Պատահականորեն համացանցում տեսա ադրբեջանցի 91-ամյա փիլիսոփայության դոկտոր Իսրաֆիլ Մամեդովի «Բաց նամակ Բակուր Կարապետյանին» տեսանյութը, որը հայերեն ընթերցում էր ոմն Հասան Օմարը։
Իսրաֆիլ Մամեդովը հայտնի է հակահայկական, հայոց մշակույթը խեղաթյուրող, հայ ժողովրդի գոյությունը մերժող հոդվածներով։ Հիշում եմ նրա «Иреван один из ранних культурных центров Ажербайджана» հոդվածը։ Նրա ատելությունը հայերի, ամեն հայկականի հանդեպ ատելությունն ու թշնամանքը չափ ու սահման չունի։ Սակայն հայտնի է, որ նա ծնվել, հասակ է առել, կրթվել Հայաստանում, ապա տեղափոխվել Բաքու։ Նրա Բաց նամակի թեման Ադրբեջանի ու նրա մշակույթի հնությունն է ու Հայաստանի ու հայ ժողովրդի գոյության մերժումը։
Իհարկե, կարելի է արհամարհել այս զառամյալ մարդու մտքերը, որը յուրահատուկ է Բաքվի վայ–գիտնականներին, համարելով այն հոգեկան հիվանդի զառանցանք ու, ինչպես ընդունված է հայոց պատմագիտական շրջանակներում, համառորեն լռել, միեւնույն է, մենք արդար ենք ու մաքուր։ Իսկ որ այս լռությունը հասցրել է նրան, որ միջազգային հանրության կարծիքն այսօր մեր օգտին չէ։ Այն տեղեկատվական պատերազմի ակտիվ մաս է կազմում, ու այդ անողոք պատերազմում մենք ցավալի պարտություն ենք կրում։ Դրա հիմնական պատճառը մեր երկրի անկախության շրջանից սկսած անգետ ղեկավարների վարած քաղաքականությունն է ու կարող ուժերին պատասխանատու ոլորտից հեռու պահելը։ Եթե ես անձնազոհության գնով նկարահանումներ էի կատարում Սումգայիթում, Կիրովաբադ–Գյանջայում ու արցախյան թեժ կետերում, դրանք հենց միջազգային հանրությանը ճշմարտությունը մատուցելու նպատակ էր հետապնդում։ Սակայն ոչ պետական այրերը, ոչ էլ գործարար խավը չօգնեցին այդ տեսանյութերով ֆիլմաշար ստեղծելու եւ այն հանրային կարծիք ստեղծելու հարցում։
Որպես արձակագիր եւ լրագրող, որոշեցի առիթն օգտագործել՝ բացահայտելու Բաքվի կեղծարար գիտնականների ու քաղաքագետների դեմքը։
Կարդացեք նաև
Իսրաֆիլ Մամեդովին զայրացրել է Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիբ Էրդողանին ու Իլհամ Ալիեւին ուղղված իմ Բաց նամակները։ Թուրքիայի նախագահին ես մեղադրում եմ Մուհամմադ մարգարեի վեց ուխտը իր ժամանակի քրիստոնյաների հետ խախտելու, մահմեդականների առաջնորդի պատգամները արհամարհելու, քրիստոնյաների հոգեւոր ու մշակութային ժառանգությունը ոչնչացնելու, Փոքր Ասիայում հայերի, հույների ու ասորիների նկատմամբ թուրքերի գործած ցեղասպանությունը չճանաչելու մեջ, որն ինքնին հանցանք է։ «Շուշի հիմնադրամ» հրատարակչությունը Արեւմտյան Հայաստանի վտարանդի կառավարության Մայնցի կենտրոնի, «Մարգարեի ուխտը» հիմնադրամի եւ Գիտությունների համահայկական ակադեմիայի աջակցությամբ, 2019 թ. հայերեն լույս էր ընծայել «Մուհամմադ մարգարեի վեց ուխտը իր ժամանակի քրիստոնյաների հետ» Մուհամմադ Իբն Աբդուլլահի գիրքը։ Այն մեզ էր տրամադրել դոկտոր Ջոն Էնդրյու Մորոուն։
