Դեկտեմբերի նախատոնական եռուզեռում օրերն անցնում են աննկատ։ Առավոտյան՝ աշխատանք և «տարվա ավարտին» հասցնելու անելիքներ, ցերեկը՝ հաղորդագրություններ՝ «կհասցնե՞նք մինչև տոները», իսկ երեկոյան՝ ամանորյա սեղանի պլանավորում։ Գլուխդ պտտվում է ամեն ինչից, իսկ նվերներն էլ դեռ պետք է ընտրել։ Բարեբախտաբար, այսօր հնարավոր է ամեն ինչ պատվիրել օնլայն։
Մարքեթփլեյսներն օգնում են թեթևացնել նախատոնական խառնաշփոթը և ընտրել նվերներ նույնիսկ նրանց համար, ովքեր կարծես թե արդեն ամեն ինչ ունեն։ Գնորդի համար ամեն ինչ շատ պարզ է՝ մի քանի սեղմում, և պատվերը պատրաստ է։ Իսկ այդ պահին մարքեթփլեյսում սկսում են աշխատել Կաղանդ Պապի անտեսանելի օգնականները, որոնք գիտեն՝ յուրաքանչյուր տուփ կարող է դառնալ ինչ-որ մեկի երազանքի նվերը տոնածառի տակ։ Մենք նայեցինք նախատոնական Ozon-ի կուլիսների ետևը և պարզեցինք, թե ինչպես է կազմակերպվում աշխատանքը։
Վաճառողը՝ կադրից դուրս հրաշագործ
Կարդացեք նաև
Յուրաքանչյուր ամանորյա պատմություն մարքեթփլեյսում սկսվում է վաճառողից։ Հենց նա է որոշում, թե ինչպիսին կլինի նվերը՝ գործնական, տեխնոլոգիական կամ ջերմ ու ձեռագործ։ Մարքեթփլեյսում աշխատում են տարբեր հրաշագործներ։
Խոշոր վաճառողները պատասխանատու են տեխնիկայի, էլեկտրոնիկայի, հագուստի և թրենդային խաղալիքների համար, որոնք սիրում են բոլորը։ Նրանք հաճախ ունեն սեփական պահեստներ, որտեղ պահվում են ապրանքները, ուստի կարողանում են ապահովել մոդելների և գույների լայն ընտրություն։ Նրանց շնորհիվ երեխաները տոնածառի տակ գտնում են խաղային կոնսոլներ ու ականջակալներ, իսկ մեծահասակները՝ մազերի խնամքի սարքեր, խելացի գաջեթներ և սմարթֆոններ։
Արհեստավորները վաճառում են այն, ինչ ստեղծում են սեփական ձեռքերով՝ յուրաքանչյուր իրի մեջ դնելով հոգու մի մասնիկ։ Հաճախ սա ընտանեկան բիզնես է, որտեղ հարազատները միասին են աշխատում․ լուսանկարում են ապրանքները, լրացնում նկարագրությունները, կառավարում պատվերներն ու գովազդը մարքեթփլեյսի անձնական համակարգում։ Նրանց պատրաստած իրերը՝ տոնածառի խաղալիքներ, ձեռագործ մոմեր, հյուսված հագուստ, դեկոր, կերամիկա և զարդեր, կատարյալ նվերներ են հարազատների, ընկերների և գործընկերների համար։
Չնայած գործունեության տարբեր մասշտաբներին՝ բոլոր վաճառողները նույնքան լուրջ են պատրաստվում ամանորյա վաճառքներին։ Տոներից առաջ նրանք համալրում են տեսականին, որպեսզի ապրանքները հասանելի լինեն նույնիսկ Նոր տարվանից մի քանի օր առաջ։ Այնուհետև ստուգում են որակը, փաթեթավորում ապրանքները Ozon-ի չափանիշներին համապատասխան, կպցնում շտրիխկոդներ և մակնշումներ, իսկ վերջում՝ տեղափոխում են մարքեթփլեյսի տեսակավորման կենտրոն կամ մոտակա ստացման կետ։
Լոգիստը՝ տոնական երթուղիների ճարտարապետը
