Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական բենզինը` որպես «իրական Հայաստանի» խորհրդանիշ

Դեկտեմբեր 25,2025 10:00

Ինքնին ադրբեջանական բենզին բերելու փաստը ողբերգական չեմ համարում: Ի դեպ, ասեմ, որ դա «աննախադեպ» երեւույթ չի. նման դեպքեր եղել են նույնիսկ 1992-94 թվականի պատերազմի ժամանակ: Ընդհանրապես կարելի է արձանագրել, որ տնտեսական, ինչպես նաեւ առանձին բիզնեսմենների շահերը կարող են չհամապատասխանել պետությունների կողմից վարվող ընդհանուր քաղաքականությանը: Օրինակ, այս 4 տարիների ընթացքում Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ նույնպես եղել են բազմաթիվ տնտեսական գործարքներ:

Խնդիրն այլ տեղ է: Եթե իշխանություններին հաջողվում է «վաճառել» Հայաստանի հասարակության վրա 1220 տոննա բենզինի (ամեն օր ծախսում ենք գրեթե 8 անգամ ավելի շատ) առաքումը Ադրբեջանից որպես «խաղաղության հաստատում», եւ մեր քաղաքացիների մի մասի մեջ դա, որքան հասկանում եմ, բուռն հրճվանք է առաջացնում, ուրեմն ՔՊ-ին հաջողվում է ստեղծել «իրական Հայաստան»: Դա մի «տեղ» է, որտեղ չկա ազգային արժանապատվության, ազգային նպատակների, ապագայի մասին որեւէ պատկերացում, չկա համերաշխություն, կան իրար չհանդուրժող, իրար ատող քաղաքացիների խմբեր, իսկ ընդհանրության մեջ հասարակությունը միտված է դեպի սպառումը, դեպի սննդամթերք եւ վառելանյութ (թույլ տվեք ժամանակին շատ տարածված բառ օգտագործել)՝ «լափելը»:

Իշխանությանը հաջողվում է համոզել թե՛ ՀՀ քաղաքացիներին եւ թե՛ բարեկամ ու թշնամի երկրներին, որ մեր հասարակության միակ ձգտումը սպառելն է, կուշտ ուտելը: Եվ բոլորի՝ Ադրբեջանի, Թուրքիայի, Ռուսաստանի, ԵՄ երկրների, ԱՄՆ-ի վերաբերմունքը դրանով է պայմանավորվում. «Բացի սպառելուց, նրանց ոչինչ չի հուզում, չի հետաքրքրոււմ, – համոզվում են նրանք, – ո՛չ պատերազմում պարտությունը, ոչ հայրենազրկությունը, ո՛չ Բաքվում խոշտանգվող գերիները, ո՛չ իրենց տարածքները: Դե, ուրեմն, տանք մի քանի կոպեկ, մի քանի լիտր բենզին՝ թող կշտանան»:

Դրա անմիջական հետեւանքը «իրական Հայաստանն է»՝ մի տարածք, որը ձեւականորեն երկար ժամանակ դեռ կշարունակվի «պետություն» կոչվել, բայց իրականում գտնվելու է Ադրբեջանի եւ Թուրքիայի վերահսկողության տակ: Բայց դա էլ, եթե այդպես շարունակվի, վաղ թե ուշ կվերջանա: Ինչպես եւ ձեւական առումով պետությունը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սահակ says:

    Հարգելի պարոն Աբրահամյան
    Ցավալի է գիտակցել, բայց իրական Հայաստանում կոմֆոռմիստներն ահավոր շատ են, և նրանք հույս ունեն, որ վերջին պահին կմեկնեն Հայաստանից /կփախնեն/ և հեռվից կորցրած ,,հայրենիքի ,, մասին կլացեն
    Չկա ԱԶԳ, մնացել է սպառող խաժամուժ

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031