Իսկ Էրդողանի սանիկ Բաքվի բռնապետ Իլհամ Ալիեւը, իր հայատյացությամբ վաղուց առաջ է անցել իր ուսուցչից ու ամեն ինչ անում է Հայոց պետականությունը ոչնչացնելու, հալածում է Ադրբեջանական վարչատարածքում ապրող բնիկ ժողովուրդներին՝ լեզգի, ավար, թալիշ եւ մյուս բնիկ ժողովուրդներին եկվոր թուրք տարրի մեջ ուծելու, նրանց հազարամյակների խորքից եկող ինքնությունը ոչնչացնելու համար։
Ի. Մամեդովին զայրացրել է, որ Իլհամ Ալիեւին ուղղված Բաց նամակում հիշեցրել եմ Չինգիզ խանի թոռ Ղուլաղու խանի կողմից 1256 թ. միջինասիական Կարակում եւ Կզըլկում անապատներից թափառական ցեղախմբերին Իրանի հյուսիս–արեւմտյան Ատրպատական երկրամասը գաղթեցնելու փաստի հիշատակումը։ Ընդհանրապես Բաքվի գիտնականներն ամեն կերպ փորձում են խուսափել Հարավային Կովկասում եւ Արաքս գետից հարավ Իրանի Ատրպատական–Ազարբայջան նահանգում ապրող ժողովուրդների, ցեղախմբերի իրական պատմությունից եւ այսօրվա հարեւան ժողովուրդների մշակութային ժառանգությունը սեփականացնելու փորձերով, բիրտ ուժով տիրանալու նրանց տարածքներին։
Ասել, որ այս քաղաքականությունը որդեգրած Անկարայի ու Բաքվի իշխանությունների քայլերը միանշանակ ընդունելություն է գտնում այդ Ատրպատական–Ազարբայջանում, դժվար է հաստատել։ Դեռեւս 1996 թ., երբ նոր լույս տեսած իմ «Հարյուր տարվա երկխոսություն» գրքի երկրորդ հատորի որոշ տպաքանակով Թեհրան էի գնում, Ջուլֆա–Ջուղայի մաքսատան պետը, ծանոթանալով գրքին, խնդրեց, որ մեկ ամիս հետո ետ գալիս անպայման հանդիպեմ իրեն, քանի որ Ատրպատական նահանգում կարեւոր մարդիկ կան, որոնք շատ կուզենային հանդիպել ինձ հետ։ Եվ ահա մեկ ամիս հետո վերադառնալով Թեհրանից, մաքսատան պետը խնդրեց երկու ժամ սպասել, մինչեւ գան մարդիկ։ Անընդհատ տեսնում էի մաքսատուն եկող ամենագնացները։ Ինձ հայտնեցին, որ ինձ հետ հանդիպման եկողները համալսարանների ռեկտորներ, գիտնականներ, գործարարներ, հասարակական ու պետական գործիչներ են, որոնց հուզում է իրենց ազարի ժողովրդի ճակատագիրը։
Մաքսավորները քսան մետր երկարության ճոխ սեղան էին պատրաստել։ Նկատեցի, որ ամեն ինչ կար՝ բացի ալկոհոլային խմիչքից։
Նրանք հայ թարգմանիչ էին բերել իրենց հետ։ Հայտնեցին, որ Անկարայից իրենց միշտ ասում են, որ իրենք թուրք են, իսկ Թեհրանից ասում են՝ իրենք իրանցի ժողովուրդ են։ Որի՞ն հավատան, չեն կողմնորոշվում։ Իրենց հետաքրքիր է մի երրորդ կողմի, մանավանդ իրենց իրական պատմությունը ուսումնասիրողի կարծիքը։ Ես պատասխանեցի, որ իրոք Երեւանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում շատ գրականություն կա, որոնք ճշգրիտ տեղեկություններ են տալիս ձեր ժողովրդի անցյալի մասին։ Օրինակ, հավաստի աղբյուրը տեղեկացնում է 1256 թ. միջինասիական անապատներից Չինգիզ խանի թոռ Ղուլաղու խանի Ատրպատական բերած 100 000 քոչվոր ընտանիքների մասին։ Բայց ասել, որ դուք նրանց ժառանգներն եք, սխալ կլինի, քանի որ Ատրպատականում ապրում էին քրդեր, պարսիկներ, ասորիներ, մարեր, հայեր, այլ ժողովուրդներ։ Եկվոր քոչվորները լուծվել են նրանց մեջ։ Իսկ խոսակցական լեզուն գերակայել է եկվորներինը, սակայն միախառնվելով տեղի լեզուներին, առաջացել է մի նոր լեզու, որն այսօր կոչվում է ազարի, ու ես, որպես Արցախ–Ղարաբաղի զավակ, որոշակի տիրապետում եմ այդ լեզվին։
