Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրականից որ հերոս էր Պետոն: Ոչ երեխա ունի, ոչ մի բան չկա, պրծա՜վ…»

Դեկտեմբեր 28,2025 18:21

«Ես հետ դառող չե՛մ»… «Ես հետ դարձող չեմ». արցախյան բարբառով մարտադաշտում այսպես է հակադարձել զինվորական ավագ եղբորը կրտսերը՝ հետախույզ Պյոտր Սարգսյանը, որը զոհվել Ջաբրայիլում դիրքը հետ գրավելուց հետո, 2020 հոկտեմբերի 1-ին, պատերազմը սկսելուց մի քանի օր անց:

Ըստ ծառայողական բնութագրի, ՊԲ հատուկ նշանակության վաշտի հետախույզ-դիպուկահար, այնուհետև հրամանատար Պյոտր Սարգսյանը 2020 հոկտեմբերի 1-ին ղեկավարել ու 6 հոգանոց խմբով մարտի մեջ է մտել թշնամու գերակշիռ ուժերի դեմ: Դիրքը հետ գրավելուց հետո ձեռնամարտի մեջ է մտել թուրք զինվորի հետ, փորձելով գերեվարել, և զոհվել նռնակի պայթյունից ստացած բեկորային վնասվածքներից:

«Իր երիտասարդ կյանքը հայրենիքի զոհասեղանին դրած Պյոտր Վարազդատի Սարգսյանն անձնական խիզախության համար ԱՀ նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով և «Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանով». գրված է փաստաթղթում, որը ընտանիքի անդամները նկարել ու վառել են Ստեփանակերտում, 2023 թվականի սեպտեմբերի 23-ի օրը…

«Վախեցել եմ, վառել եմ թղթերը, շատերը վառեցին, որ Հակարին անցնելիս թուրքը չիմանա, թղթերը վառեցինք, մեդալը, շքանշանը, անկյունը թողեցինք, նկարները պոկեցինք, դուրս եկանք»,- պատմում է եղբոր կինը` Առլետա Սարգսյանը:

Արարատի մարզի Նորաբացի չգործող ռեստորանի տարածքում ժամանակավոր ապրող հերոս հետախույզի եղբոր ընտանիքը՝ հայր, մայր, երեք եղբայր ու քույր, տարիներ անց էլ դժվար են խոսում ընտանիքի զոհված զինվորի մասին: «Մենք իրեն Պետո էինք ասում, ամուսնուս փոքր եղբայրն էր, նաև՝ Հադրութում հարևաններ էինք եղել, փոքրուց գիտեի, որ հարս եկա, 14 տարեկան էր, 7-րդ դասարան: 2008-ին ծառայության գնաց Մատաղիս, Թալիշում էր, բանակից հետո միանգամից մտավ ծառայության… Երեք եղբայր էլ զինվորական էին, Սեդրակը, Իվանը, Պյոտրը… Դե, իրենց ցեղի անուններն են, Հադրութը ռուսախոս էր, ռուսական զորամաս է եղել: Պետո՜ն … շատ հայրենասեր, բարի, շատ ընկերասե՜ր, շատ սիրուն, կատակասեր, երեսուն տարեկան էր, բայց մեծի հետ մեծ, փոքրի հետ՝ փոքր, ուրիշ ձևի էր, բոլորին հասնող»,- շարունակում է հիշել Առլետան:

2013 թվականին, ինչ-որ բանից «հիասթափված կամ չգնահատված», հրաժարվել է զինվորական ծառայությունից մեկնել Ռուսաստան, բայց 2016 թվականի պատերազմից անմիջապես հետո վերադարձել է Արցախ, մտել ծառայության, Առլետայի հիշելով, ասել է «Արցախն է կանչում, հայրենիքը մեր կարիքն ունի, երեխոնց կողքը կանգնած պիտի լինենք»:

«Նորից հետախուզական վաշտում էր, պրոֆեսիոնալ սերժանտ էր, շատ էր սիրում իր գործը, խոսքն ազդու էր, դժգոհություն էր հայտնում մեր ղեկավարությունից: Վերջում սիրած աղջիկ ուներ, տունը վերանորոգեց, կահավորե՜ց, ասաց հերիք ա, 30 տարեկան եմ: Շատ էր ասում՝ ես կմահանամ, ես կմահանամ, որ ես մահանամ, ի՞նչ կանեք… 2019 թվականի դեկտեմբերին արձակուրդի մեջ էր, առողջական՝ ողնաշարի խնդրով: Առաջինը ինքը գնաց պատերազմ, ամուսնուս հետ, երկու եղբայր հետախույզ էին, Պետոն սնայպերիստ էր, ամուսինս վախենում էր, որ ոտքերը կբռնվի. «Պետո, հետ կաղնի», «Ես հետ դառող չեմ»: Կռվին 4 օր է մասնակցել, ասում էր՝ հեսա սպիտակները կգան, մեզ կօգնեն… Որ ասել են Ջաբրայիլի դիրքը պիտի հետ վերցնեն, առաջինը ինքը գնաց, ծառայել էր, տեղը լավ գիտեր, 6 հոգով մարտնչեցին, դիրքը հետ գրավեցին… Ասել է՝ գնամ էդ վիրավոր թուրքին գերի վերցնեմ, էն էլ գրանատը տրաքացրել է, միանգամից չի մահացել, միգուցե եթե շուտ… Մեզ տվեցին իր բրոնեժիլետը, գրպանում նռնակի երկաթի բեկորը կար… Հոկտեմբերի մեկին որ զոհվեց, մենք երեխոնց ու քրոջ հետ Երևանի ճամփին էինք, քրոջը խաբեցինք, թե Պետոյին արյուն է պետք, հետ դարձանք Արցախ: Հոկտեմբերի 3-ին հուղարկավորեցինք Հադրութում, 7-8 հոգով, առավոտ շուտ, ռմբակոծության տակ: Մեր առաջին ու վերջին այցն էր գերեզման: Ինչու եմ ուզում գրվի, հիշվի, որովհետև իրականից որ հերոս էր Պետոն: Ոչ երեխա ունի, ոչ մի բան չկա, պրծա՜վ…»,- պատմությունը շարունակում է երիտասարդ, գեղեցկատես ու կարեկից հարազատը:

