Մաքրման ուխտի ճամփան մեզ տանում է դեպի եկեղեցի։ Բնավ կարևոր չէ, թե դու աշխարհագրական որ տարածքում ես, գնում ես քո մոմերը վառելու, թե խոնարհվում ես՝ ներաշխարհիդ թելադրանքով։ Յուրաքանչյուր սրբապատկեր քեզ է նայում հուսատուի, կարեկցողի, հաղորդակցվողի անթարթ հայացքով և դու հոգով մենախոսում ես նրա հետ։
Ապրելով Սանկտ Պետերբուրգում, խտացած կարոտս միշտ հասնում է Հայաստան և ես բնակության երկփեղկվածությունս համարում եմ մխիթարելի, երբ ամեն կիրակի գնում եմ հայկական եկեղեցի՝ Պատարագ լսելու. ինձ թվում է՝ աղերսներս երկնային ճանապարհով հասնում են նաև իմ երկիր և լսելի է դառնում հասցեագրված ներսումս։
Ինձ համար այդ տաճարը խորհրդավորվում է հայր Եփրեմի վեհաշուք կերպարով, ում հետ հոգեպես հայտնվում ենք նույն հայրենական, նվիրումի եզերքներում։ Հայտնի է ինձ, որ հայր Եփրեմը երկար ժամանակ իր ներքին լույսով Օհանավանքի տաճարը դարձրել է յուրատիպ սրբավայր և այդ անխամրելի հիշատակը նվիրաբերել է պատկան տարածքի հավատացյալներին։ Հույս ունեմ, նրանք չպիտի մոռանան նրա մատուցած պատարագները։ Հուրախություն ինձ` այսօր ես կարողանում եմ ամեն հանգստյան օր վայելել հայր Եփրեմի հոգեզմայլ ներկայությունը, ով գիտի հավատավորների սրտի ճամփան։
Որպես հայրենաշունչ երկրի նվիրյալ որդի, երբ ձեռքը դնում է ուսիս, ես տիեզերական ուժ եմ զգում այդ հպումից և ինձ թվում է՝ իմ մոմավառությունն ու աղոթքները հասան տիրավորին։ Այդ ուժն ինձ վստահություն և հավատամք է տալիս, որ հույսը հիվանդանում է, բայց իր ապաքինման ժամին մեզ տանում է լուսաբեր, ազգապահպան ճանապարհով։ Ինձ համար զարմանալի չէ, որ եկեղեցու նվիրյալ Հայր Եփրեմն ունի ինը հայաշուրթ երեխա, ովքեր իրենց ներսում միշտ հնչեղ են պահում հայաստանյան կարոտը, նրա տաճարներում հնչող զանգերի ղողանջները և հոգուն հասնող կենսաթրթիռ վերձիգ սաղմոսները՝ Մաշտոցյան հնչեղությամբ։
Կարդացեք նաև
Այո՛, ես օտար հողում ունեմ իմ երկրի համայնապատկերը, հայրենասիրությամբ տոգորված մեկը, ով կարողանում է իմ խոհերին խաղաղություն բերել` անգամ եթե բառերը չեն հերիքում արտահայտվելու համար։ Մեր լռության մեջ էլ խոսքեր կան. նրանք ունեն նույն մտահոգությունը, հայացքների ուղղությունը, տագնապները, կարոտների դաշտը և այդ բոլորը տանում են դեպի Ավետյաց Երկիր։ Թող օրհնված լինի Հայր Եփրեմը, ով հարազատորեն կարողացավ իմ ներսի ուժը միավորել դրսինի հետ, ու ես երկու աշխարհների բաժանարար կամրջի վրա նորից ինձ ներդաշնակ ու ամուր զգացի՝ սիրով սպասելով հերթական կիրակիներին։
Բանաստեղծուհի, արձակագիր
Նեկտար ՍԻՄՈՆԻ
«Առավոտ» օրաթերթ
24.12.2025


















