Ի վերջո հայտնեցին, որ իրենք ուզում են այդ թեմայով ուսումնասիրություն գրեմ։ Տվեցի հեռախոսահամարը եւ իմեյլի հասցեն, սակայն եւ համոզված լինելով, որ Անկարան ու Բաքուն հազիվ թե նրանց թույլ տան իրենց իրական պատմությունը բացահայտող պատվեր տալ հայ գրողին, քանի որ տասնամյակներ շարունակ իրենք քիչ ջանքեր չեն թափել թափառական ցեղերի համար նոր ու հարմար պատմություն ստեղծելուն՝ միեւնույն ժամանակ փորձելով յուրացնել նրանց ինքնության տարրերը։ Գտել են ուտիների, որոնց միջոցով հայերի մշակույթին պատկանող խաչքարերի արվեստը վերագրում են նրանց, քանի որ Կովկասյան Ալբանիայի հետ են կապում՝ դիտավորյալ մոռացության մատնելով այն հանգամանքը, որ այդ պետության մեջ ապրում էին 27 ցեղեր ու ժողովուրդներ։ Ժամանակին Հռոմի ու Պարսկաստանի կայսրությունները այն ստեղծել են հյուսիսից ու արեւելքից թալանի ու նվաճելու նպատակով եկող հորդաների դեմ։ Բյուզանդական կայսրությունն ու Հայաստանը երկու անգամ փորձեցին Աղվանքի ժողովուրդների ու Կասպից ծովի արեւմտյան ափին հանգրվանած հոների համար գրեր ստեղծել։ Մի անգամ այդ առաքելությունը կատարեց հայ գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցը, որը Կուր գետի ձախակողմյան ափին ապրող կոկորդախոս գարգարների, հարյուր տարի հետո՝ Արցախի եպիսկոպոս Քարդոստը (տես՝ Բրիտանական հանրագիտարան, տես նաեւ՝ Բակուր, «Ջամասպ եւ Կավատ սասանյան արքայից արքաները», էջ 217-232)՝ հոն սավիրների համար։ Նրանք այդ ժողովուրդների համար դպրոցներ էին հիմնում, գրերը տարածում։ Իսկ Քարդոստը յոթ տարում այդ գրերը ստեղծելուց հետո եւս յոթ տարում այդ գրերով թարգմանեց Սուրբ Գիրքը, հիմնեց դպրոցներ։ Այդ ընթացքում Բյուզանդիայի կայսր Անաստաս Առաջինը (491–518 թթ.) որպես օգնություն Քարդոստին ուղարկեց երեսուն գրաստներով բեռնված սնունդ եւ դպրոցական պարագաներ։ Սակայն ոչ աղվանական թեւի ցեղերն ու ժողովուրդները, ոչ էլ հոները պատրաստ չէին ընդունելու եւ գործածելու այդ գրերը, որի պատճառով էլ դրանք մոռացության մատնվեցին։ Այսօր թուրքախոս ժողովուրդներից երբեմն հիշատակում են վաղ միջնադարում գրեր ունենալու մասին, սակայն հրաժարվում են հիշատակել եպիսկոպոս Քարդոստի անունը, քանի որ նա հայ էր։
Բաքվի իշխանական ու գիտական վերնախավի ներկայացուցիչներն անընդհատ թմբկահարում են Աղվանքի (Կովկասյան Ալբանիա) երեւույթը, իրենց համարելով նրանց ժառանգներ։ Թուրքական զորքը XX դարասկզբին զավթելով Այսկովկասի Արաքսից հյուսիս տարածքները, դիվանագիտական խորամանկ քայլով նրան պարտադրեցին Արաքս գետի աջակողմյան Իրանի հյուսիս–արեւելյան Ատրպատական–Ազարբայջան երկրամասի անունը։ Ազարբայջան անունը առաջացել է 7-րդ դարում, երբ Իրանը նվաճող արաբները Ատրպատական (Կրակի երկիր) անվանումը հարմարեցնելով իրենց լեզվին, այն կոչեցին Ազարբայջան։ Հետագայում միջինասիական անապատներից այստեղ բերած քոչվորները սեփականացրին այն։