 

«Պե՛տո, մենք քեզ թողնում ենք՝ գնանք»

Ընտանիքը պատերազմից հետո, դեկտեմբերի 22-ին վերադառնում է Արցախ, բայց արդեն Հադրութ չկար, Ստեփանակերտ… Առաջին գործը՝ դիմեցին Կարմիր խաչին, ռուսներին, նոր թողեցին Պետոյի դիակը տեղափոխել, փետրվարի 13-ին վերահուղարկավորեցին Ստեփանակերտում: Սակայն դա էլ վերջը չէր…

Իրար հետևից մահացել են Առլետայի հայրը, Պետոյի հայրն ու մայրը. «Մայրը երիկամների հիվանդ էր, Պետոն էր իր հենարանը, իմ մտածելով դրա համար էլ դեռ չէր ամուսնացել, մամայի կողքը ինքն էր, շրջափակման ժամանակ սկեսուրիս թույլ տվեցին գալ Հայաստան, դիալիզի համար, Հայաստանում էլ՝ Այնթափում, մահացավ, մենք իր կողքին չէինք, շրջափակված էինք»:

Ընտանիքի բռնագաղթի կարճ պատմությունը, դարձյալ Առլետա Սարգսյանի հիշելով. «Սեպտեմբերի 19-ին կռիվը սկսավ,Վահագս ծառայության էր, Աննան 4-րդ դասարան էր, մի օր է տևել, բայց շատ ահավոր էր: Զոհվածների շենքում էինք ապրում, իջնում էինք նկուղները, միտքս տղայիս հետ էր… 14 տարեկան Արթուրը ասում է. «Մամ, պապայից էլ լուր չկա, բայց դու գիտե՞ս պապան որտեղ է աշխատում»:

Ամուսինս եկավ գլուխը վիրակապած, շորերն արյունոտ, ու իմ հարցն է. «Խոխես անա հի՞նչ խաբար ունիս»… Մտածում ենք կհանդարտվի, մեկ էլ թե՝ «Դուրս ենք գալիս, մի երկու բան վերցրու, գնում ենք»: Ոնց, ինչ վերցնեմ, սաղ կահավորված, գդալներից սկսած՝ նոր տուն ենք դրել: 32 ժամ դաժան ճամփա, զուգարան չկա, ով իր ավտոն ունի, փրկված էր, լույս չկա, լուր չկա, Արթուրը ճագարների վանդակը բացեց, թողեց դուրս… Ամենից դաժանը՝ գնացինք եղբայրական գերեզմանոց, Պետոյին հրաժեշտ տվեցինք. «Պետո, մենք քեզ թողնում ենք՝ գնանք»: Պետոն ոնց որ իմ մեծ տղան էր»:

 Վահագ Սարգսյանի հուշերը

«Պետոն ցեղի ամենափոքր տղան էր, սիրում էր, խաղում էր եղբոր ու քրոջ 9 երեխեքի հետ, փոքր քրոջս՝ Աննային շատ էր սիրում… Տարեկից չէինք, 14 տարվա տարբերություն կար, կյանքում հոպար ասած չկամ: Իմ ուսանողության տարիներին Ստեփանակերտ միասին տատիկի հետ ենք ապրել, պապայի հետ նույն զորամաս էին ծառայում, կապը միշտ եղել է: Միշտ ինձ ծառայությունից էր պատմում, էնքան պապան չէր պատմում, ինչ ինքը: Նվեր բան առնում էր միշտ, աղջիկ կար, չէ, չեմ տեսել, անունը չեմ ասի, հիմա ամուսնացած է: Վերջին անգամ գնաց Հադրութ, մինչև դուռը ճանապարհեցի…»

Գայանե Մկրտչյան

Հ.Գ. Տպավորվեց տոնածառը՝ չգործող ռեստորանի հսկա նախասրահում, և Առլետայի արդարացումը՝ Աննայի տոնածառը Պետոն կդներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031