թ․ հունիսին հրապարակված Երեխայի իրավունքների պաշտպանության 2024–2029թթ. համալիր ծրագրի նախագիծը (այսուհետ՝ Համալիր ծրագրի նախագիծ) դեռևս գտնվում է լրամշակման փուլում։

Սույն քաղաքականության փաստաթուղթը նպատակ ունի.

  • վերահաստատել երեխայի իրավունքների պաշտպանության նոր ռազմավարության ընդունման հրատապությունը,
  • մատնանշել նոր ռազմավարության առաջնահերթությունները հոգեկան առողջության, ապաինստիտուցիոնալացման և երեխաների շուրջօրյա խնամքի ոլորտներում։

Նշված ոլորտները հանդիսանում են Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ռազմավարական առաջնահերթ ուղղություններ։

Նոր ռազմավարությունը պետք է դառնա երեխաների իրավունքների պաշտպանության քաղաքականության առանցքային հենարանը, ապահովելով՝

  • միջոլորտային համակարգում, որտեղ առողջապահական, սոցիալական պաշտպանության, կրթության, արդարադատության և երեխայի իրավունքների իրացման ապահովման համար պատասխանատու գերատեսչությունները գործում են միասնական ռազմավարական նպատակների իրականացման ուղղությամբ,
  • գերատեսչությունների հստակ պատասխանատվություն ռազմավարության մշակման, իրականացման, երեխաների իրավունքների ապահովման և պաշտպանության բոլոր փուլերում,
  • մշտադիտարկման և հաշվետվողականության մեխանիզմներ, որոնք թույլ կտան գնահատել ոչ միայն միջոցառումների կատարումը, այլև դրանց ազդեցությունը երեխայի իրավունքների իրացման և բարեկեցության ապահովման վրա,
  • հստակ ֆինանսական պլանավորում և կայուն ֆինանսավորման աղբյուրներ, որոնք կապահովեն ռազմավարության իրագործելիությունը։

Նոր ռազմավարությունը պետք է, ի թիվս այլնի, խթանի ապաինստիտուցիոնալացման գործընթացը, համայնքահենք ծառայությունների հասանելիությունը և հոգեկան առողջության ոլորտում ծառայությունների ներդրումը և մասնագիտական ներուժի համալրումը։ Այդպիսով երեխայի իրավունքների պաշտպանության նոր ռազմավարությունը կնպաստի Հայաստանի միջազգային պարտավորությունների լիարժեք կատարմանը և երեխայի լավագույն շահի գերակայության երաշխավորմանը։

Առաջարկություններ

  • Հաստատել երեխայի իրավունքների պաշտպանության նոր ռազմավարությունը՝ որպես առանձին քաղաքական փաստաթուղթ։
  • Ռազմավարությունը պետք է ներառի հստակ տեսլական, նպատակներ, ազդեցության և արդյունքի չափելի ցուցիչներ՝ ապահովելով մշտադիտարկման և գնահատման մեխանիզմ։
  • Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով՝ սոցիալական, առողջապահական, կրթական, արդարադատության և տեղական ինքնակառավարման մարմինների ներգրավմամբ՝ ռազմավարության իրականացման և դրա մշտադիտարկման պատասխանատվությամբ:
  • Նոր ռազմավարությամբ նախատեսել միջնաժամկետ ֆինանսական պլանավորում՝ յուրաքանչյուր ուղղության համար։
  • Սահմանել նվազագույն պետական բյուջետային պարտավորություններ երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտի իրականացման համար։
  • Ապահովել ծրագրերի համաֆինանսավորում՝ միջազգային գործընկերների ներգրավմամբ՝ խուսափելով, սակայն, բացառապես արտաքին ֆինանսավորմամբ իրականացումից։
  • Միջոցառումները մշակելիս հաշվի առնել քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերն ու նախաձեռնությունները՝ ապահովելով դրանց շարունակականությունը և կայունությունը պետական ֆինանսավորմամբ։
  • Ապաինստիտուցիոնալացման, հոգեկան առողջությանը վերաբերող միջոցառումները համապատասխանեցնել Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին և միջազգային կառույցների առաջարկություններին։

Փաստաթուղթն ամբողջությամբ՝ այստեղ:

ՀՔԱՎ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031