Ինչպես երեւում է, Իսրաֆիլ Մամեդովը խիստ վիրավորվել է ինձնից տարիներ շարունակ Միջին Ասիայից այս մեծ տեղահանությունը գաղտնազերծելու համար, քանի որ Բաքվի իշխանության հանձնարարությամբ ջնջել, վերացրել են այս մեծ գաղթի մասին ցանկացած հիշատակում։ Սակայն նրանց ձեռքը չի հասել Երեւանի Մատենադարանի պահոցներին։
Հայաստանում ծնված ու կրթություն ստացած գիտնականը, որպես «Իրավանի» մասնագետ, գրում է. «Իրավանը հիմնել են ադրբեջանցիները», ուրեմն այն ադրբեջանցիների հայրենիքն է։ Ընդհանրապես, թուրքական քարոզչությունը հսկայածավալ աշխատանք է իրականացնում աշխարհում հանրային կարծիք ստեղծելու, թե իբր թուրք ժողովուրդը հանդիսանում է առաջին քաղաքակիրթ երկրի՝ Շումերական պետության անմիջական ժառանգորդը։ Իհարկե, անհնար է ժխտել, որ թուրքերի նախահայրենիքը Լեռնային Ալթայն է։ Սակայն միջնադարում օգտվելով Բյուզանդական կայսրության թուլացումից, ներսից կարողացան ավելի թուլացնել ու նվաճեցին այն, իրենց ենթարկելով եւ Հարավային Կովկասը։ Այդ նվաճումները իրականացվում էին Հայկական բարձրավանդակում ու Փոքր Ասիայում հազարամյակների խորքից եկող տասնյակ մշակույթների ոչնչացմամբ ու հայ, հույն, ասորի ու եզդի ժողովրդի ցեղասպանությամբ։ Ու Թուրքիայի նախագահ Էրդողանը համառորեն պնդում է, որ իրենց պատմությունը մաքուր է։ Ու Իրանի երկրամասի անվանումը յուրացրած Բաքվի իշխանությունը կրկնում է օտար մշակույթի ժառանգությունը սեփականացնելու ավագ եղբոր հնարքները։ Իսրաֆիլ Մամեդովի նման ապերախտ գիտնականներն առանց երկմտության, իրենցն են համարում միջնադարի հայ մատենագիրներ Կաղանկատվացուն, Մխիթար Գոշին, Կիչակոս Գանձակեցուն, իսկ նրանց, որոնց անհնար է սեփականացնել, կեղծիքներ են կպցնում։ Օրինակ, ոմն Առաքել Բաբախանյանի միջոցով Հայոց մեծ պատմահայր Մովսես Խորենացուն են փորձում մերժել։ Յուրացրել են Նիզամուն։ Պարսից մեծ պոետը գրել է հայերի մասին, սակայն Ադրբեջանի ու թուրքերի մասին ոչ մի հիշատակում չունի։ Նա ծնվել եւ գործել է Ատրպատականի Գանձակ քաղաքում, գրել պարսկերենով ու թուրքերի, կամ առավել եւս, ադրբեջաներեն չէր կարող ոչ մտածել, ոչ էլ գրել։ Իրանի Իսլամական Հանրապետության գիտնականներն ու գրողները բազմիցս բողոքել են Պարսկաստանի զավակ, մեծ պոետ Նիզամուն Բաքվի կողմից սեփականացնելու փորձի դեմ։
Ռուսաստանի կայսր Պետրոս Առաջինը (1672-1725 թթ.) Դերբենտից մինչեւ Ռեշտ Կասպից ծովի արեւմտյան առափնյա տարածքներում Արցախի հայերին բնակեցնելու ծրագրի իրականացման համար ռուսական զորքերի հրամանատարներին ու պարետներին ուղղված հանձնարարականներում ոչնչ չի հիշատակվում այդտեղ ապրող ադրբեջանցիների կամ թուրքերի մասին, քանի որ դրանք գոյություն չունեին այդտեղ։ Հիշատակվում է պարսիկների մասին։
Բաքվի 91-ամյա դոկտորը իր նամակում պնդում է, որ ադրբեջանցիները եւ թուրքերը հին ժողովուրդներից են։
