Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը լուծարում է «Շողակաթ» հեռուստաալիքի հեռարձակումը իրականացնող ընկերությունը

Դեկտեմբեր 25,2025 09:46

Կառավարության այսօրվա նիստի չզեկուցվող հարցերի օրակարգում է «Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու հարցը: Նշենք, որ այս ընկերությունն է իրականացնում «Շողակաթ» հեռուստաալիքի հեռարձակումը։

Նախագծի հիմնավորման համաձայն՝ լուծարման հիմք է հանդիսանում 2025 թվականի հոկտեմբերի 24-ի «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» N ՀՕ-329-Ն օրենքը։

Հիշեցնենք, որ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում այդ փո­փոխու­թյամբ առաջարկվում էր կրճատել հանրային հեռարձակողների թիվը։ Պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Թագուհի Ղազարյանի նախաձեռնությամբ սահմանվեց, որ հանրային հեռարձակողների թիվը չի կարող պակաս լինել երկուսից։ Իսկ հոկտեմբերի 6-ին էլ «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման ժամանակ․ «Ինչո՞ւ եք փակում «Շողակաթը»» հարցին՝ Թագուհի Ղազարյանը պատասխանեց, որ առանց սեթևեթելու կարող է ասել, որ, փոփոխությունը վերաբերում է «Շողակաթին»։

«Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերությունը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ 216-Ն որոշմամբ, որով Ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահվել են Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին:

Ընկերության գործունեության հիմնական տեսակը հոգևոր և մշակութային հեռուստատեսային հաղորդումների արտադրությունն ու հեռարձակումն է։

Կառավարության ընդունելիք որոշմամբ՝ ընկերության լուծարման գործընթացը կիրականացվի Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի հրամանով ստեղծվող լուծարման հանձնաժողովի միջոցով։ Հանձնաժողովում կներգրավվեն ֆինանսների, արդարադատության, պետական եկամուտների կոմիտեի, Հանրային հեռարձակողի խորհրդի, ինչպես նաև Պետական գույքի կառավարման կոմիտեի ներկայացուցիչներ։

Հանրային հեռարձակողի խորհուրդը, ինչպես նաև Պետական եկամուտների կոմիտեն և Ֆինանսների նախարարությունը, որևէ առաջարկություն կամ առարկություն չեն հայտնել։

Հիշեցնենք, որ օրենքում առաջարկվող փոփոխությունն ընդունելի չէր Հանրային հեռարձակողի խորհրդի համար։ Կառավարությանն ուղարկված գրության մեջ Խորհուրդը նշել էր, որ մշակութային ուղղվածության առանձին տեսալսողական ծրագրի առկայությունը և հեռարձակումը հանրային մուլտիպլեքսի միջոցով պարտադիր է։

«Նախագծի ընդունման դեպքում առանձին տեսալսողական ծրագրի շրջանակներում մշակութային և կրթական բովանդակության տարածումը հանրապետական ծածկույթ ապահովող հանրային մուլտիպլեքսով այլևս երաշխավորված չի լինելու։ «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն արդեն իսկ հեռարձակում է երկու տեսալսողական ծրագիր հանրային մուլտիպլեքսի միջոցով՝ հավելյալ տեսալսողական ծրագրի հեռարձակման համար հանրային հեռարձակողը սլոթի օգտագործման լիցենզիա ստանալու համար պետք է մասնակցի համապատասխան մրցույթի և ներկայացնի համեմատաբար մրցունակ հայտ։ Նման պայմաններում հնարավոր է, որ մշակութային և կրթական ուղղվածության տեսալսողական ծրագրի սփռումը հանրային մուլտիպլեքսի միջոցով հանրային հեռարձակողի կողմից այլևս հնարավոր չլինի ապահովել։ Իսկ մեր գնահատմամբ նման բովանդակության տարածումը հատկապես հանրային հեռարձակողի կողմից անհրաժեշտություն է։ Մշակութային ուղղվածության տեսալսողական ծրագրերի դերն ու նշանակությունը դժվար է գերագնահատել ազգային ինքնության պահպանման և մշակութային ժառանգության փոխանցման համատեքստում»։

Խորհուրդը նաև անդրադարձել էր ֆինանսական խնդրին՝ նշելով որ, եթե մշակութային և կրթական ուղղվածության բովանդակության սփռումը վերապահվի «Հայաստանի հանրային հեռուստաընկերության»-ը, ապա անհրաժեշտ կլինի հատկացնել նաև լրացուցիչ ֆինանսական միջոցներ։ Պետական ֆինանսավորումը, որն այժմ հատկացվում է «Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերությանը», օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորած՝ այլևս բավարար չի լինելու ցանկալի արդյունք ստանալու համար։

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն էլ media.am-ի հետ զրույցում ասել էր, որ Հանձնաժողովի հետ որևէ նախնական քննարկում չի արվել, նրանք միայն ստացել են օրենքի արդեն պատրաստի նախագիծը։

«Նամակների միջոցով, զրույցների ժամանակ ես ասել եմ, որ մեր Հանձնաժողովը և ես անձամբ, հաշտ չենք դրա հետ, որովհետև համոզված ենք, որ հանրային հեռարձակողի առաքելությունը հենց մշակութային, կրթական բովանդակության ստեղծումն ու տարածումն է։

Փակել այն ալիքը, որը շատ կարևոր դեր ունի այս կոմերցիալիզացիայի պայմաններում, փակել հանրության հետ շփվելու այդպիսի հնարավորությունների պատուհանը, ես կարծում եմ սխալ է և պետք է այլ եղանակներ գտնել։ Եթե որևէ բան չի արդարացնում իրեն պետք է գտնել մեղավորներին, պատճառը, շտկել կադրային քաղաքականությունը։ Իմ կարծիքով պետք է ավելի արդյունավետ լուծում գտնել և պահպանել հանրային հեռարձակողի մի հեռուստածրագիր, որը պետք է կրթի մեր հանրությանը»,- ասել էր Տիգրան Հակոբյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031