BBC-ի հոդվածը՝ հատվածաբար
Միջին տարիքի ճաղատ մի տղամարդ նստած է և լսում է հայկական շանսոն ու ժողովրդական երգեր, Ադել, Ջոն Լենոն, ֆրանսիական և ռուսական ռեփ, ԴԴՏ խումբ, բարոկկո երաժշտություն, Վիսոցկու գնչուական ռոմանսներն ու Զեմֆիրա (որը Ռուսաստանում ճանաչված է որպես օտարերկրյա գործակալ)։ Այս տեսանյութերում նա կկոցում է աչքերն արևի շողերի տակ, կապում է փողկապը, դեղին վարդը դնում է պիջակի կրծքագրպանը կամ աշխատում է համակարգչով։ Բայց ամենից հաճախ նա պարզապես նայում է՝ երբեմն ժպտալով, երբեմն՝ խորասուզված մտքերի մեջ, իսկ երբեմն էլ՝ տխուր։
Այս տղամարդը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։ 2026 թվականի հունիսին երկրում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ, և ընտրարշավի նախաշեմին քաղաքական գործիչը սկսել է փոխել իր հանրային կերպարը։
Այժմ հակառակորդների հասցեին ուղղված մերկացնող ճառերին ավելացել են տեսանյութեր, որոնցում նա լուռ երաժշտություն է լսում։
Կարդացեք նաև
«Վատ ժամանակներն ավարտվում են։ Կարելի է դադարել սգալ ու վախենալ և սկսել ապրել։ Եվ ուրախանալ կյանքով», – այսպես է մեկնաբանում Հայաստանի առաջնորդի նոր ոճը քաղաքագետ Միքայել Զոլյանը, որը նախկինում եղել է Փաշինյանի ղեկավարած իշխանական բլոկի պատգամավոր։
Ամերիկյան PR ռազմավարությո՞ւն, թե՞ մաքուր ներշնչում
Երաժշտական տեսանյութերը Փաշինյանի համար իր հետևորդներին բարի առավոտ մաղթելու և նրանց նկատմամբ իր սերն արտահայտելու միջոց են։ Առնվազն ինքը հենց այդպես է դա բացատրում՝ տեսանյութերին կից գրառումներում, ինչպես նաև ձեռքերով «սրտիկ» պատկերելով։
Հետխորհրդային երիտասարդության շրջանում իսկական սենսացիա դարձավ այն տեսանյութը, որտեղ քաղաքական գործիչը տխուր արտահայտությամբ նստած է Զեմֆիրայի «ПММЛ» երգի ներքո։ Այն հրապարակվել է հոկտեմբերին և այդ պահից ի վեր Instagram-ում հավաքել է ավելի քան 16 միլիոն դիտում։ Այդ ժամանակ հազարավոր օգտատերեր TikTok-ում տեղադրում էին իրենց սեփական պարոդիաները, իսկ բիզնեսները մեմն օգտագործում էին գովազդի համար։ Եվ եթե միջինում Փաշինյանի տեսանյութերը հավաքում են մոտ 100 հազար դիտում, ապա երաժշտությամբ տեսանյութերի դեպքում դրանք հաճախ անցնում են մեկ միլիոնից։
Փաշինյանի Instagram-ի էջին բաժանորդագրվել են նաև մարդիկ, որոնք որևէ առնչություն չունեն Հայաստանի հետ։ Ղազախ երգչուհի Aua Rai-ի երգի ներքո նկարահանված տեսանյութը, որը վարչապետը հրապարակել էր Աստանա կատարած այցի ընթացքում, տեղական լրատվամիջոցներում լուսաբանվել էր գրեթե ավելի շատ, քան այցի պաշտոնական օրակարգը։
Փաշինյանի ուղևորությունները Ռուսաստան ևս առիթ էին ցուցադրելու նրա չափազանց էկլեկտիկ երաժշտական ճաշակը։ Օրինակ՝ Մոսկվայից նա իր հետևորդներին ողջունել էր Լուբյանկայում գտնվող ՖՍԲ-ի շենքի տեսարանով և «Ласковый май» խմբի «Սպիտակ վարդեր» երգով։ Իսկ մի քանի օր առաջ, ժամանելով Սանկտ Պետերբուրգ, նա լսում էր Uma2rman խմբի «Սպասիր» («Дождись») երգը։
Բայց ո՞ւմ մտքով է անցել այս տեսանյութերի գաղափարը, և ո՞վ է ընտրում դրանց համար երաժշտությունը։
Նոյեմբերին ռուս մարքեթոլոգ Եգոր Բոլկոնսկին ոլորտային համաժողովում վերապատմել է ամերիկացի փիառ մասնագետի մի զեկույց։ Այնտեղ, իբր, նշվել էր, որ Փաշինյանի տարօրինակ տեսանյութերի հետևում կանգնած է նյույորքյան Edelman ընկերությունը՝ աշխարհի ամենախոշոր PR գործակալություններից մեկը։
Այս պատմությունը արագ տարածվեց հայկական մեդիա դաշտում, և Հայաստանում շատերը համոզված են, որ Edelman-ը խորհրդատվություն է տրամադրում վարչապետին։
Սակայն Edelman-ում կտրականապես հերքում են այս վարկածը։ Ընկերությունը չի աշխատում Հայաստանի վարչապետի համար և որևէ առնչություն չունի նրա սոցիալական ցանցերի հետ, BBC-ի հարցմանն ի պատասխան հայտնել է ընկերության ներկայացուցիչը։
«Ես չգիտեմ՝ արդյոք այս ընկերությունը աշխատում է Հայաստանի կառավարության հետ, թե ոչ։ Ես դատում եմ միայն զեկուցողի խոսքերից և մի քանի սլայդներից, որոնք աչքովս ընկան էկրանին», – BBC-ի հարցին այսպես է պատասխանել Եգոր Բոլկոնսկին։
Ամերիկյան ընկերության մասնակցության վարկածը հերքել է նաև վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։ Նրա խոսքով՝ երաժշտության տակ տեսանյութեր նկարահանելու գաղափարը պատկանում է հենց Փաշինյանին, և նա անձամբ է ընտրում դրանց համար երաժշտությունը։ Այդ մասին Բաղդասարյանը հայտնել է BBC-ին տված մեկնաբանությունում։
«Վարչապետի սոցիալական ցանցերում ռազմավարության մշակման գործընթացում որևէ PR ընկերություն կամ խորհրդատու ներգրավված չէ։ Այդ ուղղությամբ ամբողջ աշխատանքը կատարվում է վարչապետի աշխատակազմի մեդիա թիմի կողմից», – հավելել է Բաղդասարյանը։

















































