Դեկտեմբերի 30-ին Երեւանում առաջին անգամ կայանալու են մերկ ձեռքերով եւ գրեփլինգի կանոններով մենամարտեր։ UFC եւ HYPE FS մրցաշարերի ուժեղագույն ներկայացուցիչները «Tashir Arena»-ում հանդիպեցին միմյանց, լրատվամիջոցների եւ մարզասերների հետ։ Նրանք խոսեցին իրենց պատրաստվածության, մրցակիցների, մենամարտերից ակնկալիքների մասին եւ պատասխանեցին մարզասերների հարցերին, որից հետո կայացավ ավանդական «հայացքների մենամարտը»։
Մրցաշարի գլխավոր դիմակայությունը լինելու է գրեփլինգի կանոններով Արման Ծառուկյանի եւ Շարա Բուլլետի մենամարտը։ Շարա Բուլլետը դժգոհեց, որ Երեւան ինքնաթիռի տոմսի ձեռք բերման հարցում ինչ-որ խնդիրներ են եղել, ապա չվերթը տեւական ժամանակով հետաձգվել է։ Նա դրանում որոշակիորեն մեղադրեց մրցաշարի կազմակերպիչներին եւ Արման Ծառուկյանի թիմին՝ ենթադրելով, որ դա արվել է դիտավորությամբ։ Հանդիսավարները եւ Արման Ծառուկյանը հերքեցին այդ անհիմն մեղադրանքը՝ արձանագրելով, որ իրենց տեղեկություններով չվերթը հետաձգվել է եղանակային պայմանների պատճառով, իսկ եղանակային պայմանների վրա ազդել հնարավոր չէ։
Կարդացեք նաև
Շարա Բուլլետը վստահություն հայտնեց, որ ինքը Երեւան չի ժամանել պարտվելու համար, որ դեկտեմբերի 30-ին ինքը հաղթելու է Արման Ծառուկյանին։ Բայց նաեւ ինքն իրեն ապահովագրեց՝ նշելով, որ մենամարտի հակառակ ելքի պարագայում դա իր համար մեծ փորձառություն կլինի, իսկ Արման Ծառուկյանի նման մարտիկին պարտվելը ամոթ չէ։
Արման Ծառուկյանն ասաց, որ սա իր առաջին մենամարտն է հայրենիքում։ Եվ երբ իմացավ, որ այն կայանալու է Հայաստանում, անմիջապես իր համաձայնությունը տվեց՝ անգամ չհետաքրքրվելով, թե ով է լինելու իր մրցակիցը եւ ինչ հոնորար է իրեն առաջարկվում։ Նաեւ հայտարարեց, որ վերջին մենամարտից հետո էլ ինքը վերականգնվելու անհրաժեշտություն չունի, քանի որ ինքը գրեթե ամեն օր մենամարտում է։ «Լավ, օպտիմալ մարզավիճակում եմ եւ պատրաստ եմ դիտարժան մենամարտ ցուցադրել։ Կանոններն այնպիսին են, որ հաղթողը որոշվում է միայն վերջում։ Եվ ես գնալու եմ մինչեւ վերջ»,-ասաց Արման Ծառուկյանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ




















































