-Ամեն ինչ պետք է գնա նրան, որ եկեղեցին ինքն իր մեջից խնդրի լուծումը գտնի, – այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը։
Նա անկեղծացավ, որ մինչեւ Փաշինյանի՝ պատարագներին մասնակցելու ակտիվությունը, ինքը շատ հազվադեպ է եկեղեցի գնացել, պատարագի մասնակցել: Ըստ Գալջյանի՝ պատճառները, որոնց մասին խոսվում են վերջին ամիսներին, դրանք են իր համար հիմք հանդիսացել պատարագի չմասնակցելու: Ըստ նրա՝ որովհետեւ մաքրության բավարար չափ չի տեսել այդ ամեն ինչի մեջ. «Հիմա նորոգման գործընթացի մեջ ենք»:
Գալջյանն անդրադառնալով իշխանական օրակարգին միացած 10 եպիսկոպոսներին՝ հարցը մասնավորեցրեց նաեւ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրինակով, պնդելով, որ նա ընդունել է սխալները. «Հիմա նորոգման գործընթացի մեջ ենք, յուրաքանչյուր հոգեւորական ունի իրավունք իր սխալներն ընդունելու եւ փոխվելու, մենք տեսնում ենք, որ բազմաթիվ հոգեւորականներ գնում են այդ ճանապարհով: Իրենք արձանագրել են եկեղեցում առկա խնդիրները, նշանակում է ՝ ընդունում են այդ սխալները ու մարդիկ գնում են սխալների ուղղման ճանապարհով: Իսկ Վեհափառը (դիմեց ավազանի անունով) չի ընդունում սխալները ու գնում է այն ճանապարհով, որով գնացել է մինչ այժմ: Եթե այսօր հասել ենք այս կետին, նշանակում է ՝ եկեղեցին ու հոգեւորական վերնախավը տեղում չեն եղել, եթե լինեին իրենց տեղում, անեին այն, ինչ պետք է անի իրական հոգեւոր վերադաս խավը, այսօր այս վիճակը չէր լինի: Միանշանակ է ՝ խնդիրը իրենցից է եկել, որ մարդիկ ստիպված են նորոգման գործընթացով զբաղվել: Ամեն ինչ տեղում որ լիներ, ոչ մեկը նման նախաձեռնությամբ հանդես չէր գա» :
Իշխանական Civic.am-ից Գալջյանին հարց ուղղվեց՝ ինչպես դեմն առնեն 10 եպիսկոպոսների թիրախավորմանը. «Սրա դեմը պետք է առնել այնպես, ինչպես անում ենք ամեն կիրակի: Այսինքն՝ ամեն կիրակի պետք է մասնակցել պատարագի եւ վստահ եմ՝ գնալով հոգեւորականների թիվը կավելանա, որոնք կընտրեն նորոգման ճանապարհը: Թիրախավորել այն մարդկանց, որոնք ունեն այլ կարծիք, ճիշտ չէ»:
Կարդացեք նաև
Հարց հնչեց նաեւ, իսկ ինչպես դեմն առնել, երբ Մայր Աթոռը պաշտպանող հոգեւորականներն են թիրախավորվում, ի պատասխան Գալջյանը հարց տվեց. «Ինչպե՞ս են թիրախավորվում»:
Լրագրողի դիտարկմանը, օրինակ ՔՊ-ական պաշտոնյաների կողմից հայհոյանք են ստանում եւ այլն, Գալջյանը շարունակեց պնդել, որ որեւէ պաշտոնյայի կողմից վիրավորական արտահայտություն չի տեսել, բայց եթե եղել է նման արտահայտություն, ըստ նրա՝ վատ է, միանշանակ է , որ արարքը դատապարտելի է:
Արմեն Գալջյանն այսօր նույնպես Փաշինյանի ու ՔՊ կազմի հետ Գառնիում էր՝ պատարագի:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ



















































