Լրահոս
Օրվա լրահոսը

Հետաքրքիր է Ալիեւի «մենք ուզում ենք ապրել խաղաղության պայմաններում, եւ մենք ենք նախաձեռնել խաղաղության գործընթացը» դրույթը, որը խորքում որպես «Հայաստանին խաղաղության պարտադրանք» է ներկայացվում. Լաուրա Բաղդասարյան

Դեկտեմբեր 27,2025 11:32

«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանի ֆեյսբուքյան գրառումը

Այս նախատոնական օրերին Աղդամ վերադարձած բնակիչների հետ հանդիպման ժամանակ նրանցից մեկը, որն, ըստ ադրբեջանական սոցցանցային որոշ օգտատերերի, ժամանակին ձիաբուծական գործարանի ղեկավարն է եղել, դիմել է Ադրբեջանի նախագահին եւ նրա կնոջը՝ այս երկրի փոխնախագահին, խնդրանքով՝ ժամանակը որ գա, իշխանությունը փոխանցեն իրենց որդուն, մեծ Հեյդարի թոռանը՝ կրտսեր Հեյդար Ալիեւին։

Եվ էպիկ է, եւ «դասագրքային կանխատեսելի», եթե նկատի ունենանք, որ նման առաջնորդների հետ հանդիպումներին «ժողովրդի ծոցից ելած»-ների շարքերում որեւէ պատահական մարդ չի հայտնվում, առավելեւս ոչ մի պատահական խոսք չի հնչեցվում։ Տեսանյութում երեւում է, թե ինչպես է Ալիեւը գոհունակությամբ ժպտում «ժողովրդի այդ ձայնը» լսելիս։

Այն, ինչ ասել է Ալիեւը այդ հանդիպման ժամանակ, ըստ էության գրեթե ոչնչով չի տարբերվում վերադարձած ուրիշ բնակիչների հետ ուրիշ հանդիպումների ժամանակ «սեփական լսարանի» համար հնչեցրած դրույթներից։ Բացի մի երկու ենթատեքստային ուղերձներից, որոնք հասցեագրվել են եւ Հայաստանի բնակչությանը, եւ Ռուսաստանի ղեկավարությանը՝ առանց հնչեցնելու այս երկու կոնկրետ հասցեատերերի անունները։

Հետաքրքիր է Ալիեւի «մենք ուզում ենք ապրել խաղաղության պայմաններում, եւ մենք ենք նախաձեռնել խաղաղության գործընթացը» դրույթը, որը խորքում որպես «Հայաստանին խաղաղության պարտադրանք» է ներկայացվում: «Ընդամենը 44 օրվա ընթացքում մենք ջախջախեցինք Հայաստանը… Եվ ովքեր ժամանակին այստեղից ոչ հեռու գտնվող ստադիոնում հայտարարեցին, թե Ղարաբաղը Հայաստան է, ստիպված էին հայտարարել, որ Ղարաբաղը Ադրբեջան է… Երիտասարդ եւ ապագա սերունդները չպետք է մոռանան այս պատմությունը, պետք է որ եւ դպրոցներում, եւ բուհերում դասավանդվի սա։ Ոչ ոք չպետք է մոռանա հիմա էլ, երբ մենք ուզում ենք ապրել խաղաղության պայմաններում, թե ովքեր են եղել մեր բարեկամները, ովքեր՝ թշնամիները», – ասել է Ալիեւը («Հայաստանը թշնամի է եղել», հետո գուցեեւ հնչեցնելու է՝ «Հայաստանը թշնամի է մնում»):

«Մենք չպետք է հիմա էլ խաբնվենք քաղցր ճառերով։ Այդ պատճառով էլ վերջին հինգ տարիների ընթացքում զգալիորեն ամրապնդել ենք մեր ռազմական կարողությունները։ Խաղաղության համար մեր պոտենցիալ թշնամիներից մի քանի անգամ ուժեղ պետք է լինենք», – ասել է նա։

Ռուսաստանի, առանց անունը տալու, բայց թափանցիկ, հիշատակումները կապել է Հայաստանին այնպիսի զինատեսակներ մատակարարելու հետ, «որոնք Հայաստանը չպետք է ունենար» (Իսկանդեր Մ), մյուս միջնորդ համանախագահների հետ միասին՝ Հայաստանին սատարելու հետ (ուզում էին ոչ թե լուծել հակամարտությունը, այլ հնարավորինս ձգձգել), նաեւ՝ այժմ սեպարատիստական տարածաշրջաններին (Ղրիմ, Դոնեցկ, Լուգանսկ) օգնելու հետ։ Իսկ այլ երկրներին, բացի Թուրքիայից ու իսլամական երկրներից, որ ժամանակին նրանք սատարել են հայերին իրենց մայրաքաղաքներում տարբեր դրամահավաքներ կազմակերպելու վրա աչք փակելու, առհասարակ ղարաբաղցի սեպարատիստական առաջնորդներին մուտքի թույլտվության համար։

Մինչդեռ ահա Ռուսաստանը, որն աջակցում է սեպարատիստական ուժերին (Ուկրաինայում), եւ Ռուսաստանի նկատմամբ սանկցիաներ են կիրառվում։ Իսկ ինչո՞ւ Հայաստանի նկատմամբ նման սանկցիաներ չեն կիրառվել ժամանակին, հայտարարել է Ալիեւը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031