Լրահոս
Օրվա լրահոսը

Ամեն ռազմական գործողություն չէ, որ պատերազմ է․ ինչպե՞ս են ԱՄՆ նախագահները շրջանցում Կոնգրեսից թույլատվություն ստանալու կարգը

Հունվար 04,2026 11:25

Կոնգրեսի Ներկայացուցիչների տան դեմոկրատական անդամ Նենսի Փելոսիի կարծիքով՝ նախագահ Դոնալդ Թրամփի հրահանգով Վենեսուելա ԱՄՆ ներխուժումն ու նախագահ Նիկոլաս Մադուրոյի իշխանազրկումը անտեսում են երկրի օրենսդրությունը։

«Վենեսուելայում աթոռակալում է ոչ-օրինակարգ ռեժիմ, բայց վարչախումբը Ամերիկայի ազգային անվտանգության հրատապ սպառնալիքների մասին փաստեր չի ներկայացրել՝ հիմնավորելու համար ԱՄՆ ռազմական ուժի կիրառումը», – գրել է Փելոսին։

 

Թշնամական գործողություններ պետք է Կոնգրեսն արտոնի

Կոնգրեսի Ներկայացուցիչների տան նախկին խոսնակի կարծիքով՝ նախագահն այս քայլով անտեսել է պատերազմների արտոնմանը վերաբերող կոնգրեսական լիազորությունները։

ԱՄՆ Սահմանադրությունը, թեեւ նախագահին համարում է զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, սակայն նախագահական այդ լիազորությանը փոխզսպելու համար Կոնգրեսին է օժտում պատերազմ հայտարարելու բացառիկ իրավունքը։

«Կոնգրեսի եւ նախագահի պատերազմական լիազորությունների մասին» օրենքի համաձայն՝ գերագույն գլխավոր հրամանատարը կարող է զինված ուժերին ներքաշել թշնամական գործողությունների մեջ, եթե Կոնգրեսը պատերազմ հայտարարի կամ թույլատվություն արձակի։ Նախագահը կարող է այդ քայլին դիմել նաեւ արտակարգ դրության դեպքում, երբ հարձակում է կատարվում Միացյալ Նահանգների նկատմամբ։

 

Բայց բանը Կոնգրեսին միշտ չէ, որ հասնում է

ԱՄՆ նորագույն պատմության թե՛ հանրապետական, թե՛ դեմոկրատական նախագահները միջոցներ գտել են՝ շրջանցելու համար օրենքի պահանջը։ Եթե ամփոփ ձեւակերպենք տարբեր վարչախմբերի դիրքորոշումները՝ ամեն ռազմական գործողություն չէ, որ պատերազմ է։

Օրինակ, ըստ 2009-2017 թթ․ Օբամայի վարչախմբի, որի օրոք կատարվեց ԱՄՆ միջամտությունը Լիբիայում, պատերազմ կարելի է համարել «երկարատեւ եւ էական ռազմական գործողությունները, որոնք էական ռիսկեր են ներկայացնում ԱՄՆ զինծառայողներին՝ էական ժամանակահատվածում»։

Թրամփը թե՛ հանրապետական, թե՛ դեմոկրատական կոնգրեսականների կողմից քննադատության էր արժանացել նաեւ 2025-ի հունիսին, երբ միակողմանի որոշմամբ ԱՄՆ օդուժը հարձակումներ էր իրականացրել Իրանի Իսլամական Հանրապետությունում։

 

«Վենեսուելայում այսօրվա ռազմական գործողությունը որոշիչ եւ հիմնավորված գործողություն էր»․ խոսնակ Ջոնսոն

 

Ներկայացուցիչների տան խոսնակ Մայք Ջոնսոնն X-ի գրառմամբ տեղեկացրել է, որ Թրամփի վարչախումբը պատրաստվում է Կոնգրեսի անդամների համար բրիֆինգներ անցկացնել՝ Վենեսուելայում կատարված գործողության մանրամասներով։

Հանրապետականը գովերգել է ԱՄՆ զինուժի գործողությունները, այն հիմնավորված համարել։

«Վերջին ժամերին զրուցել եմ պետական քարտուղար Մարկո Ռուբիոյի եւ պատերազմի քարտուղար Փիթ Հեգսեթի հետ․․․

Վենեսուելայում այսօրվա ռազմական գործողությունը որոշիչ եւ հիմնավորված գործողություն էր, որը կփրկի ամերիկացիների կյանքեր», – գրել է Ջոնսոնը։

Նա Վաշինգտոնի գործողությունները հիմնավորել է՝ նշելով, որ «տարիներ ի վեր թրաֆիքինգի միջոցով մեր երկիր հասցնելով անօրինական թմրամիջոցներ եւ բռնի կարտելների անդամներ՝ Նիկոլաս Մադուրոն պատասխանատու է հարյուր հազարավոր ամերիկացիների մահերի համար»։

Ջոնսոնի խոսքով՝ «ԱՄՆ-ն այլեւս թույլ չի տալու հանցագործ ռեժիմներին մեր երկիրը քայքայելով եւ կործանելով շահույթ ստանալ»։

Այնուամենայնիվ, Թրամփի MAGA շրջանակից որոշ աջակիցներ, ներառյալ՝ հանրապետական փոքրաքանակ կոնգրեսականներ, հիասթափված են, կարծում են՝ հենց այսպիսի քայլերից խուսափելու համար էր ամերիկացին ձայն տվել Թրամփին։

 

Նավթի գործոնը

Իհարկե, թեեւ Վաշինգտոնի փաթեթավորմամբ՝ Մադուրոյի ձերբակալումը զուտ իրավական բնույթ է կրում, Լատինական Ամերիկայի փորձագետները փաստում են՝ հարեւան այլ երկրներից ԱՄՆ ներհոսող թմրամիջոցների ծավալն ավելի խոշոր է։

Վենեսուելայի չարդյունահանված նավթը, ոսկին եւ հազվագյուտ մետաղները շարժառի՞թ են հանդիսացել ներխուժման համար։

«Ինչպես տեղյակ են բոլորը, Վենեսուելայում նավթի բիզնեսը կիսատ է եղել, ամբողջովին կիսատ երկար ժամանակ։ Արդյունահանում էին գրեթե ոչինչ, եթե համեմատության մեջ դնենք այն քանակի հետ, թե որքան կարող էին արդյունահանել», – շաբաթ օրն ասել է Թրամփը՝ ըստ էության հասկացնելով, որ Մադուրոյին իշխանազրկելու շարժառիթներից մեկն էլ հենց նավթն էր եւ ոչ միայն ենթադրաբար Վենեսուելայից ԱՄՆ ներհոսող թմրամիջոցները։

«Նավթի շատ մեծ ԱՄՆ ընկերությունները, որոնք աշխարհում մեծագույն ընկերություններն են, գնալու են, միլիարդավոր դոլարներ են ծախսելու, ուղղելու են անսարք ենթակառուցվածքները՝ նավթի ենթակառուցվածքները եւ երկրի համար սկսելու են գումար ստեղծել», – ասել է նախագահը։

 

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031