Երբ ապրանքը գնվում է, այն հաճախ պետք է տեղափոխվի մեկ քաղաքից մյուսը։ Օրինակ՝ Գյումրիում գտնվող գնորդը պատվիրում է նվերներ Երևանում գտնվող վաճառողից։ Այստեղ գործի են անցնում լոգիստները, որոնք որոշում են առաքման ողջ ճանապարհը՝
- ընտրում են ամենակարճ և արդյունավետ երթուղին,
● համակարգում վարորդների և պահեստի աշխատակիցների աշխատանքը,
● հետևում են պատվերների շարժին հետևման համակարգերում,
● իրական ժամանակում թարմացնում են առաքման կարգավիճակը։
Սկզբում բեռը տեղափոխվում է խոշոր լոգիստիկ համալիր՝ ֆուլֆիլմենթ կենտրոն։ Այստեղ պատվերները փաթեթավորվում են տրանսպորտային տարաներում կամ տուփերում, որոնք օգնում են պահպանել ապրանքի ամբողջականությունը և անհրաժեշտ ջերմաստիճանը։
«Ozon-ում օրական միջինում մշակվում է ավելի քան 4 միլիոն պատվեր, իսկ զեղչային ակցիաների ժամանակ դրանց քանակը հասնում է մինչև 11 միլիոնի։ Այդ ծավալը սպասարկելու համար անհրաժեշտ է զարգացած ենթակառուցվածք։
Օրինակ՝ Հայաստանում մարքեթփլեյսն ունի խոշոր ֆուլֆիլմենթ կենտրոն Երևանում, որը հագեցած է ժամանակակից սարքավորումներով՝ աշխատակիցների համար ապրանքների տեղաշարժն ու տեսակավորումը հեշտացնելու նպատակով։ Բացի այդ, մայրաքաղաքում գործում է նաև տեսակավորման կենտրոն», – Դենիս Բարլադյան՝ Ozon ԱՊՀ լոգիստիկայի մասնագետ։
Ֆուլֆիլմենթ կենտրոնում հավաքումից հետո պատվերներն ուղարկվում են տեսակավորման կենտրոն, իսկ այնտեղից՝ տարբեր քաղաքների պատվերների ստացման կետեր։ Լոգիստի հիմնական խնդիրն է գտնել այնպիսի լուծում, որը թույլ կտա արագ և արդյունավետ հասցնել առաքումը նույնիսկ Հայաստանի ամենահեռավոր մարզեր։
Պահեստի օպերատորը՝ կարգուկանոնի պահապանը
Ֆուլֆիլմենթ և տեսակավորման կենտրոնների պահեստային աշխատակիցները ընդունում են առաքումները և համեմատում դրանց քանակը ուղեկցող փաստաթղթերի հետ։ Օպերատորը սկանավորում է ապրանքները, ստուգում հասցեները, ընտրում համապատասխան տրանսպորտային փաթեթավորումը և ուղարկում պատվերը բեռնման գոտի։
«Մեզ համար կարևոր է, որ աշխատակիցները գոհ լինեն աշխատանքային պայմաններից․ այդ դեպքում թիմը դառնում է համախմբված և մոտիվացված։ Պահեստի օպերատորների համար մենք կազմակերպում ենք տեղափոխում դեպի աշխատանքի վայր, ինչպես նաև առաջարկում ենք սոցիալական փաթեթ և կարիերային աճի հնարավորություններ թիմի ներսում։ Մեզ մոտ ընդունված է հավասար շփումը․ ղեկավարին կարելի է դիմել ցանկացած հարցով։ Բացի այդ, Ozon-ում հաճախ կազմակերպվում են դասընթացներ և վերապատրաստումներ, որտեղ յուրաքանչյուր աշխատակից կարող է փորձել իրեն նոր ոլորտում։ Իսկ թիմային դրական մթնոլորտը պահպանելու համար կազմակերպվում են խաղեր և մրցույթներ»,- Նատալյա Սիլկինա, Ozon ԱՊՀ լոգիստիկայի մասնագետ։
