«Սահմանազատման հանձնաժողովներն աշխատել են, աշխատում են, հետագա անելիքներն են պլանավորում։ Բայց ուզում եմ նաեւ ասել, որ տարածաշրջանի կոմունիկացիաների բացումն ուղղակիորեն կապված է նաեւ սահմանազատման գործընթացի հետ, որովհետեւ երբ մի որեւէ հատվածով երկաթուղի պետք է անցնի կամ գազամուղ կամ էլեկտրահաղորդման գիծ, կառուցման աշխատանքները սկսելուց առաջ շատ կարեւոր է հստակ գծել, թե այդ հատվածով որտեղով է անցնում պետական սահմանը։ Այսինքն՝ պետք է հասկանանք, երկաթուղին եկավ, որ գծից է, որ արդեն Հայաստան է եւ որ գծից է, որ արդեն Ադրբեջան է»,- կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպման ժամանակ նաեւ տնտեսական օրակարգ է առաջացել․ «Քննարկել են տնտեսական օրակարգը, ինչը շատ պոզիտիվ է իմ կարծիքով, ես ողջունում եմ»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Անդրադառնալով ՌԴ նախագահի հետ ունեցած քննարկումներին՝ Փաշինյանն ասաց, որ քննարկել են նաեւ, թե տարածաշրջանում տեղի ունեցած դրական փոփոխություններն ինչ հնարավորություններ կստեղծեն Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ու ԵԱՏՄ-ի համար։ «Հիմա մենք նաեւ կարեւոր ենք համարում, որ Տավուշի հատվածում այս փուլում առնվազն մինչեւ Իջեւան երկաթուղային կայարանը ներառյալ վերականգնման աշխատանքներ իրականացվեն, նաեւ Ախուրիկի հատվածում՝ Հայաստան-Թուրքիա սահմանում մինչեւ գործող երկաթուղային հատվածում վերականգնում իրականացվի։ Եվ Հայաստան-Ադրբեջան-Նախիջեւանի սահմանից մինչեւ Երասխ վերականգնման աշխատանքներ կիրականացվեն։ Մենք հույս ունենք, որ Ռուսաստանի Դաշնության գործընկերներն այդ աշխատանքները հնարավորինս արագ կիրականացնեն։ Եթե հանկարծ դրա հետ կապված որեւէ խոչընդոտ լինի, Եթե ՌԴ-ն որեւէ խնդիր ունի, այլ հարց առաջանա, դուք գիտեք նաեւ, որ այդ հատվածները ռուսական կոնցեսիայի ներքո են, ես նաեւ արտահայտել ե մեր պատրաստակամությունը, որ Հայաստանի կառավարությունը կարող է այդ հատվածները հետ վերցնել կոնցեսիայից, եւ մենք պետական բյուջեի միջոցներով այդ վերականգնումները կիրականացնենք»,- ասաց նա։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































