Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանը վախենում է նաև Արթուր Վանեցյանից»․ Բաբկեն Հարությունյան

Դեկտեմբեր 30,2025 16:06

«Ընտրակաշառքի մասին խոսք լինել չի կարող, քանի որ ընդհանրապես չի բաժանվել»,-Հակակոռուպցիոն դատարանի բակում «Հայրենիք» կուսակցության անդամներ Խաչիկ Գալստյանի և Արամ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննության ժամանակ լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը։

Հիշեցնենք՝ Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ «Հայրենիք» կուսակցության անդամներ Խաչիկ Գալստյանը և Արամ Քոչարյանը ձերբակալվել են ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում 2025 թվականի նոյեմբերի 16-ին համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններին «Հայրենիք» կուսակցության պատասխանատու անձանց կողմից իրենց օգտին քվեարկելու դիմաց ընտրակաշառք տալու և նույն համայնքի բնակիչների կողմից ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։

Ըստ Բաբկեն Հարությունյանի՝ բան չկա, ուստի իր ձևակերպմամբ՝ պետք է մի բան բերեն, գցեն իրենց գրպանները․ «Երբ կուսակցությունն ուժեղանում է, իսկ առջևում ընտրություններն են, ամեն բան անում են, որ խոչընդոտեն մեր քաղաքական գործունեությունը։ Այս գործելաոճը հիմա ինտենսիվանում է։ Ամենատարբեր ճնշումների միջով մենք անցել․ տասնյակ քրեական գործեր, բերման ենթարկումներ։ Էլ դրանից ավել դժվար է պատկերացնել»։

Բաբկեն Հարությունյանի համոզմամբ՝ այս իշխանությունն ինչքան սկսեց կորցնել իր հանրային վստահությունը, լեգիտիմությունը, այնքան ավելի ինտենսիվ ճնշումներ է իրականացնում քաղաքական կուսակցությունների հանդեպ․ «Մեր կուսակցությունն էլ այդ առումով առաջատար դիրքերում է»։ Հարցին՝ Նիկոլ Փաշինյանը վախենո՞ւմ է Արթուր Վանեցյանից, «Հայրենիք» կուսակցության անդամը պատասխանեց․ «Նիկոլ Փաշինյանը վախենում է իշխանազրկումից, բնականաբար, վախենում է նաև Արթուր Վանեցյանից, քանի որ իրենք տեղեկությունները շատ լավ ստանում են, թե ինչ քաղաքական գործունեություն ենք իրականացնում, մեր քաղաքական դիրքերն ինչպես են ամրանում»։

Խաչիկ Գալստյանի կալանքի միջնորդության քննությունն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031