Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե իշխանության ներկայացուցիչը ուզենա ինչ-որ մեկին բռնաբարել եւ նրան դիմադրեն, արդյո՞ք հանցակազմ կլինի այդտեղ»

Դեկտեմբեր 27,2025 12:00

Սկիզբը՝ «Առավոտի» 19.12.2025-ի համարում

Քաղաքական հետապնդումները եւ բռնաճնշումները Հայաստանում

2008 թվականի հունվարից սկսած մինչեւ 2011 թվականի օգոստոս ընկած ժամանակահատվածում մոտ 5 հազար մարդ է բերման ենթարկվել։ 500-ի նկատմամբ ձերբակալման սանկցիաներ է կիրառվել, իսկ ավելի քան 200 մարդու նկատմամբ քրեական գործեր են հարուցվել եւ մեծամասամբ այդ գործերով կալանքի որոշումներ են եղել. սա 2008 թվականի համաժողովրդական շարժմանը նախորդող եւ դրան հետեւած զարգացումների ընդհանրական նկարագիրն է։

Հայաստանում այդ շրջանում հիմնական ընդդիմադիր ուժի եւ համաժողովրդական շարժման առաջնորդող Հայ ազգային կոնգրեսի իրավական խմբի պատասխանատու Արմեն Խաչատրյանն «Առավոտի» հետ զրույցում համեմատականներ է անցկացնում 2004 թվականի համաժողովրդական ընդվզումներին նախորդած եւ հաջորդած իրադարձությունների հետ. «2004-ի եւ 2008-ի գլխավոր տարբերությունը նրանում էր, որ այն ժամանակ ձերբակալում էին, փոքր մասին էին կալանավորում եւ մեղադրանք էին առաջադրում։ 2004 թվականին շատ քիչ վճիռներ ունեցանք։ Այսինքն, ռեժիմի խնդիրը մեկն էր՝ հանրահավաքային ակտիվիստներին ձերբակալելու միջոցով ցրել հանրահավաքային ակտիվությունը։ Այն ժամանակ տարածված ձեւ կար՝ վարչական կալանքները, որով էլ հիմնականում լուծում էին հարցը։ Իսկ 2008-ին մեկ աստիճան բարձրացան»։

2008-ին առաջին ձերբակալվածները Սափեյան եղբայրներն էին, իսկ 2011-ի ամենահայտնի գործը ՀԱԿ երիտասարդների գործն էր։ Հիշեցնենք, որ ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը հուլիսի 20-ին դատապարտվեց 6 տարի ազատազրկման, իսկ ՀԱԿ մյուս երիտասարդները՝ Սարգիս Գեւորգյանը, Արտակ Կարապետյանն ու Դավիթ Քիրամիջյանը 2-3 տարի ժամկետներով: 2011թ. օգոստոսի 9-ին Երեւանի Կարապի լճի հարեւանությամբ միջադեպ էր տեղի ունեցել ՀԱԿ երիտասարդների եւ ոստիկանների միջեւ, նրանք բերման էին ենթարկվել ոստիկանության բաժին: Հետագայում Տիգրան Առաքելյանին առաջադրվել էր խուլիգանության ու իշխանության ներկայացուցչի՝ ոստիկանների, նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր եւ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու, Ա. Կարապետյանին՝ խուլիգանության ու իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու, իսկ Ս. Գեւորգյանին ու Դ. Քիրամիջյանին՝ խուլիգանության մեղադրանք:

Արմեն Խաչատրյանը մանրամասնում է. «2008 թվականին ինչքան էլ կոպիտ էր արվում այդ ամենը, իրավաբանական լեզվով ասած՝ լոմով էր արվում, բայց տրամաբանություն կար իշխանության գործողություններում։ 200 քաղբանտարկյալների ցուցակում մենք ունեցել ենք ընդհուպ մինչեւ կավատության հոդված, ունեցել ենք հարկերից խուսափելու հոդված. այսինքն, այսպես ասած՝ հիմնական գծից շեղվող բաներ ենք ունեցել։ Բայց հիմնականում ունեինք 300 հոդվածը՝ իշխանության յուրացում, 225 հոդվածը՝ զանգվածային անկարգություններ, եւ 316 հոդվածը՝ ոստիկանին դիմադրելը։ Իշխանությունը հանրահավաքի կամ շարժման կազմակերպիչներին՝ 7 հոգու՝ Ալեքսանդր Արզումանյան, Մյասնիկ Մալխասյան, Սուրեն Սիրունյան, Սասուն Միքայելյան, Հակոբ Հակոբյան, Գրիգոր Ոսկերչյան, Շանթ Հարությունյան, առանձնացրել եւ դատում էր 300 հոդվածով։ 2008-ին քրեական օրենսգիրքը փոխվեց, 300 հոդվածի շարադրանքը փոխվեց եւ մեղադրանքները մեծամասամբ փոխվեցին 225 հոդվածով նախատեսվածի։ 2008-ի մարտի 1-ի, օրվա երկրորդ կեսի մասնակիցներին զանգվածային անկարգությունների հոդվածով էին մեղադրանքներ առաջադրվել, իսկ առավոտյան՝ Ազատության հրապարակում հավաքը ցրելու պահին ում որ բռնել էին, 316 հոդվածով էին մեղադրում՝ ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու։ Ըստ էության, դա մեծ հաշվով մեկանգամյա ակցիա էր, իսկ դրանից հետո եղած գործերը դարձյալ 316 հոդվածով էին։ Այդ հոդվածը դարձել էր քաղաքական մոտիվացիայով մեր թիմի մարդկանց մեղադրելու ամենալավ գործիքը։ 1-2 ոստիկան ցուցմունք էին տալիս, դրա հիմա վրա նախաքննություն էին իրականացնում, տանում էին քրեական վարույթի։

Բայց ես չեմ հիշում, որ այն ժամանակ մեղադրանքի հիմք դնեին մեկ նախադասությունը, որը տարբեր ձեւերով կարելի է մեկնաբանել։ Օրինակ, «Մենք մեր ձեւով կանենք»։ Ամենաաբսուրդ մեղադրանքներն ենք տեսել, բայց նման բան չէինք տեսել։ Տեսել ենք, որ միեւնույն ոստիկանը ցուցմունք է տվել, որ իրեն նույն օրը, նույն ժամին՝ երեք տարբեր վայրերում բռնության են ենթարկել։ Տեսել ենք, որ օրինակ, Աշոտ Մանուկյանի տուժողը, երբ հարցնում են՝ ո՞նց հասկացար, որ Աշոտ Մանուկյանն է քեզ հարվածել, ասում է՝ մնացածի ձեռքին քար կար, իր ձեռքին քար չկար, ուրեմն ինքն է հարվածել։ Զավեշտալի այլ բաներ էլ են եղել, քանի որ խոսքը քաղաքական հետապնդումների մասին է, բայց հիմա անգամ այդ զավեշտն է կատարելագործվել՝ մեկ աստիճան բարձրացել է վերեւ եւ հենց այդ պատճառով է, որ այսպես ասած, մեղադրանքների որակն է ընկել, քրեական վարույթների որակն է ընկել։ Եվ ես կարծում եմ, որ այն, ինչը հիմա կատարվում է, թե սրբազանների հետ, թե Սամվել Կարապետյանի հետ կամ մյուս վարույթներով, հիմքերն են շատ թույլ ու հենց այդ պատճառով էլ վարույթների որակն ընկել է, քան այն ժամանակ էր։ Որովհետեւ, այն ժամանակ, ըստ էության, Երեւան քաղաքում եղել են բախումներ ու առանձին վերցված դրվագներով մենք գնում էինք եւ հասկանում էինք, որ մեղադրանքներն անհիմն են։ Եվ ընդհանուր կոնտեքստի մեջ էլ մենք ասում էինք, քանի որ Ազատության հրապարակում ոստիկանության գործողություններն իրավաչափ չեն եղել, հետեւաբար, 316 հոդվածով նախատեսված հանցակազմ չի կարող լինել։ Որովհետեւ իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալու հանցակազմը կլինի կատարյալ, եթե իշխանության ներկայացուցչի գործողությունները իրավաչափ են»։

Արմեն Խաչատրյանը հիշում է նաեւ այն ժամանակ բավական տարածված հումոր, որ փաստաբանները դատարաններում բարձրաձայնում էին. «Եթե իշխանության ներկայացուցիչը ուզենա ինչ-որ մեկին բռնաբարել եւ նրան դիմադրեն, արդյո՞ք հանցակազմ կլինի այդտեղ, թե՝ ոչ»։

Շարունակելի

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.12.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031