Տոնական օրերին, հատկապես Նոր տարվանից առաջ, առաքումների հոսքը զգալիորեն աճում է, ուստի այստեղ առավել կարևոր են արագությունն ու ճշգրտությունը։ Սակայն միևնույն ժամանակ անհրաժեշտ է պահպանել որակի չափանիշները։ Օրինակ՝ եթե մանկական խաղալիքի տուփը փոքր-ինչ վնասված է կամ կենցաղային տեխնիկայի փաթեթավորումը պատռված է, այդ ապրանքը չի կարող ուղարկվել որպես նվեր։ Այն ուղարկվում է լրացուցիչ ստուգման կամ վերափաթեթավորման։
Երբ ապրանքները անցնում են ստուգման փուլը, տուփերը տեղադրվում են տարաների մեջ, այնուհետև բեռնվում մեքենաների կամ պալետների վրա՝ երկար ճանապարհ անցնելու և վերջնական հասցեատիրոջը ամբողջական հասնելու համար։
Վարորդը՝ Ձմեռ Պապն իր արագ սահնակով
Քաղաքների միջև առաքումները կատարում են վարորդները։ Ճանապարհ դուրս գալուց առաջ վարորդը ընդունում է բեռը պահեստում կամ տեսակավորման կենտրոնում և ստուգում ուղեկցող փաստաթղթերը։ Այնուհետև նա վերահսկում է, որ պալետներն ու տարաները ճիշտ դասավորվեն մեքենայի մեջ․ դա օգնում է պահպանել առաքանիների ամբողջականությունը և ապահովել անվտանգ երթևեկություն ճանապարհին։
Ձմռանը Հայաստանի լեռնային շրջաններում ջերմաստիճանը կարող է իջնել մինչև -15°C, իսկ ձյան տեղումները բավական հաճախ են։ Սակայն, անկախ եղանակային պայմաններից, վարորդները դուրս են գալիս երթուղի՝ խիստ ժամանակացույցով, որպեսզի առաքումները ժամանակին հասնեն անհրաժեշտ հասցեներին։ Շատ դեպքերում հենց այս փուլից է կախված, կհասցնի արդյոք նվերը հասնել իր հասցեատիրոջը հենց Ամանորի օրերին։
Սուրհանդակը՝ Ձմեռ Պապի գլխավոր օգնականը
Մայրաքաղաքում գնորդները շատ են, ուստի Ձմեռ Պապին օգնության են գալիս սուրհանդակները․ Երևանում նրանք կարող են պատվերը հասցնել անմիջապես հասցեատիրոջ տուն։
Սուրհանդակները զգուշությամբ են վերաբերում յուրաքանչյուր փաթեթի՝ ապահովելով, որ դրանք անվնաս հասնեն թե՛ ստացման կետեր, թե՛ հաճախորդների հասցեներ։ Ձմեռ Պապի օգնականները խստորեն հետևում են լոգիստների կազմած երթուղիներին և ժամանակացույցին, ինչի շնորհիվ պատվերները հասնում են ճիշտ ժամանակին։ Իսկ եթե հարցեր են առաջանում, սուրհանդակները միշտ կապի մեջ են․ կարելի է ճշտել հասցեն կամ առաքման ժամկետը հեռախոսով։
«Ozon-ում սուրհանդակ աշխատելու համար պարտադիր չէ ունենալ մասնագիտական կրթություն կամ մեծ փորձ։ Այդ պատճառով շատ ուսանողներ և երիտասարդներ իրենց կարիերան սկսում են հենց այստեղ։ Բացի այդ, հնարավոր է կազմել ճկուն գրաֆիկ և համատեղել աշխատանքը ուսման հետ։ Իհարկե, կարևոր է, որ սուրհանդակը լավ վարորդ լինի, ուստի մենք փնտրում ենք թեկնածուների՝ առնվազն մեկ տարվա վարորդական փորձով և ճանապարհային երթևեկության կանոնների լավ իմացությամբ։ Առաջին երկու աշխատանքային օրերին նորեկ սուրհանդակն աշխատում է փորձառու մենթորի հետ, որը ներկայացնում է աշխատանքի բոլոր մանրամասները և կիսվում օգտակար խորհուրդներով», – Դանիել Լիկսով, Ozon ԱՊՀ լոգիստիկայի մասնագետ։
