Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը դաժան գրոհ է սկսել Եկեղեցու դեմ, այն դեպքում, երբ հենց ինքն է պատասխանատու դրա պաշտպանության համար. «The Times»-ի անդրադարձը

Դեկտեմբեր 30,2025 13:39

Ամերիկացի հայտնի իրավաբան, Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբանական թիմի անդամ Ռոբերտ Ամստերդամի ֆեյսբուքյան գրառումը

Ներկայացնում ենք բրիտանական հեղինակավոր «The Times» օրաթերթում հրապարակված Դենի Քրյուգերի հոդվածի հայերեն թարգմանությունը

Հայաստանի վարչապետի բռնաճնշումները մտահոգիչ են բոլոր քրիստոնյաների համար

Հեղինակ՝ Դենի Քրյուգեր

Սովորաբար տարվա այս ժամանակահատվածը մեծ խնդության շրջան է աշխարհի բոլոր քրիստոնյաների համար, երբ մենք համախմբվում ենք մեր եկեղեցական համայնքների և հարազատների հետ: Այդուհանդերձ, մտածելով հավատակիցների մասին, ես հիշում եմ նրանց, ովքեր այժմ հարձակումների են ենթարկվում։ Հալածանքները Չինաստանում, սպանությունները Նիգերիայում և Արևմտյան Աֆրիկայում, քրիստոնեության համակարգված բնաջնջումը Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում։

Կենսականորեն կարևոր է, որ քրիստոնեական ժառանգություն ունեցող ազգերը թիկունք չդարձնեն իրենց պատմությանը։ Ես խորապես մտահոգված եմ նրանով, թե ինչ է այսօր տեղի ունենում Հայաստանում՝ աշխարհի հնագույն քրիստոնյա երկրում։ Ավելի քան 1700 տարի առաջ Հայաստանը քրիստոնեությունը պաշտոնապես ընդունեց որպես պետական կրոն, և նրա հավատքն այդ օրվանից ի վեր անսասան է մնացել։ Այն դիմակայել է Սեֆյան Իրանի, Օսմանյան կայսրության ու Թուրքիայի, ապա նաև Խորհրդային Միության դաժան օկուպացիաներին։

Այսօր այն դարձյալ հարձակման է ենթարկվում, բայց այս անգամ՝ ներսից։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դաժան գրոհ է սկսել Հայ Առաքելական Եկեղեցու դեմ, այն դեպքում, երբ հենց ինքն է պատասխանատու դրա պաշտպանության համար։ Եկեղեցին, որին սատարում է հայերի 90 տոկոսը, ընկալվում է որպես քաղաքական ընդդիմություն։ Փաշինյանը հետևում է ավտոկրատ առաջնորդների գործելաոճին. նշանակել մրցակիցներին որպես պետության թշնամիներ, ապա օգտագործել պետական լծակները նրանց ոչնչացնելու համար։

Հայ եպիսկոպոսները ձերբակալվել են շինծու մեղադրանքներով

Մի քանի հայ եպիսկոպոսներ ձերբակալվել են շինծու մեղադրանքներով։ Փաշինյանը պահանջում է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հեռացումը և օգտագործում է ձերբակալությունները հոգևոր դասի վրա ճնշում գործադրելու համար, որպեսզի վերջիններս իրենց ծիսակարգերից հանեն Կաթողիկոսի հիշատակումը։

Սամվել Կարապետյանը՝ Եկեղեցու ամենաակնառու աջակիցը, նույնպես ձերբակալվել է պետական այս արշավի պայմաններում իր հնչեղ աջակցության համար։ Որպես պատիժ՝ կառավարությունը բռնազավթել է նրան պատկանող ազգային էլեկտրական ընկերության վերահսկողությունը, ինչպես որ վարվել է եկեղեցական բազմաթիվ ակտիվների հետ։

Հայաստանի թշնամիները տեսնում են այս պառակտումը։ Թուրքիան շարունակում է ժխտել հայերի պատմական Ցեղասպանությունը, իսկ Ադրբեջանը հերքում է իր պատասխանատվությունը Լեռնային Ղարաբաղում իրականացված գործողությունների համար, որոնց հետևանքով 120,000 հայ քրիստոնյաներ փախչեցին՝ փրկելով իրենց կյանքը։

Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ նման պառակտում, քանի որ գտնվում է վտանգավոր վիճակում՝ շրջապատված թշնամական պետություններով, որոնցից յուրաքանչյուրն իր հավակնություններն ունի հայկական հողերի նկատմամբ։ Ես միայն կարող եմ աղոթել, որ Փաշինյանը որոշի փոխել իր միտքը և հաշտվի Հայ Եկեղեցու հետ։ Աշխարհի բոլոր քրիստոնյաները նույնպես պետք է լսելի դարձնեն իրենց ձայնը։

Դենի Քրյուգերը Մեծ Բրիտանիայի «Reform» կուսակցության պատգամավոր է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031