Լրահոս
Օրվա լրահոսը

«ՔՊ-ական երեսփոխաններն իրենց ջանքն ու եռանդը չէին խնայում, որ Նիկոլ Փաշինյանից ավելի բարձր ցատկեին ու գոռային, դրանով է երևի պայմանավորված, թե ցուցակում որտեղ կհայտնվեն»․ Գառնիկ Դանիելյան

Դեկտեմբեր 30,2025 19:07

«Անակնկալ չէ, արդեն 60-ից ավելի քաղբանտարկյալներ ունենք։ Այս գործով էլ ակնկալել, որ իրավապահ համակարգը օբյեկտիվ կարող է գործել այս պայմաններում, մեղմ ասած միամտություն է՝ հաշվի առնելով, թե ինչ գործիքակազմ է օգտագործվում, ինչ հրահանգներ են տրվում։ Ակնհայտ է, որ սա քաղաքական հրահանգ է և այդ հրահանգն իջեցվել է ամենաբարձր օղակներից»,-«Հայելի» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝  անդրադառնալով «Հայրենիք» կուսակցության անդամների ձերբակալություններին։

Խոսելով Նիկոլ Փաշինյանի գործողությունների մասին՝ պատգամավորն ասաց․ «Իր նոր մոտեցումը, որ կա՝ ձևը գտնել և մարդկանց տանել կալանքի, ձևը գտնել փակել խանութները, ձևը գտնել՝ սրբազաններին անազատության մեջ պահել, ձևը գտնել՝ ազգային բարերարին անազատության մեջ պահել․․․

Իշխանության պարագլուխը փորձում է ամեն ինչ անել իր գահավիժող վարկանիշին զուգահեռ, որ այն մարդիկ, որոնք այս ընթացքում պայքարել են, որ այդ մարդիկ ձերբակալվեն։ Բայց որևէ մեկի վրա այս ճնշումներն ազդեցություն չեն գործել։ Մի քանի օր առաջ տեսակցել եմ Աշոտ Մինասյանին, նա բարձր տրամադրվածությամբ, աննահանջ է։ Որևէ պարագայում մեր հերոսական ուղի անցած տղաները չեն էլ անգամ մտքի ծայրով անցկացնում, որ կարող են ընկրկել այս մեղադրանքների, այս՝ անազատության մեջ լինելու պարագայում»։

Խոսելով ՔՊ-ականների՝ ռաբիս երաժշտության տակ անմոռաց պարի մասին՝ Գառնիկ Դանիելյանն ասաց․ «Իրենց ամփոփիչ գալա համերգն էլ դա էր, իրենք էլ էին տարին ամփոփում․ գիտեք՝ սրտիկներ, տժժում, ուրախանում էին ռաբիս երաժշտության ներքո։

Ամենահետաքրքիրն այն էր, որ այս տարբեր ՔՊ-ական երեսփոխաններն իրենց ջանքն ու եռանդը չէին խնայում, որ Նիկոլ Փաշինյանից ավելի բարձր ցատկեին ու գոռային, դրանով է երևի պայմանավորված, թե ցուցակում որտեղ կհայտնվեն։ Սրանք բոլոր բնագավառները տապալած, մեր երկիրն աղետի հասցրած մարդիկ են։ Մենք տեսնում ենք մի քանի «կանեստր» բենզինով, մի քանի տոննա ցորենով ուրախացող ու երջանկացող մարդկանց, որոնք վաղուց արդեն մոռացել են, որ մենք Բաքվի բանտերում ունենք հայրենակիցներ։ Էս ֆոնին ուրախանալ ցորենով ու բենզինով, սա մեզ համար մտահոգիչ ու ողբերգական է, երբ մեր ինքնիշխան տարածքը օկուպացված է Ադրբեջանի կողմից»։

Ըստ Գառնիկ Դանիելյանի՝ ՀՀ-ն այլևս բռնատիրական ռեժիմից այն կողմ է անցել․ «Այս մարդը  բարոյականության, բոլոր կարմիր գծերն անցել է։ Պետության միջամտությունն այլևս ակնհայտ է իրավապահ համակարգի գործելաոճում։ Ունենք մի մարդու բռնապետություն։ Այս մարդու համար մի քրեական գործ ավել, մի քրեական գործ պակաս՝ որևէ նշանակություն չունի։

Ակնհայտ ճնշումներ են իրականացվում դատաիրավական համակարգի վրա։ Գիտենք, որ կան կալանքի դատավորներ, որ այդ մարդիկ 99 տոկոսով կալանք են տալիս քաղաքական գործերով։ Արդեն այդ ամենը ակնհայտ է, և այս առումով խոսել այն մասին, որ ՀՀ-ն ժողբաստիոն է, անհեթեթություն է»։

Ըստ Գառնիկ Դանիելյանի՝ այս ամենը հաղթահարելու համար ընդդիմությունը պետք է ձևավորի միասնական պայքարի ճակատ։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031