Լրահոս
Օրվա լրահոսը

Արվեստագետը տարիք չունի

Հունվար 04,2026 16:55

14-րդ դարից ի վեր ճապոնական մշակույթում կա եզակի ու բացառիկ մի հասկացություն՝ իկիգայ, որ բառացի թարգմանվում է՝ «այն, հանուն որի իմաստ ունի ապրել», առավել կարճ՝ ապրելու իմաստ: Իկիգայը կյանքում նպատակ ունենալն է, որը ենթադրում է արժանի և արժանավայել գոյություն: Իկիգայը մոտիվացիա է, բարեկեցության վիճակ, երկարակեցության աղբյուր և ասոցացվում է կատարելության զգացողության հետ: Օկինավայի մշակույթում այն ընկալվում է որպես «առավոտյան արթնանալու պատճառ», այն է՝ ժամանակակից լեզվով ասած «թվայնացնել» նպատակդ և ուղղությունդ:

Կինոն ու թատրոնը, որպես առաքելություն, Նրա իկիգայն են. «Ստեղծագործում եմ, հետևաբար գոյություն ունեմ՝ Creo, ergo sum».

Կինոյի տան մեծ դահլիճում 2025-ի դեկտեմբրի 26-ին կինոյի ականավոր գործիչ Վիգեն Չալդրանյանը սեփական նախաձեռնությամբ նշեց իր 120–ամյակը՝ ծննդյան 70 և ստեղծագործական ուղու 50-ամյակը: Հոբելյանական երեկոներ կան, որոնք անջնջելի հետք են թողնում, որոնց մասին երկար խոսում ու պատմում են, որովհետև արարողակարգային չեն, ձանձրալի չեն, սահմանափակումներ չկան, տիրում է ջերմ ու անկաշկանդ մթնոլորտ:

Հոբելյանական երեկոն տոն էր նաև հրավիրյալների համար՝ լի անակնալներով: Արվեստագետը նշում էր նաև իր վերջին երկու՝ «Իրականություն որոնելիս» և «Նկարված, չնկարված ֆիլմեր» գրքերի գինեձոնը: Տարիներ շարունակ ավանդույթի ուժով Վիգեն Չալդրանյանը իր ծննդյան օրը ինքն է նվերներ բաժանում: Գրքերի տպաքանակի մի մասը պատահականության սկզբունքով հեղինակն ընծայեց դահլիճում ներկա իր երկրպագուներին:

Անակնկալ էր պատրաստել նաև Հայաստանի կինոգործիչների միությունը. նախագահ Հարություն Խաչատրյանը Վիգեն Չալդրանյանին պարգևատրեց «ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՍՊԵՏ» մեդալով՝ կինոարվեստում մեծ վաստակի և ներդրման համար: Ուրախալի էր իմանալ, որ մեկ շաբաթ առաջ Վիգեն Չալդրանյանն արժանացավ «ԱԶԳԱՅԻՆ ԸՆՏՐԱՆԻ» շքանշանի կինեմատոգրաֆիայում անուրանալի ավանդի համար:

Սույն շքանշանին արժանացան նաև Արտավազդ Փելեշյանը, Տիգրան Մանսուրյանն ու Միքայել Պողոսյանը, ինչպես նաև սպորտի ասպարեզում օլիմպիական չեմպիոններ Օգսեն Միրզոյանը, Մնացական Իսկանդարյանը, Արսեն Գալստյանը, Հրաչյա Պետրոսյանը:

Իսկ էկրանին ռեժիսոր Քրիս Մարտիրոսյանի «Մոտոր… Ստոպ…՝ ըստ Վիգեն Չալդրանյանի» երեսունրոպեանոց վավերագրական ֆիլմը հոբելյարի մաքառումների, մտորումների, արարման խորհրդի մասին էր: Էկրանից իրենց բարձր գնահատականը ռեժիսորին ուղղեցին մեծանուն արվեստագետներ Սոս Սարգսյանը, Արտավազդ Փելեշյանը, Հենրիկ Իգիթյանը: Հաճելի էր նաև լսել հոգևոր դասի խոսքը՝ ի դեմս Տեր Շահե քահանա Հայրապետյանի: Ինչպես կյանքում, այնպես էլ կինոյում Վիգեն Չալդրանյանը կարևորում է շարժումն ու տեսիլքը՝ հատկապես ազգային տեսիլքը: «Կյանքի ստոպը լավ բան չէ, բայց կինոյում լավ է: Թո՛ղ որ մեր կյանքում միշտ «մոտոր» լինի, «ստոպ» հրահանգը լինի միայն կինոյում»,- ասում է կինոբեմադրիչը «Հայլուրի» լրագրողին:

Երեկոն հոբելյանական էր նաև Վիգեն Չալդրանյանի առաջին գեղարվեստական կինոնկարի համար. «Ապրիլ» ֆիլմը բոլորեց իր քառասունամյակը: «Ապրիլը» երբեք չի կորցնում իր արդիականությունը առավել ևս մեր օրերում: Հայոց ցեղասպանության հիշողության փոխանցման արտացոլումը ֆիլմում գեղարվեստական խորհրդանիշների լեզվով հայի և հայկականության արդարության պահանջն է: «Թո՛ղ անցնեն հարյուրավոր տարիներ, հայերը միշտ իրենց պատուհանից պիտի նայեն Արարատին և պիտի խաչակնքեն ու ասեն՝ Դու մեր պարծանքն ես, դու մեր պապերի հիշողությունն ես, և որևէ մեկը չի կարող արգելել մեզ ապրել մեր պատմական Հայաստանով, մեր տեսիլքով, մեր ազգային ծրագրով: Եթե ազգին զրկում ես իր տեսիլքից, իր գաղափարից, իր երազանքից, այն վեր է ածվում սպառողի»,- շեշտում է կինոբեմադրիչը:

Ուշագրավ էր Վիգեն Չալդրանյանի գրքերի խմբագիր Սահականուշ Սահակյանի կարճ և հակիրճ խոսքը, որի բանալի եզրույթը «գիրք» բառն էր: Նրա խոսքը թղթին եմ հանձնում ամբողջությամբ, քանզի այն պարունակում է նաև զգայուն ու նուրբ ենթաշերտեր՝ որպես ժամանակի արձագանք.

