Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմնավորում չպահանջող համոզմունքները

Դեկտեմբեր 26,2025 10:00

Կան բաներ, որոնցում ես համոզված եմ եւ, որոնք, սակայն, ինչ-որ օրենքների հղումներով եւ նույնիսկ տրամաբանական փաստարկներով չեն կարող հիմնավորել: Թվարկեմ դրանք՝ նշելով, թե ինչպես ե՛ս կվարվեի եւ չպարտադրելով դա ոչ մեկին:

Եթե ես քաղաքական գործիչ եմ, ես չպիտի բացասական որեւէ բառ ասեմ Բաքվում թշնամու ձեռքում գտնվող իմ հայրենակցի հասցեին: Ո՛չ հայկական, ո՛չ ադրբեջանական, ո՛չ էլ իսպանական լրատվամիջոցին: Ոչ էլ ԱԺ ամբիոնից, ինչպես դա անում էր վարչապետը: Անկախ նրանից՝ այդ, նեղության մեջ գտնվող իմ հայրենակցին «ուղարկել են», թե «չեն ուղարկել»:

Եթե ես իրավապաշտպան եմ, ապա ես չպիտի ասեմ քաղաքական պատճառներով հետապնդվողի մասին՝ «լավ են արել, բռնել են, նրան հասնում է»: Նույնիսկ այն պարագայում, եթե այդ մարդու ասածները հակասում են կյանքի մասին իմ բոլոր պատկերացումներին:

Եթե ես մտավորական եմ, ես չպիտի կատակներ անեմ այն մարդկանց մասին, ում իշխանությունն ազատազրկել է քաղաքական-անձնական վրեժխնդրությունից ելնելով՝ նույնիսկ եթե նրանց ծաղրելը ինձ համար որոշակի հարմարավետություն է ստեղծում:

Եթե ես եպիսկոպոս եմ, ես չպիտի լրատվամիջոցներով ցուցմունք տամ դարձյալ քաղաքական պատճառներով եւ անհեթեթ մեղադրանքով կալանավորված մեկ այլ եպիսկոպոսի դեմ՝ նույնիսկ եթե վերջինս 10 զավակ, 10 կին եւ 10 սիրուհի ունի:

Նման բաներ չեն սովորեցնում ոչ մի դպրոցում, ոչ մի համալսարանում, ոչ մի սեմինարում կամ workshop-ում, ոչ մի ճեմարանում: Չնայած մեզ համար ամենակարեւոր Գրքում ասված է՝ «եթե ձեզ սիրողների՛ն սիրեք, ի՞նչ վարձ ունեք. չէ՞ որ մաքսավորներն էլ նույնն են անում։ Եվ եթե ողջունեք միայն ձեր եղբայրներին, ի՞նչ ավել բան արած կլինեք. չէ՞ որ հեթանոսներն էլ են նույնն անում» (Մատթ. 5:46-47)։ Բայց այդ Գրքում ասվածները նույնպես ամեն մեկն իր ձեւով է հասկանում:

Արհեստական բանականությունն էլ միանշանակ պատասխան չի տա այն հարցին, թե ինչպես է պետք վարվել նման դեպքերում՝ պարզապես ծաղկաքաղ կանի համացանցում եղած՝ իրեն մատչելի տեսակետներից:

Դա, ի վերջո, սուբյեկտիվ ընկալում է, կոնկրետ, կրկնեմ, ի՛մ սուբյեկտիվ ընկալումը, որը ես չեմ կարող ոչ մեկին «սովորեցնել»: Դա կա՛մ կա, կա՛մ չկա:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Նկարը ստեղծված է արհեստական բանականության միջոցով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Պետությունը տանկի նման հզոր զենք է, իսկ աշխարհը՝ ռազմադաշտ: Եթե դու ռազմադաշտ ես մտել տանկով ու խաղաղություն ես մուրում քո մրցակցից, ով քեզ թշնամի է համարում, սա զոմբիություն է: Հարեւանդ քո զինակիցն է կամ մրցակիցը, երկու դեպքում էլ դու պատերազմի մեջ ես: Ասենք Վրաստանը զոմբի պետություն չի ապագայում, այլ մեր նման ապագայում ազգային ինքնիշխան կառավարում է իրականացնում, ուրեմն Վրաստանը մեր զինակիցն է, միավորում ենք մեր ու վրացիների տանկերը զոմբի պետությունների դեմ, վրացիների հետ ստեղծում միասնական գլխավոր շտաբ, միասնական ռազմական դոկտրին, միասնական տնտեսություն, միասնական ֆինանսներ, միասնական ռազմավարական օրենքներ, միջազգային դատարան եւ պատրաստվում պատերազմի՝ պարբերական ռազմական զորավարժություններ, քաղացիական պաշտպանության զորավարժություններ: Սա խաղաղություն երազող մեր շատ սիրելի ընտրողները պետք է ընդունեն, մի՛ ընտրեք զոմբիների, ովքեր խաղաղություն են քարոզում՝ դրանով մեզ բոլորիս իրենց նման զոմբի վիճակի բերելով, ընտրեք նրանց, ովքեր երդվում են ազգային ինքնիշխան կառավարում իրականացնել: Զոմբի հարեւանները, ովքեր չունեն ազգային ինքնիշխան կառավարում, միշտ էլ օգտագործվելու են ազգային ինքնիշխան հարեւաններին զոմբիացնելու համար: Մենք արարչագործ ժողովուրդ ենք, վերացնենք մեր միջից զոմբիությունը եւ օգնենք հարեւան ժողովուրդներին վերացնել իրենց միջից զոմբիությունը: Պատերազմ ոչ թե զոմբիների դեմ, այլ զոմբիության դեմ: ՄԻԱՑՈ՛ՒՄ:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031