Հայաստանի պատմության թանգարանում բացվել է մի բացառիկ ցուցադրություն՝ «Հյուսվող հիշողություններ. ընտանեկան ժառանգություն» խորագրով, որը նախաձեռնել է Արմինե Տեր-Ղեւոնդյանը: Aravot.am-ի հետ զրույցում Արմինե Տեր-Ղեւոնդյանը տեղեկացրեց, որ առաջին անգամ ցուցադրվում են Տեր-Ղեւոնդյան-Չորբաջյան եւ Խաչատուրյան-Դեւեջյան չորս մեծ ընտանիքներից ժառանգություն մնացած ուշագրավ լուսանկարներ, պատմական վկայություններ, նամակներ, ձեռագործ պարագաներ եւ այլն։ Սրահում մոնիտորին ցուցադրվում է նաեւ Տիգրան Պասկեւիչյանի՝ այդ թեմայով ֆիլմը:
Ցուցանմուշները 19-րդ դարի վերջից մինչև 20-րդ դարի կեսերը պատմական Հայաստանի տարբեր բնակավայրերից 4 հայ ընտանիքների անցած երկար եւ բարդ ճանապարհի նյութեղեն վկայություններն են՝ ժամանակի իրադարձությունների համատեքստում։ Ընտանեկան ժառանգության պահպանության եւ արդիականացման խնդիրները եւս ցուցադրության առանցքում են։
Կարդացեք նաև
Ներկայացնելով ցուցադրությունը՝ Արմինե Տեր-Ղեւոնդյանը նշեց, որ իր ծնողները հայրենադարձներ են, մոր ընտանիքը Լիբանանից էր եկել Հայաստան, հոր ընտանիքը՝ Կահիրեից, նրանք իրենց հետ բերել են ամեն ինչ՝ կահույք, գորգեր, կահ կարասի, լուսանկարներ. «Մերոնք բերել էին նաեւ բազմաթիվ ասեղնագործ իրեր, ասեղնագործը շատ հարգված զբաղմունք է եղել ժամանակին: Անգամ հարսանիքին կրած ձեռնոցներն են բերել իրենց հետ: Այդ ամենը մայրս ցաք ու ցրիվ չի արել, պահել է դարակներում: Ի դեպ, լուսանկարների հակառակ երեսին գրված է ոչ թե լուսանկար, այլ արեւանկար»:
Մեր զրուցակիցը պատմում է, որ 30 տարի աշխատելուց հետո, երբ դուրս է եկել աշխատանքից, հետո մայրիկին է կորցրել, սկսել է հետաքրքրվել այն իրերով, որոնք մայրը խնամքով պահում էր դարակներում ու սնդուկներում: Այնուհետեւ ծնվել է ցուցադրություն կազմակերպելու գաղափարը, որովհետեւ ցանկություն կար նաեւ պարզելու, թե Հայաստանում էլ ինչ ընտանիքներ կան, որոնք նման իրար են պահպանել սուրբ մասունքների պես:
«Բացի իրեղեն նյութերը, որ թողել են մեր մեծերը, իրենք թողել են նաեւ պատմություններ, 4 գերդաստանների մասին ունենք գրավոր վկայութուններ: Ծնողներս հետեւողական են եղել, գուցե նրանից է, որ գիտնականներ են եղել, եւ իրենց համար գրառելը եղել է իրենց աշխատաոճը: Օրինակ, հորս պապը՝ Տեր-Ղեւոնդ քահանան, գրել է հուշեր, այնտեղ ներկայացրել է, թե Մարաշում ինչպես էին նշում նշանդրեքը, տոները, ինչ տեսակ քաղաք էր Մարաշը, ովքեր են եկել-գնացել, ազգանուններ է նշում, որոնց ժառանգները հիմա կան…Դա շատ հետաքրքիր ինֆորմացիայի աղբյուր է»,-ասում է Արմինե Տեր-Ղեւոնդյանը:
Դառնալով ցուցադրությանը՝ հավելում է, որ մարաշցի տատիկից հասել է մի մեծ տետրակ՝ Մարաշի զարդանախշերի էսքիզներով, որոնցից մեկն ինքն օգտագործել է իր գործի մեջ, որը ցուցադրվում է՝ իբրեւ սերունդների շարունակականության նմուշ: «Ի թիվս այլնի՝ ներկայացված են նաեւ հետաքրքիր փաստաթղթեր: Հայրիկիս առաջին դասարանի ավարտական թերթիկը կա, վիճակացույցը՝ երեխայի բարոյական նկարագրի:Այնտեղ նշվում է, թե ինչն ինչպես է գնահատվում. կոկիկություն, քաղաքավարություն, ճշտապահություն եւ այլն, գնահատվել է լավ, իսկ արժանապատվության զգացումը գնահատվել է զորավոր»,-ժպտալով պատմում է ցուցադրության նախաձեռնողը:
Արմինե Տեր-Ղեւոնդյանն ասում է, որ ցուցադրությունը միայն մեկ նպատակ չունի, որ ընտանեկան արհեստների հանդեպ մարդկանց հետաքրքրությունը քաջալերվի, մարդիկ սովորեն եւ կիրառեն իրենց հմտությունները, որ սերնդեսերունդ եկել- հասել են իրենց.«Այս ցուցադրությունը նպատակ ունի նաեւ խրախուսել ուրիշներին՝ բացելու իրենց արխիվները, որպեսզի գիտակցեն, որ ամենասովորական ընտանիքում կարող է լինել մեծ պատմություն, որը լրացնում է մեր հավաքական հիշողությունը: Ժողովրդի պատմությունը միայն արխիվներում ու դասագրքերում չէ, այն պահվում է նաեւ ընտանիքներում, լուսանկարներում, ձեռագործներում, առօրյա իրերում, եւ արխիվը հանդիսանում է ամենաանպաշտպան հիշողության ձեւը: Եթե այն չի բացվում, չի փոխանցվում, չի արժեւորվում, ժամանակի ընթացքում պարզապես անհետանում է»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ



























































