Լրահոս
Օրվա լրահոսը

Թվային դրամը տեխնոլոգիա չէ, այլ՝ պետականության նոր մակարդակ. Դավիթ Անանյան

Դեկտեմբեր 30,2025 14:40

«Դի Էս Էյ խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն, ՊԵԿ նախկին նախագահ, «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամ Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը

ՀԵՆԱՍՅՈՒՆ 10․ Թվային դրամը տեխնոլոգիա չէ, այլ՝ պետականության նոր մակարդակ

Տնտեսության կառուցվածքային վերափոխումը հնարավոր չէ հին ֆինանսական գործիքներով։ Եթե պետությունը չի վերահսկում իր ֆինանսական հոսքերը, չի կարող վերահսկել ո՛չ արդյունավետությունը, ո՛չ արդարությունը, և ո՛չ էլ անվտանգությունը։

Այստեղից էլ սկսվում է Թվային դրամի հայեցակարգը։

Թվային դրամ՝ ազգային արժույթի երրորդ ձև

Թվային դրամը ազգային արժույթի կանխիկի և անկանխիկի հետ համարժեք, 1:1 փոխարկելի երրորդ ձևն է։ Այն հասանելի է յուրաքանչյուր քաղաքացուն և բիզնեսին՝ անկախ բանկային հաշիվ ունենալուց, արագ, էժան և ապահով գործարքների համար։

Պետական ֆինանսներ՝ լիարժեք թափանցիկությամբ

Թվային դրամի հիմնական նպատակը՝ պետական գնումների համակարգում ֆինանսական հոսքերի (վճարումների) ամբողջական վերահսկելիությունն է։

Պետական գնումներում թվային դրամը դառնում է միակ վճարամիջոցը։ Սա նշանակում է գործարքների հետագծելիություն, նպատակային և պայմանական վճարումներ, ինչպես նաև կոռուպցիոն ռիսկերի գրեթե զրոյացում։ Պետական միջոցը ծախսվում է միայն այն նպատակի համար, որի համար նախատեսված է։

Ծրագրավորվող տնտեսություն՝ «ձեռքով» վերահսկողության բացառում

Թվային դրամը թույլ է տալիս «անցյալ-կատարյալի» ստուգումներից անցում կատարել նախապես ծրագրավորված քաղաքականության։ Սուբսիդիաները, աջակցությունները, հարկային արտոնությունները և պետական ծրագրերը կիրառվում են ավտոմատ՝ ըստ սահմանված կանոնների։

Սուբյեկտը գործ ունի ոչ թե պաշտոնյայի կամքի, այլ՝ համակարգի հետ։

ԿԲ, բանկեր և նոր ֆինանսական էկոհամակարգ

Թվային դրամի թողարկումն ու հարթակը իրականացնում է Կենտրոնական բանկը՝ ապահովելով անվտանգություն և վերահսկելիություն։

Բանկերը մնում են համակարգի կենտրոնում, մասնավորապես, բացում և սպասարկում են թվային դրամապանակներ, զարգացնում են նոր վճարային ու ֆինանսական ծառայություններ։

Թվային դրամի մնացորդը տոկոս չի աշխատում և չի մրցում ավանդների հետ՝ պահպանելով բանկային կայունությունը։

Անվտանգություն և գաղտնիություն՝ համաչափության սկզբունքով

Թվային դրամի օգտագործումը ունի տարբեր մակարդակներ․ փոքր վճարումներ՝ առավել փակ, և խոշոր և պետական միջոցներ՝ ամբողջությամբ թափանցիկ։ Թույլատրվում են նաև օֆլայն վճարումներ՝ սահմանաչափերով և կրկնակի ծախսի կանխարգելմամբ։

Միասնական գրանցամատյան՝ պետական քաղաքականության հիմք

Թվային դրամը կառուցվում է միասնական գրանցամատյանի վրա, որտեղ կապվում են ապրանքներն ու ծառայությունները, հարկային դասակարգումը, ինչպես նաև սուբսիդիաներն ու պետական ծրագրերը։

Սա ապահովում է քաղաքականության միատեսակ և անխախտ կիրառում։

«Միասնության թևեր»-ի տասներորդ ՀԵՆԱՍՅՈՒՆԸ սա է։ Թվային դրամը ֆինանսական նոր գործիք չէ միայն։ Այն թափանցիկ, վերահսկելի և տեխնոլոգիապես ինքնիշխան պետության հիմքն է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031