Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանից ներկրված ցորենն ու բենզինը մեր ներքին պահանջարկում սիմվոլիկ նշանակություն ունեն, սա ավելի շատ քաղաքական PR ակցիա է, որի շահառուն օրվա իշխանական խմբակն է»

Դեկտեմբեր 31,2025 16:30

«Առավոտ»-ի զրուցակիցն է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը։

-Պարոն Ավետիսյան, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Ալիեւին պարբերաբար շնորհակալություն է հայտնում, քանի որ Ադրբեջանը դեպի Հայաստան ցորենի ներկրման արգելքն է վերացրել, արդեն նավթամթերք է վաճառում Հայաստանին։ Ի՞նչ են ցույց տալիս այս գործընթացները։

-Նախ արձանագրենք, որ մեր երկիրը՝ որպես անկախ պետություն, տասնամյակներ շարունակ որեւէ խնդիր չի ունեցել պարենային անվտանգությունն ապահովելու, ցորենի պահանջարկը լրացնելու, նաեւ էներգետիկ ռեսուրսներ, այդ թվում՝ նավթամթերք ներմուծելու առումով։ Այսինքն՝ այնպես չէ, որ այդտեղ խնդիր կար եւ այն լուծվել է։ Եթե վերցնում ենք լոգիստիկ հարցը, այսինքն՝ այդ ճանապարհը որպես այլընտրանք, նորից պետք է շեշտենք, որ դա լիարժեք այլընտրանք չէ։ Այդտեղ էլ կա մանիպուլյացիա, որովհետեւ բենզինը Հայաստանի սահմանը հատում է Վրաստանի տարածքով։ Եվ վերջապես պետք է նաեւ փաստենք, ներկրված ցորենն ու բենզինը քանակական առումով մեր ներքին պահանջարկում սիմվոլիկ նշանակություն ունեն։ Սա ավելի շատ քաղաքական PR ակցիա է, որի հասցեատերն ու շահառուն օրվա իշխանական խմբակն է։ Եթե նայենք, թե հանրությունն ու տնտեսությունն ինչ օգուտ են ստանում սրանից, այստեղ ոչ մի ազդեցություն չկա։ Հերթական մանիպուլյացիաներն են անում օրվա իշխանությունները, թե իբրեւ արդեն խաղաղություն է, եւ սա դրա կեղծ ապացույցներից է։

Լայն իմաստով պետք է նաեւ արձանագրենք, որ այստեղ կան որոշակի ռիսկեր, որովհետեւ ակնհայտ է, որ Ադրբեջանն իր տնտեսական փոխգործակցությամբ ազնիվ չէ։ Եվ դա ակնհայտ է, եթե մենք դիտարկենք այսօրվա իրավիճակը, Ադրբեջանի բարձրաստիճան ղեկավարության խոսույթը եւ ծրագրերը, գործադրումները։ Այսինքն՝ շարունակվող գործադրումների ֆոնին սա ռիսկեր ունի դիտարկվելու նաեւ որպես տնտեսական փափուկ ուժի գործադրում եւ տնտեսական էքսպանսիայի որոշակի հնարավորություն, որը պարտադիր պետք է նաեւ կառավարվի, որովհետեւ թուրք-ադրբեջանական տանդեմը չունի Հայաստանի հետ փոխգործակցելու հիմնական նպատակ։

-Նիկոլ Փաշինյանը նաեւ հայտարարեց, թե Հայաստանից դեպի Ադրբեջան արտահանում էլ կարող է իրականացվել։ Նա մասնավորապես նշեց. «Հայաստանից էլ հակառակ ուղղությամբ երկաթուղով գնալու սահմանափակում չկա։ Հարց կարող է հնչել՝ բա ինչո՞ւ չեն գնում երկաթուղիներով, որովհետեւ իմ ընկալմամբ՝ մեր մտածողության եւ գործունեության մասշտաբը մի ֆուռի տրամաբանությամբ է աշխատում։ Գնացք բեռնելը եւ որեւէ ուղղությամբ ուղարկելը որոշակի բարդություն է, պետք է այդքան ապրանք կոնսոլիդացնել մի տեղ»։ Հայաստանից ի՞նչ կարող է արտահանվել Ադրբեջան եւ ընդհանրապես դեպի Ադրբեջան արտահանումները իրատեսական համարո՞ւմ եք։

