Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ, պարոն Քոչարյան, Դուք չեք հաղթել 1998-ին եւ եթե դուք նույն ձեւով մոտենաք 2026 թվականի ընտրություններին, 2026-ին էլ չեք հաղթելու»

Դեկտեմբեր 27,2025 13:30

«Մենք ուշադիր կհետեւենք նախընտրական շրջանին եւ եթե տեսնենք իրական վտանգ, որ ընտրություններն ազատ եւ արդար չեն անցնելու, ստիպված կլինենք մտածել համաժողովրդական ընդվզման կազմակերպման մասին։ Դրա համար ռեսուրսներ, կարծում եմ, կգտնվեն». «Առավոտի» զրուցակիցն է ՀԱՍԿ նախագահ Մովսես Շահվերդյանը

-2025 թվականն էլ՝ ի հեճուկս տարբեր հայտարարությունների եւ վերլուծությունների, ավարտում ենք Հայաստանում ՔՊ-ի եւ Նիկոլ Փաշինյանի իշխանությամբ։ Առաջիկա տարին էլ նախընտրական է« ի՞նչ են հուշում Ձեզ ներկայիս իրողությունները, ի՞նչ զարգացումներ են հնարավոր նախընտրական շրջանում եւ ինչո՞վ կավարտվի այդ ամենը։

-Մենք իսկապես շատ բարդ եւ ռիսկային, վտանգավոր իրավիճակում ենք հայտնվել։ Ես կարծում եմ, որ այսօր բոլոր քաղաքական ուժերի, ովքեր իրենց առջեւ նպատակ են դրել ինչ-որ ձեւով մասնակցություն ունենալ առաջիկա ընտրական գործընթացներին, հիմնական օրակարգը պետք է լինի՝ արդյունքում նոր իշխանությունների ձեւավորման հարցը։ Ես համոզված եմ, որ Հայաստանում առաջիկա 4-5 ամիսներին՝ կլինի դա ընտրությունների միջոցով, թե այլ ճանապարհով, անպայմանորեն պետք է նոր իշխանություն ձեւավորվի։ Այս վիճակը շարունակել այլեւս չի կարելի։

-Հիմնական դերակատար քաղաքական ուժերի կեցվածքը, համենայնդեպս, այլ բան է հուշում« նպատակը ոչ թե առաջիկա ընտրություններում Հայաստանում նոր իշխանություն ձեւավորելն է, այլ հաջորդ խորհրդարանում սեփական մանդատներ ունենալը։

-Միգուցե կան նաեւ նման ուժեր, չեմ վիճարկում։ Բայց մեր՝ Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության (ՀԱՍԿ) մոտեցումը նոր իշխանության ձեւավորումն է։ Դա միանգամայն իրատեսական ենք համարում եւ տեսնում ենք այն քայլերը, ծրագրերը, որոնք անհրաժեշտ են դրա համար։

-Ի՞նչ է պետք անել։

-Ժողովրդին պետք է ներկայացնել շատ կոնկրետ եւ առարկայական ծրագրեր, ոչ թե տեսություններ, ոչ թե իրենց երեւակայած պլանները, այլ այնպիսի առաջարկներ պետք է արվեն, որ ժողովուրդը տեսնի կամ գոնե պատկերացնի, թե գործնականում դա ինչպե՞ս է իրականություն դառնալու։ Մենք դա անելու ենք եւ դրա համար իբրեւ հիմք ենք վերցնելու մեր վերջին 50 տարիների պատմությունը, ոչ թե 30-35-ը, ինչպես անում են շատերը։ Հայաստանը բավական հետաքրքիր շրջան է ապրել՝ սկսած 1974-75 թվականներից։ Քանի որ մեր հասարակության մեջ զգալի են մարդիկ, ովքեր իմ սերնդակիցներն են եւ իրենց հիշողության մեջ ունեն վերջին 50 տարիների իրադարձությունները, կարծում եմ, զրույցը պետք է շարունակել ոչ թե ՀՀ երեք նախագահների՝ Լեւոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան՝ գումարած Նիկոլ Փաշինյան, շրջանակում, այլ նաեւ Կարեն Դեմիրճյանի մասին պետք է խոսել։ Համենայնդեպս, իբրեւ 1998-ին Կարեն Դեմիրճյանի թեկնածությունն առաջադրած ուժ, ես՝ իբրեւ այդ ուժի ղեկավար, այդ հարթությունում ենք խոսակցությունը տանելու։ Կարեն Դեմիրճյանն ինձ համար պետության ղեկավարի անգերազանցելի կերպար է« իր հայրենասիրությամբ, արժանապատվությամբ, խնդիրները տեսնելու եւ դրանց լուծումները գտնելու ունակությամբ եւ այլն։

Այս համատեքստում, մի հայտարարություն եմ ուզում անել« իր վերջին ասուլիսներից մեկի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը կրկին ասաց, որ ինքն իբրեւ 1998-ի ընտրություններին հաղթել է Կարեն Դեմիրճյանին՝ եւ առաջին փուլի, եւ երկրորդ փուլի մասով ինչ-որ տվյալներ հրապարակեց։ Ես ամենայն պատասխանատվությամբ ասում եմ՝ 1998 թվականի ընտրություններին, առաջին փուլում Կարեն Դեմիրճյանը հավաքել է ձայների մոտ 53 տոկոսը։ Այսինքն, հենց առաջին փուլում էր հաղթել։ Իսկ երկրորդ փուլում, հավաքել է ձայների 65 տոկոսը։ Սրանք փաստաթղթային ճշմարտություններ են եւ եթե որեւէ մեկը սա կասկածի տակ կդնի, ես ցույց կտամ այդ փաստաթղթերի տեղը։

