Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր տարածաշրջանում շատ դինամիկ իրավիճակ է, որի ամբողջական պատկերը և դրա արագ կերպափոխումները պետք է վերլուծել ու հասկանալ. Վարդան Ոսկանյան

Դեկտեմբեր 31,2025 14:39

Իրանագետ Վարդան Ոսկանյանի տելեգրամյան գրառումը

Մեր տարածաշրջանին և նաև գրեթե ուղղակիորեն մեզ առնչվող դեկտեմբերյան զարգացումներից մեկը ևս մեզանում որևէ ուշադրության չարժանացավ։

Խոսքը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի՝ Հորդանան և Օման այցի մասին է։

Դրա մեզ առավել հետաքրքրող հատվածը, բնականաբար, առնչվում է այցի հակաթուրքական բաղադրիչին, որը շաղկապված է Հնդկաստանի ավելի խոշոր և հեռագնա շահերի հետ։

Հորդանանը «Հնդկաստան-Մերձավոր Արևելք-Եվրոպա տնտեսական միջանցք» հնդկական տրանսպորտային հանգույցի կարևոր խաղացող է, իսկ այդ հանգույցն ուղղակի մրցակցության մեջ է լինելու թուրքական «Միջին Միջանցքի» հետ։ Ծրագիրը, սակայն, շրջանցում է Իրանը և նաև ներառում Իսրայելը, ուստի ունենք բավական բարդ տարածաշրջանային շահերի համընկնման և բախման համակարգ, որն առնչվում է Հայաստանին։

Օմանի հետ առևտրային համաձայնագիրը Հնդկաստանին հնարավորություն է տալիս հատկապես տարեկան միլիոնավոր դոլարների հասնող ծավալների մարմարի երկկողմ առևտրում աստիճանաբար թուլացնել Թուրքիայի դիրքերը՝ այն փոխարինելով Օմանից ներկրվող քարով։

Սա տեղավորվում է դեռևս այս տարվա գարնանը Հնդկաստանում թուրքական ապրանքների և ծառայությունների բոյկոտի քաղաքականության մեջ, որը պայմանավորված է Հնդկաստանի դեմ Պակիստանին թուրքական աջակցությամբ։

Այս բոյկոտի շրջանակներում հենց հնդիկ գործարարների նախաձեռնությամբ արդեն իսկ նկատելիորեն կրճատվել էին թուրքական մարմարի ներկրումները, իսկ եկող տարվանից գործընթացը կստանա փաստացի համակարգային բնույթ՝ զգալիորեն փոխարինելով թուրքական մարմարն օմանականով, ինչի արդյունքում էրդողանական վարչախումբը կզրկվի միլիոնավոր դոլարների եկամտից։

Այնպես որ, մեր տարածաշրջանում շատ դինամիկ իրավիճակ է, որի ամբողջական պատկերը և դրա արագ կերպափոխումները պետք է վերլուծել ու հասկանալ և դրանից բխող քայլեր ձեռնարկել հենց կառուցակարգային մակարդակով, այլ ոչ թե պարփակվել Բաքվի և Անկարայի վարչախմբերի, իբր, «հավերժական անսասանության» մասին կարծրատիպի շրջանակներում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031