Լրահոս
Օրվա լրահոսը

Ավարտվել է 2021 թ. ընտրություններից առաջ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու և հավաքներին մասնակցելուն հարկադրելու վերաբերյալ վարույթի նախաքննությունը

Դեկտեմբեր 29,2025 16:18

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Արագածոտնի թեմի առաջնորդ Հ.Պ.-ն օգտագործելով իր ծառայողական լիազորություններից բխող ազդեցությունը՝ 2021 թվականի ընթացքում տեղի ունեցած Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 8-րդ գումարման արտահերթ ընտրություններից առաջ, Արագածոտնի թեմի առաջնորդարանում անցկացված ժողովի ժամանակ, երկու և ավելի անձանց՝ Արագածոտնի թեմի կազմում հոգևոր ծառայություն իրականացնող հոգևորականներին հրահանգել է մասնակցել ընտրություններին և չքվեարկել կուսակցության օգտին:

Բացի այդ, Հ.Պ.-ն Արագածոտնի թեմի դիվանապետ Ա.Ա.-ի օժանդակությամբ, մասնավորապես՝ վերջինիս կողմից տեղեկություններ տրամադրելու եղանակով, այն է՝ Արագածոտնի թեմի հոգևորականների համար նախատեսված «WhatsApp» ինտերնետային հավելվածում ստեղծված խմբային նամակագրության միջոցով, իր ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, շանտաժով` Արագածոտնի թեմի կազմում հոգևոր ծառայություն իրականացնող հոգևորականներին հարկադրել է եկեղեցական զգեստով մասնակցել նշված հավաքներին՝ պահանջելով հավաքներին մասնակցելու փաստը հաստատող լուսանկարներ կատարել և դրանք ուղարկել վերը նշված ինտերնետային հավելվածին։

Նախաքննության ընթացքում Հ.Պ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրականացումը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը կամ հանրաքվեին մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացումը խոչընդոտելը) և 236-րդ հոդվածի 3-րդ մասով (հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը), իսկ Ա.Ա.-ի նկատմամբ՝ 46-236-րդ հոդվածի 3-րդ մասով (հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելուն օժանդակելը):

Հ.Պ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, իսկ Ա.Ա.-ի նկատմամբ՝ տնային կալանքը:

Վերջիններիս վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031