-Իսկ այդ ամենն ի՞նչ կապ ունի 2026 թվականի ընտրությունների հետ։

-Այն կապն ունի, որ թե քաղաքական ուժերի, թե ժողովրդի հետ բաց խոսակցություններ են պետք։ Մեզ պետք են գործընթացներ, որոնց ժողովուրդն ակտիվ մասնակցություն կունենա, քանի որ ժողովրդի մեծ մասն իսկապես անտարբեր է։ Ժողովրդին, այսպես ասած, մոտիվացնելու, ակտիվացնելու իրական ճանապարհը ես տեսնում եմ ժողովրդին ճշմարտությունն ասելու մեջ։ Ժողովրդի մեծ մասը մտածում է, որ իրեն միշտ խաբել են եւ ճիշտ է մտածում« ժողովրդին չեն ասել ճշմարտությունը, թե իրականում ե՞րբ եւ ի՞նչ է տեղի ունեցել։

Ստեղծված իրավիճակում, գործող իշխանություններին իբրեւ հիմնական այլընտրանք փորձում է նորից հանդես գալ Ռոբերտ Քոչարյանը։ Ինքն էլ դա չի թաքցնում։ Ես ցանկանում եմ հուշել, օգնել Ռոբերտ Քոչարյանին, որ ինքն իր հաշվարկներում չսխալվի։ 2021-ի ընտրություններին ինքն ասում էր՝ հաղթել եմ 1998-ին, 2003-ին««« Ոչ, պարոն Քոչարյան, Դուք չեք հաղթել 1998-ին եւ եթե դուք նույն ձեւով մոտենաք 2026 թվականի ընտրություններին, 2026-ին էլ չեք հաղթելու։

Իմ համոզմամբ, 2026-ի ընտրություններին ոչ նախկին իշխանությունների ներկայացուցիչներն են հաղթելու, ոչ ներկայիս իշխանություններն են հաղթելու։ 2026-ի ընտրություններին բոլորովին նոր ուժ է հաղթելու« այն ուժը, որը կունենա ժողովրդի մեծամասնության վստահությունը։ 2026-ի ընտրություններին պետք է լավ նախապատրաստվել։ Եթե ՀԱՍԿ-ը մասնակցի ընտրություններին, մենք հանդես ենք գալու այն ծրագրերով եւ գաղափարներով, որոնք 1998-ին ստացել են ժողովրդի մեծամասնության քվեն։ Ես համարում եմ եւ համոզված եմ, որ 1998-ի քաղաքական պատասխանատվությունն այսօր ամբողջությամբ կրում է մեր կուսակցությունը եւ մենք շարունակելու ենք այդ գիծը։ Գործող իշխանությանը նախազգուշացնում եմ՝ չփորձեն չարաշահել վարչական ռեսուրսները, պաշտոնական դիրքը եւ իշխանազանցություն թույլ չտալ, քանի որ ԱԺ-ում իրենց թվական գերակշռությունն օգտագործելով բազմաթիվ անհեթեթ օրենքներ են ընդունել։ Առաջիկա ընտրությունները՝ ողջ ընթացքով, պետք է լինեն ազատ, արդար։ Մենք ուշադիր կհետեւենք նախընտրական շրջանին եւ եթե տեսնենք իրական վտանգ, որ ընտրություններն ազատ եւ արդար չեն անցնելու, ստիպված կլինենք մտածել համաժողովրդական ընդվզման կազմակերպման մասին։ Դրա համար ռեսուրսներ, կարծում եմ, կգտնվեն։

Ես համոզված եմ, որ այսօրվա մեր բարդ իրավիճակի պատճառները եւ լուծումները գտնվում են հենց 1998 թվականի իրադարձությունների մեջ։ Եթե 1998-ին գրանցվեր Կարեն Դեմիրճյանի տարած հաղթանակը, Հայաստանում այսօր բոլորովին այլ իրավիճակ կլիներ։ Վստահ եմ, որ նաեւ Արցախի կորուստ չէինք ունենա։

-Կարեն Դեմիրճյանի որդու՝ Ստեփան Դեմիրճյանի կամ նրա գլխավորած քաղաքական ուժի հետ համագործակցելո՞ւ եք։ Նման նախադեպ կա, երբ քաղաքական դաշտը նրա շուրջ համախմբվեց։

-Ստեփան Դեմիրճյանին շատ հարգում եմ։ Ընդհանրապես, Կարեն Դեմիրճյանի ընտանիքի նկատմամբ մեծ հարգանք կա, պարբերաբար հանդիպումներ, քննարկումներ լինում են« Ստեփան Դեմիրճյանն ինքը կորոշի իր անելիքները։ Իհարկե, մենք մեծ հաճույքով եւ մեծ սիրով պատրաստ ենք համագործակցել նրա ղեկավարած քաղաքական ուժի հետ։ ՀԺԿ-ում մեզ համար բոլորն էլ ընդունելի եւ հարգելի գործընկերներ են։

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
26.12.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Հենց ձեր կուսակցությունն էր պակասում ընտրություններին մասնակցելու, որ 0,1 տոկոսից էլ քիչ ձայներ հավաքեք ու դրանք փոշիացնեք։ Ուրիշներին խելք ես սովորեցնում, իսկ ինքդ քո անձնական բոստանը ջրելու մասին ես մտածում։

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031