Թուրքերի գոյության մասին առաջին տեղեկությունները հայտնի դարձան 5-րդ դարից, երբ չինական մեծ պատի պատճառով այլեւս անհնար էր դարձել թալանչիական արշավները դեպի Չինաստանի բնակավայրերը, ու քանի որ նրանցից պաշտպանվելու համար չինացիք ավելի քան 10 հազար կիլոմետր երկարության պարիսպ էին կառուցել, Լեռնային Ալթայի բնակիչները ստիպված էին իրենց արշավների ուղղությունը փոխել դեպի արեւմուտք՝ միջինասիական երկրները, ապա Իրան, Հայկական լեռնաշխարհ, Փոքր Ասիա։ Թուրք օղուզները արշավում էին՝ իրենց հետեւից բերելով քոչվոր բնակչությանը՝ իրենց ոչխարի հոտերով։ Քոչվոր ընտանիքներն ունեին տարածքները յուրացնելու իրենց ծրագրերը՝ լեռներին, գետերին, լճերին, մարգագետիններին, երկրներին տալով իրենց լեզվին հարմար անուններ։ Այդպես Հայոց հյուսիս արեւելյան կողմանքը դարձավ Ղարաբաղ, Տրտուականը՝ Թարթառ, Քարվաճառը՝ Քյալբաջար, Ատրպատականն ու հայոց Առանը՝ Ազարբայջան… Ու նրանց ժառանգները շարունակում են օտար ժողովուրդների մշակութային ժառանգությունը սեփականացնելու նույն մարտավարությունը։ Իրենցն են փորձում դարձնել միջնադարի հայ մշակույթի այնպիսի ներկայացուցիչների, ինչպիսիք են Մովսես Կաղանկատվացին, Մխիթար Գոշը, Կիրակոս Գանձակեցին, միայն հայ մշակույթին առանձնահատուկ խաչքարի արվեստը, ճարտարապետությունը։ Դպրոցական դասագրքերով նոր սերունդների մեջ թշնամություն, անհանդուրժողականություն են սերմանում հայ ժողովրդի նկատմամբ։ Քարոզելով, թե թուրք ժողովուրդը մարդկության առաջին քաղաքակրթության՝ շումերների անմիջական ժառանգներն են, ուստի եւ իրավունք ունեն յուրացնելու նաեւ Միջագետքի տարածքները։
Ահա Իսրաֆիլ Մամեդովը, հարազատ մնալով իր քոչվոր նախնիների դասերին, գիրք է գրել, որտեղ երեքհազարամյա Երեւանը իրենց լեզվին հարմար Իրեվան է դարձրել, դա էլ հիմք ընդունելով՝ Բաքվի բռնապետ Իլհամ Ալիեւը պահանջում է, որ Երեւանում ու Հայաստանի մյուս մարզերում ապրեն ադրբեջանցիները։
Համառորեն իրենցը համարելով վաղ միջնադարում նվաճողական քաղաքականությամբ աչքի ընկած Սկյութներին ու մասագետներին, զուգահեռ իրենց համարում են եվրոպացիներ։ Սակայն թուրքերը ամենեւին էլ սկյութների ու մասագետների հետ կապ չունեն։
Իսրաֆիլը գրում է, թե Արփա գետը իրենք Արփաչայ են կոչել, ուրեմն գետի ավազանը թուրքական հող է։ Իսկ որ Արփա գետանունը հազրամյակների խորքից է գալիս ու այն Արեւի հայերեն անուններից է բխում, դա ոչ մի նշանակություն չունի։ Անհիմն պնդում է, թե թուրք–օղուզները հազարամյակներ շարունակ իշխել են Սեւանի ավազանում…
Դիտավորյալ մոռացության մատնելով սեփական ժողովրդի պատմությունը, որն ինքնին հանցագործություն է, Բաքվի «պատմագետները» շարունակում են իրենց նախնիների նվաճողական քաղաքականությունը արդեն պատմագիտության, մշակույթի ոլորտներում։
Բաքվի եւ Անկարայի իշխանությունները ուշի ուշով հետեւում են հայ պատմագետների, գրողների հոդվածներին, նույնիսկ նրանց նամակներին, ոչինչ չի վրիպում նրանց սեւեռուն հայացքից ու նրանց դեմ հոդվածներ, պատասխան նամակներ մոգոնում, կանգ չառնում իրական պատմությունը կեղծելու առջեւ։
Բակուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ԱՐՁԱԿԱԳԻՐ, ԳԵՂԱՆԿԱՐԻՉ ԵՎ ԻՆԺԵՆԵՐ, «ՇՈՒՇԻ ԲԵՐԴԱՔԱՂԱՔ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՏՆՕՐԵՆ
«Առավոտ» օրաթերթ
24.12.2025


















































