Լրահոս
Օրվա լրահոսը

Ինտերակտիվ աշխատարաններ քրեակատարողական հիմնարկներում․ թեման այս անգամ ՄԻԱՎ-ն էր (ֆոտոշարք)

Հունվար 03,2026 14:17

Հայաստանում իրականացված տարբեր ուսումնասիրությունները պարզել են, որ ՄԻԱՎ-ի վերաբերյալ բնակչության մեծ մասի շրջանում իրազեկվածության մակարդակը դեռ ցածր է։ Արդյունքում, մասնավորապես, կալանավայրերում պատիժ կրող ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ դեռ ենթարկվում են խարանի եւ խտրականության։

Այս պահին Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց թիվը 32 է։ Նրանք բոլորն էլ ստանում են հակառետրովիրուսային բուժում։ Իրազեկվածության բարձրացման նպատակով, ինչպես նաեւ փոխելով հասարակության խտրական վերաբերմունքը՝ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հանդեպ, «Եվրասիական շարժում հանուն բանտերում առողջության իրավունքի» միջազգային կազմակերպության դրամաշնորհով «Հանուն Ազատության» ԻՀԿ-ն Հայաստանի 4 քրեակատարողական հիմնարկում իրականացրեց «ՄԻԱՎ-ը դատավճիռ չէ, այլ կյանքի շարունակություն» ծրագիրը։

Ինտերակտիվ դասընթաց-աշխատարանների ընթացքում պատիժ կրող կանանց ու «Աբովյան» ՔԿՀ-ի ծառայողներին՝ «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ի փորձագետ Սարգիս Ավետիսյանը ներկայացրեց ի՞նչ է ՄԻԱՎ-ն ու ՁԻԱՀ-ը, ինչպե՞ս է փոխանցվում, արդյոք բուժվո՞ւմ է ՄԻԱՎ-ը, ներկայացրեց հետկոնտակատային կանխարգելումը, ինչպես նաեւ անդրադարձավ ՄԻԱՎ-ի հակազդման ուղղությամբ կատարվող ազգային ու միջազգային ծրագրերին։

«Հանուն Ազատության» ԻՀԿ-ի նախագահ Իրինա Մանուկյանը պատմում է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում անազատության մեջ գտնվողների հետ հերթական հանդիպմանը, դատապարտյալներից մեկը նշեց, որ ՄԻԱՎ-ով ապրող անձանցից մեկին վաղաժամկետ ազատել են։ «Զարմացա՝ փորձեցի պարզել, որտեղից նման տեղեկատվություն, որ մարդը ՄԻԱՎ ունի, չէ որ դա բժշկական գաղտնիք է։ Պատասխանեց՝ որ տվյալ մարդն է հսկիչներին սպառնացել, որ եթե իր ուզածը չանեն, երակները կկտրի, ու արյունը կլցնի նրանք վրա, քանի որ ինքը ՍՊԻԴ է»,-ասաց Իրինա Մանուկյանը՝ ավելացնելով, որ ՄԻԱՎ-ի մասին ապատեղեկատվությունը կարող է վտանգել ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց։

Ընդհանուր առմամբ, վերապատրաստվել է 120 մարդ, որից 96-ը պատիժ կրող անձինք էին, իսկ 24-ը քրեակատարողական հիմնարկների աշխատակիցներ։

«Դասընթացները չնայած նախատեսված էր 80 րոպե, բայց ավելի երկար էին տեւում։ Պատիժ կրող անձինք շատ հարցեր ունեին։ Ավելին, «Արթիկ» ՔԿՀ-ում նախատեսված էր 1 դասընթաց՝ 20 անձի մասնակցությամբ, բայց մասնակիցների թիվը 32 էր»,-մեզ հետ զրույցում նշեց դասընթացավար Սարգիս Ավետիսյանը։

Նախապես դասընթացի ուսումնական մոդուլը հաստատվել էր Հայաստանի արդարադատության նախարարության «Իրավական կրթության եւ վերականգնողական ծրագրերի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։

Աշխատարանի մասնակիցներին տրվեցին նաեւ տեղեկատվական նյութեր։ Նշենք, որ ծրագիրը իրականացվում է Ռոբերտ Քարրի հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։

Իրազեկման աշխատարան-դասընթացներ կազմակերպվեցին «Աբովյան», «Արմավիր», «Սեւան», «Արթիկ» ՔԿՀ-ներում։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Լուսանկարները հրապարակվում են պատիժ կրող կանանց համաձայնությամբ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031