Շատ հաճախ սուրհանդակը անմիջապես տեսնում է իր աշխատանքի արդյունքը՝ գնորդների ժպիտների և շնորհակալ խոսքերի մեջ։ Հատկապես տոնական օրերին, երբ յուրաքանչյուր առաքում դառնում է ինչ-որ մեկի ամանորյա նվերը։
Պատվերների ստացման կետի աշխատակիցը՝ բարի կախարդի թոռնուհին
Պատվերների հանձնման կետերի աշխատակիցները գնորդներին դիմավորում են դեմ առ դեմ։ Տոնական շրջանում ՊՀԿ-ներում մարդկանց հոսքը սովորականից շատ է լինում, այդ պատճառով շատ կետեր բաց են մնում մինչև երեկոյան ժամը 19։00-ը՝ անգամ դեկտեմբերի 31-ին, որպեսզի նրանք, ովքեր պատվեր են կատարել հենց տոներից առաջ, հասցնեն ստանալ իրենց նվերները։
ՊՀԿ-ի աշխատակիցն օրվա ընթացքում՝
● ընդունում է սուրհանդակներից ստացված պատվերները և ստուգում առաքումները,
● դասավորում է փաթեթները դարակներում, որպեսզի դրանք հեշտ գտնվեն,
● հանձնում է պատվերները գնորդներին՝ ըստ համարի կամ շտրիխկոդի,
● օգնում է հաճախորդներին վերադարձների և հարցերի դեպքում։
Պատվերների ստացման կետերի աշխատակիցները ոչ միայն օգնում են հաճախորդներին ստանալ իրենց պատվերները, այլև ստեղծում են ջերմ և տոնական մթնոլորտ։ Սա հատկապես կարևոր է նախատոնական օրերին, երբ ծանրաբեռնվածությունն առավելագույնն է։ Երբեմն բավական է անկեղծ ժպիտը կամ մի փոքրիկ կատակ՝ հաճախորդի տրամադրությունը բարձրացնելու համար։
«Ozon-ում պատվերների ավելի քան 90%-ը հաճախորդները ստանում են հենց ստացման կետերից։ Սա իսկապես հարմար է, քանի որ մեծ քաղաքներում ՊՀԿ-ները հաճախ գտնվում են քայլելու հեռավորության վրա։ Բացի այդ, այսօր ստացման կետեր են բացվում նաև Հայաստանի փոքր բնակավայրերում՝ տեղի բնակիչների պահանջարկի շնորհիվ։
ՊՀԿ-ն նաև շահավետ բիզնես է, որը հեշտ է սկսել։ Մարքեթփլեյսը աջակցում է մեկնարկին և սովորեցնում աշխատանքը, ուստի նույնիսկ սկսնակ ձեռնարկատերը կարող է բացել իր սեփական կետը։ Բացի այդ, դրա համար բավական է փոքր տարածք՝ սկսած 20 քմ-ից։ Հարմար վայր կարելի է գտնել քարտեզի միջոցով», – Նատալյա Սիլկինա, Ozon ԱՊՀ լոգիստիկայի մասնագետ։
Երբ դուք ստանում եք ձեր պատվերը ՊՀԿ-ում կամ սուրհանդակից, հեռախոսում հայտնվում է հաղորդագրություն․ «Պատվերը ստացվել է»։ Այդ բառերի հետևում կանգնած է տասնյակ մարդկանց համատեղ աշխատանքը, որոնք օգնել են, որ ձեր փաթեթը հասնի տուն։ Ինչ-որ մեկը մշակել է երթուղին, մյուսը խնամքով փաթեթավորել է ապրանքը պահեստում, երրորդը այն տեղափոխել է ձյունածածկ ճանապարհներով, իսկ մեկը՝ ժպիտով հանձնել ձեզ։
Տոնական օրերին մարքեթփլեյսների աշխատանքն իսկական հրաշք է․ այստեղ կարելի է գտնել ամեն ինչ՝ դիզայներական վազաներից և հազվագյուտ սեղանի խաղերից մինչև խելացի սարքեր տան համար, գեղեցկության ապրանքներ և հետաքրքիր գրքեր։






















