-Արդեն ասացի, թե այդ քաղաքական մերկապարանոց ընդհանուր հայտարարությունների նպատակը որն է, դա իրենց նեղ քաղաքական շահն է։ Իրականում գետնի վրա չկան ամբողջական հաշվարկներ, թե օրինակ՝ որ ապրանքներ են, որոնք կարող են մրցունակ լինել ադրբեջանական եւ թուրքական շուկաներում։ Շատ հստակ վերլուծություններ կան, որ մեր տնտեսական արտահանման կառուցվածքը բավականին մոտ է Թուրքիայի եւ Ադրբեջանի արտահանման կառուցվածքին։ Երկրորդ կարեւոր հանգամանքն այն է, որ Ադրբեջանը եւ Թուրքիան իրենց արտահանման ոլորտներին պատիկերով ավելի շատ պետական աջակցություն են տրամադրում։ Հետեւաբար, այդ ուղղությունների վրա շատ բարդ է լինելու գնային մրցակցությունը։ Հաջորդը լոգիստիկ խնդիրներն են, այսինքն՝ ակնհայտ է, որ Ադրբեջանն ու Թուրքիան ունեն ավելի նպաստավոր պայմաններ եւ ավելի էժան հումք կարող են ներմուծել, որը ներմուծման կոմպոնենտ է դառնում տեղական արտադրության եւ արտահանման համար։ Իսկ եթե այդ ներմուծման կոմպոնենտն իրենց ավելի էժան գնով է հասանելի, հետեւաբար այստեղ մենք եւս խնդիր ունենք, մեր արտադրողներն ու արտահանողներն իրենց հետ մրցակցելու խնդրի առաջ են կանգնում, որովհետեւ իրենց ծախսերը փաստորեն նվազում են։ Երրորդ՝ Ադրբեջանն ու Թուրքիան ունեն միմյանց հետ ստորագրած բազմաթիվ համաձայնագրեր եւ արտոնյալ ռեժիմով են իրար հետ առեւտուր անում։ Բնական է, որ Հայաստանից ներմուծումն առնվազն ունենալու է մաքսատուրքեր, իսկ մաքսատուրքերը եւս մեր արտահանումը թանկացնելու ու մրցակցային դիրքերը թուլացնելու են։ Այսինքն՝ առանց այս հաշվարկների դժվար է պատկերացում ունենալ ու հստակ ներկայացնել, եթե դու դրդված չես քաղաքական մերկապարանոց հայտարարություններ անել։ Վերջապես նաեւ կա պրակտիկա՝ անցած 10 տարիներին մենք հարյուր անգամներով ավելի շատ ապրանք ենք Թուրքիայից միջնորդավորված ներկրել, քան արտահանվել է այդ երկիր։ Այսինքն՝ սա գալիս է հիմնավորելու իմ նշած օբյեկտիվ պատճառները։ Մենք տարեկան հարյուրավոր միլիոն դոլարների ներմուծում ենք ունեցել Թուրքիայից, իսկ արտահանումն ընդամենը միջինում 1,5 մլն դոլար է կազմել տարեկան։

-Իսկ իրականում ի՞նչ նպատակ է հետապնդում Ադրբեջանը՝ այս փուլում իր տարածքով բեռներ ուղարկելով Հայաստան։

-Փոխգործակցում են, այսօր Հայաստանի իշխանությունները դժբախտաբար ամենաձեռնտուն են, իրենց գնահատմամբ, իրենց շահն առաջ տանելու իմաստով։ Այդ թվում՝ նաեւ այս փոխգործակցության ճանապարհով են դա անում։ Եթե դու անընդհատ զիջում ես եւ ցանկացած պահանջ բավարարում ես, բնական է, որ նաեւ որոշակի փոխգործակցություն պիտի լինի։ Որոշակի քաղաքական հենարանի անհրաժեշտություն ունեն, որովհետեւ իրենք էլ, բոլորն էլ շատ լավ գիտեն, որ այս իշխանության հանրային վարկանիշը սրընթաց նվազում է։ Իսկ երկրի կենսական շահերը զիջելը հեշտ գործ չէ, դրա համար գոնե պետք է որոշակի փաթեթավորումներով, որոշակի ակցիաներով շեղել մարդկանց ուշադրությունը։ Ես կարծում եմ, որ այստեղ շահած է դուրս գալիս Ադրբեջանը, շահած է դուրս գալիս ՀՀ օրվա իշխանությունը, որ փորձում է կեղծ խաղաղության օրակարգի ներքո դրսից քաղաքական հենարան ապահովել։ Եվ դրա ամբողջ վնասն ու գինը վճարում է մեր երկիրը՝ իր ինքնիշխանությամբ, իր ազգային երկարաժամկետ կենսական շահերով։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.12.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031