Սյունիքում աղքատության մակարդակը ցածր է, միջին ամսական աշխատավարձը 343 հազար դրամ է, Երեւանում՝ 339 հազար։ 2025թ․ հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալներով Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում Սյունիքի մարզից 18 ընկերություն կա, որոնք միասին պետբյուջե են մուտքագրել 67,8 մլրդ դրամ։ 2024-ին արդյունաբերական արտադրանքի 14%-ն արտադրվել է Սյունիքում։
Այս տվյալներն է մեջբերում Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը՝ ավելացնելով, որ «2026-ը էլ ավելի լավ է լինելու»։
«Տարվա դրական անակնկալը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ծավալների մեծացումն էր, նաեւ Կապանի լեռնահարստացման կոմբինատի վերելքը։ Նրանք հայտնվեցին խոշոր հարկատուների առաջնային հորիզորականներում։ Սա խոսում է այն մասին, որ Սյունիքում արդեն կայունություն կա»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ռոբերտ Ղուկասյանը։
Մարզի համայնքների սեփական եկամուտները դեկտեմբերին կազմել են 4 միլիարդ 185 մլն դրամ՝ նախատեսված 4 միլիարդ 285 մլն դրամի փոխարեն։
Կարդացեք նաև
Սյունիքում ընթացքի մեջ է սուբվենցիոն 27 ծրագիր։ Դրանցից 21-ում պետության
մասնաբաժինը կազմել է 2 մլրդ 515 մլն դրամ։ Նախակրթարանների կառուցում, ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի վերանորոգում, ոռոգման ցանցերի արդիականացում՝ 2026թ-ին սրանք են նաեւ լինելու մարզպետի աշխատակազմի օրակարգում։ Ռոբերտ Ղուկասյանի համոզմամբ՝ տնտեսական կայունությանը նպաստել է նաեւ խաղաղության օրակարգը։
«Սիրելի՛ սյունեցիներ, տարեմուտին ընդառաջ շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր իրենց գործով ու նվիրումով նպաստել են մարզում կայունության, առաջընթացի եւ հանրային համերաշխության պահպանմանը։ Ի վերջո, բոլորիս նպատակը նույնն է՝ ուժեղ համայնքներ, բնակիչների բարեկեցիկ կյանք, աճող տնտեսություն եւ խաղաղ Սյունիք»,-իր մաղթանքում նշել է Ռոբերտ Ղուկասյանը։
Խաղաղություն ու միասնություն՝ սրանք է խնդրում մարզպետը 2026թ.-ից։
Ռոբերտ Ղուկասյանի շնորհավորանքը՝ տեսանյութում։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ


















































