Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի ամանորյա ուղերձը
Սիրելի՛ հայրենակիցներ,
հարգելի՛ գործընկերներ,
Տարվա ավարտը այն պահն է, երբ գնահատում ենք անցած ճանապարհը և նոր պատասխանատվությամբ ենք դիմավորում գալիք տարին։ Շրջակա միջավայրը մեր պետականության ու կյանքի որակի հիմնասյուներից է՝ այն ազդում է առողջության, տնտեսական կայունության, համայնքների անվտանգության և ապագայի հանդեպ վստահության վրա։
Այս օրերին, երբ մենք միմյանց մաղթում ենք խաղաղություն, կարևոր եմ համարում ընդգծել՝ խաղաղությունն անբաժանելի է կայունությունից, իսկ կայունությունը՝ անբաժանելի է շրջակա միջավայրի պաշտպանությունից։ Մաքուր ջուրն ու օդը, բերրի հողը, պահպանված անտառներն ու կենսաբազմազանությունը ոչ միայն բնապահպանական, այլև հասարակական համերաշխության ու երկարաժամկետ անվտանգության գործոններ են։
Կարդացեք նաև
Գալիք տարում Շրջակա միջավայրի նախարարությունը շարունակելու է հետևողական աշխատանքը՝ հիմնվելով գիտական տվյալների, արդյունավետ վերահսկողության և հանրային մասնակցության վրա՝ հետևյալ առաջնահերթություններով.
Ջրային ռեսուրսների և էկոհամակարգերի պահպանություն,
Անտառների վերականգնում,
Կենսաբազմազանություն և հատուկ պահպանվող տարածքների արդյունավետ կառավարում,
Մթնոլորտային օդի որակի բարելավման ուղղությամբ աշխատանքներ և թափոնների պատասխանատու կառավարում։
Սիրելի՛ հայրենակիցներ,
2026 թվականը Հայաստանի համար լինելու է նաև միջազգային մեծ պատասխանատվության տարի։ Հոկտեմբեր ամսին Հայաստանը կհյուրընկալի ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17։
COP17-ը մեզ համար միայն միջոցառում չէ։ Դա հարթակ է՝ ներկայացնելու Հայաստանի բնության պահպանության տեսլականը և մեր երկրի բնական արժեքները և հաստատելու, որ Հայաստանը պատրաստ է ստանձնել գլոբալ բնապահպանական օրակարգում պատասխանատու դեր։
Միաժամանակ սա նաև հնարավորություն է խոսելու խաղաղության և համագործակցության լեզվով՝ այնտեղ, որտեղ դա ամենից բնականն է․ բնությունն ու էկոհամակարգերը սահմաններ չեն ճանաչում, իսկ բնապահպանական անվտանգությունը բարձրագույն արժեք է բոլորի համար։ Վստահ եմ՝ շրջակա միջավայրի պաշտպանությունը կարող է և պետք է դառնա համատեղ աշխատանքի, փոխվստահության և կայուն խաղաղության մշակույթի ամրապնդման գործոն՝ մեր հասարակության ներսում և միջազգային գործընկերությունների շրջանակում։
Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց առօրյա աշխատանքով ու քաղաքացիական վարքագծով նպաստում են բնության պահպանությանը՝ անտառապահներից ու գիտնականներից մինչև ուսուցիչներ, համայնքային աշխատողներ, կամավորներ և պատասխանատու տնտեսվարողներ։
Թող գալիք տարին լինի խաղաղության ամրապնդման, անվտանգ ու արժանապատիվ կյանքի և բնության հանդեպ պատասխանատվության խորացման տարի։
Թող 2026-ը դառնա այն տարին, երբ մենք ոչ միայն խոսում ենք պահպանության մասին, այլ միասին վերածում են ենք այն գործողությունների՝ հանուն Հայաստանի կայուն, առողջ և անվտանգ ապագայի։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։
Խաղաղություն՝ մեր երկրին, վստահություն՝ մեր քաղաքացիներին, և կանաչ ու կայուն ապագա՝ Հայաստանին։
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ


















