«Կարծում եմ՝ ժամանակի չափման միավորը նաև իրադարձությունն է և այդ իրադարձության հանդեպ մեր վերաբերմունքը: Իրադարձություն է յուրաքանչյուր գրքի լույսընծայում՝ որպես մեծ հարստություն, որպես կարևոր քայլ մեր հոգեմտավոր ժառանգության համալրման ճանապարհին: Գիրքը շարունակում է ապրել սեփական կյանքով և արտահայտել գաղափարներ ու իմաստներ, որոնց մասին հեղինակը մինչև վերջ չի գիտակցել: Իսկ գիրքը լավն է, երբ բացում ես ակնկալելով ու փակում՝ հարստացած:

Տիար Չալդրանյան, թույլ տվեք անկեղծ երախտագիտությունս հայտնել Ձեզ արդեն հինգերորդ անգամ խմբագրի պատմուճանը կրելու բերկրանքը պարգևելու համար՝ իբրև փոքր-ինչ սփոփանք վերջին տարիներին երկիրը պատուհասած անսփոփ ողբերգական դրվագների, ծանր փորձությունների, բարդ ու լրջագույն, արտաքին ու ներքին բազում անվտանգային մարտահրավերների, ծայրահեղ վտանգավոր գործընթացների, մարդկային և տարածքային անդառնալի կորուստների հետնապատկերին: Վերքերը դեռ թարմ են ու չեն սպիացել:

«Իրենց գործերից կճանաչեք նրանց», հստակ գրված է Մատթեոսի Ավետարանում: Ճշմարտությունը պարտավորեցնում է խոստովանել, որ Չալդրանյան-ռեժիսորին կարելի է մեծապես ճանաչել ու բացահայտել նաև իր գրքերի շնորհիվ, որոնք նրա ներքին արժեքաբանության արտացոլումն են: «Իրականություն որոնելիս» և «Նկարված, չնկարված ֆիլմեր» գրքերը բովանդակային խորությամբ նախատեսված են դանդաղ ընթերցանության համար: Առաջին ժողովածուն տասը պատմություն է՝ խարսխված հեղինակի կենսափորձի վրա. գեղարվեստական համայնապատկերի մեջ տասը «կղզիները» մեկուսի են, միևնույն ժամանակ՝ միաձուլված անտեսանելի թելերով, շաղախված ներհուն լույսով:

Հեղինակի արձակի չափման միավորը բազմաչափությունն է, պատկերների լեզուն՝ համամարդկային, ցավը՝ ազգային, պոռթկումը՝ ազնիվ, արմատները՝ հզոր, երազանքը՝ լուսե։ Երկրորդ ժողովածուն կինոյի և գրականության յուրօրինակ հանդիպում է, շփման ներդաշնակ ընթացք, խաղաղ փոխներթափանցում. Չալդրանյան-ռեժիսորի վերջին երեք ֆիլմերի սցենարների կողքին տեղ են գտել «Անքնություն» պատմվածքը, «Ձայն Լռության կամ Վեցերորդ պատվիրանը» պիեսը, «Միայնակ գայլը» վիպակը և «Օթելլոն այլևս զբաղմունք չունի» կինոսցենարը՝ ձևավորելով ժողովածուի բազմաժանրությունը: Բազմաշխատ արվեստագետի երախտարժան գործը սերունդների սեփականությունն է:

Իսկ Վիգեն Չալդրանյան-հեղինակին կարելի է առավել լակոնիկ բնորոշել՝ կենդանի մարդ-գիրք՝ անխառն ինքնությամբ, ասպետական ոգով, խորախորհուրդ, ռացիոնալ և էմոցիոնալ, բազմանիստ ու անսպառ: Ասում են՝ Բարեկիրթ մարդը ձայնը չի բարձրացնում, նա բարձրացնում է իր գրքերը: Իսկ միակ բանը, որ կարող է փոխարինել գրքին, հաջորդ գիրքն է: Հուսամ՝ հաջորդ գրքի գինեձոնն այնտեղ, որտեղ Գանձասարն է, Դադիվանքը, Ամարասը… Բարեգութ Բարձրյալի օրհնությամբ: «Տէր, եթե զշրթունս իմ բանաս, բերան իմ երգեսցէ զօրհնութիւնս Քո»: Սաղմոս 51:15 Շնորհակալություն բոլորիդ ու յուրաքանչյուրիդ:»

Հավարտ երեկոյի՝ հյուրասիրության սրահում գրքերի մեկական օրինակ ցողվեցին հայկական անապակ կարմիր գինով, որոնք հետագայում հեղինակի մակագրությամբ պահ կտրվեն գրականության և արվեստի թանգարանում:

Մաղթենք Վիգեն Չալդրանյանին արևշատություն և ամուր առողջություն, որպեսզի իսկապես 70-ը դարձնի 120` հաղթահարելու ապագա ֆիլմերի դժվարին ճանապարհը:

 

ՆԺԴԵՀԱՆՈՒՇ ՍՅՈՒՆԵՑԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031